ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ «Ոնց որ մի կտոր սեւ հաց տան ու ասեն՝ նյույորքյան շքեղ ռեստորաններում պիցցա են մատուցում, էս էլ դրանից մի կտոր»։ Հայհամակարգիչ կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Մխիթարյանն այս համեմատությունն արեց «ԱրմենՏելի» ապահոված ինտերնետ կապի որակի առիթով։ Նրա պնդմամբ, «ԱրմենՏելն» ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմանը խոչընդոտում է՝ պարզապես չկատարելով իր պարտականությունները, չտրամադրելով այն ծառայությունները, որոնք անհրաժեշտ են ոլորտի զարգացման համար։ Բայց, պրն Մխիթարյանի համոզմամբ, «ԱրմենՏելը» չէր կարող այդպես վարվել, եթե ոլորտը վերահսկող օղակներն իրականացնեին իրենց վերապահված լիազորությունները։ Այսինքն, պետք էր ընկերությանը կոնկրետ պարտավորությունների չկատարման մասով զրկել մենաշնորհից, մանավանդ որ դրա նախադեպը կա՝ 1998թ. արբանյակային անմիջական հեռախոսակապ չտրամադրելու համար։ Ըստ Վ. Մխիթարյանի, եթե նույն հետեւողականությունը դրսեւորվեր ինտերնետի հարցում, կապի որակն արդեն ապահոված կլիներ։ Իսկ «ԱրմենՏելի» պարտավորությունների կատարումը «ձեռնտու չէր ոչ մեկին, որովհետեւ ցանկացած խախտում ինչ-որ մարդկանց համար ինչ-որ խնդիրների լուծման հնարավորություն է»։ Իսկ այն, որ Վրաստանն է Հայաստանին Ռուսաստանի հետ կապուղիներ առաջարկում, ոչ թե հակառակը, այն բանի վկայությունն է, որ ամենեւին էլ չենք կարող լիարժեքորեն խոսել այս ոլորտի մասին՝ որպես տնտեսության գերակա ճյուղի։ Մինչդեռ, «մենք առաջինն էինք, որ գործարկեցինք օպտիկական ցանց կապուղին»։ Իսկ եթե այսօր Վրաստանը մեզ առաջարկում է, նշանակում է այդ երկիրն ունի այդ հնարավորությունը, մենք՝ ոչ։ «Բայց ցավն այն է, որ սրանից էլ չենք կարող օգտվել, որովհետեւ մինչեւ Վրաստան կապուղին նույնպես չի տրամադրվում»։ Ըստ Հայհամակարգիչ կենտրոնի տնօրենի, սա անփութության հետեւանք չէ, մանավանդ, այս մասշտաբներով. «Չէ՞ որ այս ամենն այսօր չի հայտնաբերվել, դրա մասին պարբերաբար, 3 տարի անընդհատ, զեկուցվել է։ Մինչդեռ փոքրիկ ցանկությունն անգամ բավական էր խնդիրը շտկելու համար՝ եթե լիներ վերահսկող ու այդ գործին հետամուտ որեւէ մարմին, փոխանակ հանձնաժողովներ, անարդյունք վերահսկիչ-վերստուգող ծառայությունների վրա ժամանակ կորցնելու՝ կզբաղվեր կոնկրետ գործով»։ Վ. Մխիթարյանի համոզմամբ, այդ հանձնաժողովների նիստերը ինչքան երկար տեւեն, «ԱրմենՏելն» այնքան երկար կշարունակի իր այս գործունեությունը, ներդրումներ չի անի, ծառայություններ չի տրամադրի եւ կպահպանի մենաշնորհը։ Սա, բնականաբար, էժան չի նստում ոչ երկրի, ոչ էլ առանձին տնտեսվարողների վրա։ «Նախ, առկա է բարոյական ճնշումը եւ հետո, երբ Հայաստանից դուրս ես գալիս, տեսնում տեխնոլոգիական հագեցվածությունը… Այսօր, կոմունիկացիոն շրջափակման այս պայմաններում, վիճակը շատ ավելի վատ է, քան 1993թ., երբ էլեկտրական հոսանք չկար։ Նույնիսկ այդ ժամանակ, Հայաստանում Ինտերնետի կամ կոմունիկացիաների զարգացվածությունն ավելի բարձր էր, քան տարածաշրջանի, կամ աշխարհի շատ երկրներում։ Մենք ռեգրես ենք ապրել»։ Վ. Մխիթարյանի խոսքերով՝ «թողտվության պայմաններում է, որ «ԱրմենՏելն» էլ ավելի լկտի քայլերի է դիմում. նամակ է հղել ընկերությանը, առաջարկելով՝ եկեք, ես ձեր փողը հետ կտամ, բայց ծառայությունը չեմ տա»։ Բա ինչո՞ւ չեք վերահսկող մարմնին դիմում։ «Դիմեմ, որ իմ հանդեպ ավելի՞ վատ բաներ կատարվեն։ Ավելի շուտ դատարան կդիմեմ։ Միեւնույն է, «ԱրմենՏելը» ոչ մի բացատրություն չի տալիս»։ «ԱրմենՏելին» ուղղված արդյոք ճի՞շտ է առանց հիմնավորման Հայհամակարգչին գումարը հետ վերադարձնելու ծառայությունների մատուցումից հրաժարվելու Վ. Մխիթարյանի պնդումը, լրատվական բաժնի միջոցով կոմերցիոն տնօրենը փոխանցեց, որ ինքը տեղյակ չէ դրանից, բայց կպարզի եւ հետո կհայտնի։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ