Ահաբեկչությունը եւ երեխաները Նյու Յորքում եւ Վաշինգթոնում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ահաբեկչությունը հազարավոր կյանքեր խլեց ու ի չիք դարձրեց հազարավոր կազմակերպությունների նախատեսած ու ծրագրած միջոցառումներն ու իրադարձությունները։ Մասնավորաբար, չի կայանա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երեխաներին նվիրված հատուկ նստաշրջանը, որ նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 19-21-ը։ ՄԱԿ-ի այլ ծրագրեր էլ են ձախողվել ու դեռեւս պարզ չէ, թե երբ կիրականանան։ Մինչդեռ երեխաներին նվիրված հատուկ նստաշրջանին երկրները պատրաստվում էին դեռ ապրիլից, երբ ողջ աշխարհում ընթացքի մեջ էր «Հանուն երեխաների» համաշխարհային շարժումը եւ ցանկացած երկրի ցանկացած քաղաքացի հնարավորություն ուներ երեխաների շահերից բխող պատգամ հղել երկրների ղեկավարներին։ Պատգամները 10-ն էին, բայց վերջին օրերի իրադարձություններից հետո առավել արդիական է թերեւս այս մեկը. «Պաշտպանեք երեխաներին զինված բախումներից»։ Իսկ ահա ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տվյալներով եւ ըստ «Հանուն երեխաների» համաշխարհային շարժման ինտերնետային էջի, հողագնդի բնակչությունը այլ խնդիր է կարեւորում։ Այսպես. շաբաթավերջի տվյալներով, Երկիր մոլորակի 6 միլիարդից ավելի քաղաքացիների մեկ տոկոսից էլ պակաս մասն է միացել «Հանուն երեխաների» համաշխարհային շարժմանը՝ 22.766187 մարդ։ Վերջիններիս մեծ մասն էլ կարեւորել է յուրաքանչյուր երեխային կրթելու եւ աղքատացման վերացման ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը։ Իսկ զինված բախումներից պաշտպանությունը կարեւորել է միայն 8,7%-ը։ ԱՄՆ-ում 12.655 քաղաքացի է միացել Շարժմանը։ Ամերիկացիների մեծ մասը եւս հրատապ է համարում «Կրթեք յուրաքանչյուր երեխայի» եւ «Ընդդեմ աղքատության. ներդրումներ երեխաների համար» խնդիրները։ Նրանց միայն 2,8%-ն է ենթադրում, որ զինված բախումներից պաշտպանությունը առավել կարեւոր է։ Աֆղանստանում, Պակիստանում ու Իրաքում եւս առաջնային են համարվում կրթությունն ու աղքատության վերացումը, իսկ զինված բախումներից պաշտպանությունը 2-3-րդական կարգի խնդիր է։ Ավելի քան 260 միլիոն բնակիչ ունեցող Ռուսաստանում հազիվ 259 մարդ է միացել Շարժմանը ու զինված բախումներից պաշտպանությունը երկրորդական համարելով՝ առաջնությունը տվել է աղքատության վերացմանը։ Զինված բախումներից երեխաներին պաշտպանելը ամենակարեւոր խնդիրն է Ադրբեջանի 591.278 քաղաքացիների 17%-ի կարծիքով։ Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում եւ Վրաստանում այս խնդիրը 4-5-րդական կարգի է։ «Հանուն երեխաների» համաշխարհային շարժմանը մասնակիցների թվով Անդրկովկասի 3 հանրապետությունների մեջ Հայաստանը պատվավոր… երրորդ տեղում է։ Բայց չարժե հուսահատվել։ Տարածաշրջանում մենք լավագույն տասնյակում ենք։ Եվ հետո, Ռուսաստանում Շարժումը համակարգվում էր նաեւ փոխվարչապետի մակարդակով։ Մեզ մոտ՝ միայն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի։ Ի դեպ, երեխաներին նվիրված հատուկ նստաշրջանին մասնակցելու էին ավելի քան 150 երկիր, որոնցից միայն 70-ն էին խոստացել ներկայանալ երկրի ղեկավարի մակարդակով։ Ըստ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Հայաստանի պատվիրակությունը ղեկավարելու էր առողջապահության նախարարը, ըստ մեր ԱԳՆ-ի՝ արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների վարչության աշխատակիցը։ Նստաշրջանի հետաձգումը մեր պաշտոնյաներին մտածելու ժամանակ կտա, եւ նրանք թերեւս հրաժարվեն մեկ երկրի պատվիրակության ձեւավորման հարցում համանախագահության սկզբունքը կիրառելուց։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ