Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՍՏՈՒՐՄԱՆ ՉՕԳՆԵՑ

Սեպտեմբեր 18,2001 00:00

ԲԱՍՏՈՒՐՄԱՆ ՉՕԳՆԵՑ «Ըստ միջազգային իրավունքի նորմերի, միանշանակ է, որ Հայաստանը գրավել է Լեռնային Ղարաբաղի տարածքը»,- հայտարարել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար լորդ Ռասել Ջոնսթոնը Ադրբեջանի խորհրդարանականների հետ հանդիպմանը: ԵԽԽՎ-ի քարտուղարը հայտնել է, որ, ըստ իր ունեցած տվյալների, «Հայաստանը օգտագործում է Լեռնային Ղարաբաղի գրավված տարածքը թմրանյութերի տեղափոխման համար»: Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին Եվրախորհրդի մասնակցության մասին, նա նշել է, որ տվյալ կազմակերպությունը ընդամենը կարող է օգնություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ կատարել դիտորդի դերը: Նրա խոսքերով, դեռ 1997 թվին կողմերը կարող էին հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն մի քանի հարցերի շուրջ, այդ թվում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության վերաբերյալ, պայմանավորվածության չհասնելու պատճառով կարգավորումը չկայացավ: «Մեդիամաքս» գործակալության այս հաղորդագրությունը ամենաճշգրիտ եւ սպառիչ փորձագիտական եզրակացությունն է մեր արտաքին քաղաքականության արդյունավետության վերաբերյալ: Արդեն խոսվել է նախագահի եւ արտգործնախարարի ինքնահավան կեցվածքի մասին, երբ նրանք ժամանակ առ ժամանակ գլուխ են գովում, իբր «սրբագրել են» նախորդների սխալ եւ պարտվողական դիվանագիտությունը: Հավանաբար, ոչ ոք չի հերքի, որ երբեք` նույնիսկ այն ժամանակ, երբ ղարաբաղյան զորքերը շրջաններ էին գրավում, Արեւմուտքի գնահատականները այնքան կոշտ ու միանշանակ չէին: Իսկ թմրաբիզնեսին մասնակցելու ուղղակի մեղադրանքներն ընդհանրապես աննախադեպ են եւ, կարծես թե, երբեւէ չեն հնչել պետությունների հասցեին: Այդ մեղադրանքները Հայաստանի հասցեին առավել տհաճ են եւ վտանգավոր, երբ աշխարհում ալիք է բարձրացել ահաբեկչության դեմ: Այն, որ լորդ Ռասել Ջոնսթոնը ամբողջությամբ կիսում է ադրբեջանական դիրքորոշումը, վկայում է մեր դիվանագիտական լուրջ պարտության մասին: Դրա համար պատասխանատվության իրենց (թեեւ փոքր) բաժինն ունեն մեր ԱԺ պատգամավորները` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակները: Ոչ մի բան չկարողանալով հակադրել իրենց ադրբեջանական գործընկերների համակարգված աշխատանքին, նրանք լավագույն դեպքում դիվանագիտությունը պատկերացնում են բաստուրմա եւ կոնյակ հրամցնելու մեջ: Ստրասբուրգ կատարած իրենց հերթական տուրիստական ճանապարհորդությունից հետո այդ պատգամավորները բոլոր հեռուստաալիքներով պատմում են իրենց հերոսական գործունեության մասին: Ո՞վ կհավատա այդ հեքիաթներին: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել