«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ» Ասում է պաշտպանության նախկին նախարարը ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ գնահատելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված վերջին ռազմական պայմանագրերը, նկատեց, որ ստորագրված պայմանագրերն իրականում ավելին չէին, քան ընդամենը ռուսական կողմի անվտանգության ավելի բարձր որակի երաշխավորություն։ Ըստ պայմանագրերից մեկի, Հայոց բանակում պետք է ստեղծվի խորհրդականների ապարատ։ Ըստ նախկին նախարարի. «Այդ կարգի ապարատներ ստեղծվում են այն պետություններում, որտեղ բանակը կայացած չի։ Օրինակ, Եմեն-ում, Ալժիրում։ Իսկ հաղթանակած, կայացած բանակի համար նման ապարատի ստեղծումն առնվազն անհասկանալի է։ Միանշանակ, բանակը պետք է կապված լինի Անվտանգության խորհրդի պայմանագրի հետ, բայց խորհրդականի ապարատի ստեղծումը մեր բանակին պետք չէ։ Սա կատարվում է տնտեսական նկատառումներով։ Ռուսաստանը, կարեւորելով Հայաստանի դիրքը եւ տեսնելով այս քաղաքականությունը, որ տարվում է Քոչարյանի կողմից, ստիպված գնում է այն քայլերին, որոնք կապահովեն իր շահերը այս տարածաշրջանում։ Այսինքն, չի վստահում մեր երկրի այսօրվա վարվող քաղաքականությանը եւ ուժեղացնում է իր ապահովությունը»։ Ըստ Վաղարշակ Հարությունյանի, այդ անվստահությունը նաեւ նրանից է, որ Հայաստանը զբաղված է կարեւոր ստրատեգիական նշանակության օբյեկտների վաճառքով. «Մենք վաճառում ենք Արեւմուտքին, իսկ Ռուսաստանում հարց է առաջանում՝ ո՞ւմ հետ ենք մենք։ Իսկ սա բերում է այն բանին, որ մի մասը ծախվելու է Ռուսաստանին, մի մասը Արեւմուտքին։ Մենք ստեղծում ենք շահերի բախումներ, իսկ դա կվնասի Հայաստանի կայունությանը»։ Մ. Ե.