Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ԱԱՊՎ նախկին պետ, գեներալ-մայոր Էդուարդ Սիմոնյանցի, ԼՂ հակամարտության հիմքում իրականում ընկած է ո

Սեպտեմբեր 18,2001 00:00

Պետք է մշակել ԼՂ լուծման ռազմավարություն Ըստ ԱԱՊՎ նախկին պետ, գեներալ-մայոր Էդուարդ Սիմոնյանցի, ԼՂ հակամարտության հիմքում իրականում ընկած է ոչ այլ ինչ, քան՝ Ղարաբաղը հայերից մաքրելու թուրքական այն նույն քաղաքականությունը, որը ժամանակին հաջողությամբ կիրառվել է Նախիջեւանի դեպքում: Պարոն Սիմոնյանցի պնդմամբ՝ «Ղարաբաղում այդ խնդիրը լուծվել է միայն մասամբ, քանի որ մեծ է եղել դիմադրությունը եւ ղարաբաղցիների ադապտացիայի ենթարկվելու ընդունակությունը, ինչը, վաղ թե ուշ, պետք է հանգեցներ կամ հայերի լիակատար տեղահանմանը, կամ ազատագրական շարժման պայթյունին, որը ժամանակակից տերմինաբանությամբ կոչվում է հակամարտություն»: Գեներալ-մայորի կարծիքով, հասարակության գիտակցության մեջ վտանգավոր միտում կա, թե հակամարտությունը պետք է լուծվի կամ բանակցությունների, կամ նոր պատերազմի վերսկսման միջոցով: Մինչդեռ, եթե հակամարտության կարգավորումը չտեղավորվի հայկական հարցի տրամաբանության մեջ, ապա ԼՂ հիմնախնդրի փոխզիջումային լուծումը ապագա սերունդների համար ական կհանդիսանա: Պարոն Սիմոնյանցն այդ վտանգը չեզոքացնելու միակ հնարավորությունը տեսնում է հակամարտության լուծման պետական ռազմավարության մշակման մեջ. «Առանց դրա, հակամարտության կարգավորումը, լավագույն դեպքում, ռեֆլեկտորային կլինի եւ կարող է ենթարկվել ինչպես կոնյունկտուրային, այնպես էլ՝ գավառական պատկերացումներին ու այսրոպեական շահին: Ընդ որում, այդ պարագայում դժվար կլինի տարբերակել իշխանության շահը ժողովրդի եւ պետության շահից»: ԱԱՊՎ նախկին պետի դիտարկմամբ, Հայաստանի արտաքին ամորֆ քաղաքականության բացասական արդյունքներից մեկն էլ այն է, որ այսօր Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտից վերածվել է օբյեկտի: «Այսօր, ըստ էության, Հայաստանը բանակցություններում հանդես է գալիս նույնիսկ ոչ թե կողմ, այլ՝ ընդամենը դրա մասնակից: Դառնալով միջազգային իրավունքի օբյեկտ, Հայաստանը հեշտ է ենթարկվում արտաքին ուժերի ազդեցություններին: Որքան էլ ցավալի է դրա մասին խոսել, այդուհանդերձ, այդ մանիպուլյացիան վերջին շրջանում ուղեկցվում է իրենց շահերը հետապնդող շատ երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի նկատմամբ անթաքույց արհամարհական վերաբերմունքով, որոնք ստորացուցիչ են հայ ժողովրդի եւ պետականության համար»,- ասաց պարոն Սիմոնյանցը՝ իբրեւ օրինակ բերելով ԵԽ ԽՎ նախագահ լորդ Ջոնսթոնի՝ Երեւանում արած հայտարարությունները: Էդ. Սիմոնյանցն արձանագրեց, որ այսօր Հայաստանին ուժով պարտադրվում է հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիր: Ընդ որում, ըստ նրա. «Գերտերությունների համար ԼՂ թնջուկն ինքնըստինքյան, ինչպես Ղարաբաղն ու Հայաստանը, շատ քիչ հետաքրքրություն է ներկայացնում: Դրա կարեւորությունը նրանց համար պայմանավորված է միայն նրանով, որ հակամարտությունն օգտագործվում է իբրեւ լծակ՝ առաջին հերթին Հայաստանի վրա ազդելու համար եւ իբրեւ առիթ՝ տարածաշրջանն ու դրանով անցնող Կասպիցից ու Միջին Ասիայից էներգակիրների տեղափոխման համար անհրաժեշտ հաղորդակցական ուղիները վերահսկողության տակ պահելու համար: Էդ.Սիմոնյանցը շեշտեց, թե Արեւմուտքի եւ Ռուսաստան-Իրան կողմերի տարաձայնությունների խորացումն էլ Հայաստանի համար կարող է վտանգավոր լինել այնքանով, որքանով, վերջիններս դրանք կարող ենք լուծել յուրովի՝ զոհաբերելով Հայաստանի նույնիսկ նվազագույն շահերը»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել