ԴԱՏԱՐԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԱԺ Նաիրի Բադալյանը դիմել էր «Հոկտեմբերի 27»-ի գործով ԱԺ հանձնաժողովին՝ հայցելով օժանդակություն իր դեմ «զրպարտչական ցուցմունք տվողների եւ ինձ խոշտանգողների պատժման, իմ ապօրինի ձերբակալության, դրա հետեւանքով իրականացված խոշտանգումների արդյունքում առաջացած առողջական խնդիրների լուծման» գործում։ Որպես իր դեմ տրված զրպարտչական ցուցմունք եւ իր ձերբակալման ապօրինության ապացույց, նա մատնանշեց այս մեկը. «Նոյեմբերի 1-ի դրությամբ ես ձերբակալվեցի Վիկտորյա Աբրահամյանի այն ցուցմունքի հիմքի վրա, ըստ որի, երբ ահաբեկիչները մտան դահլիճ՝ ես մտել եմ դահլիճ եւ կազմակերպել լրագրողների ելքը նիստերի դահլիճից»։ Համեմատեք սա նրա հետ, ինչ իրականում ասել էր 1999 թ. հոկտեմբերի 31172ի հարցաքննության ընթացքում «Ա1+» հեռուստաընկերության թղթակից Վիկտորյա Աբրահամյանը. «Լրագրողներից մենք, Աննա Իսրայելյանը, Ռուզաննա Խաչատրյանը դուրս եկանք դահլիճից եւ գնացինք ԱԺ գրադարան, որտեղից զանգահարեցինք մեր ԶԼՄ-ներին եւ պատմեցինք եղածը։ Դահլիճում էին նաեւ Նարինե Դիլբարյանը, Նաիրի Բադալյանը եւ եւս մի քանի լրագրողներ, սակայն նրանք ուր գնացին՝ չգիտեմ»։ Թերեւս ակնհայտ է, որ Վիկտորյա Աբրահամյանը որեւէ կերպ Նաիրի Բադալյանին չէր առանձնացրել այլ լրագրողներից, ուղղակի քիչ անց նշել էր. «Նաիրի Բադալյանը մեզ ասաց. «Երեխեք, դուրս եկեք»։ Այդ ժամանակ մարդասպանները քննարկում էին՝ մեզ դուրս թողնե՞ն, թե՞ ոչ»։ 1999 թ. դեկտեմբերի 22-ին Նաիրի Բադալյանի հետ առերեսման ժամանակ Վիկտորյա Աբրահամյանը պարզաբանել էր. «Ինձ թվաց, որ նա ուզում էր օգնել, որ մենք՝ լրագրողներս դուրս գայինք, որն իմ տպավորությունն էր»։ Նաեւ նշել էր, թե Բադալյանն ահաբեկիչներից որեւէ մեկի հետ չէր եւ ինքը կասկած չունի, թե նա կարող է կապ ունենալ այդ խմբի հետ։ Կարծում ենք, դարձյալ ակնհայտ է զրպարտելու որեւէ միտումի բացակայությունը։ Վիկտորյա Աբրահամյանի ցուցմունքը հակասում է Նաիրի Բադալյանի ցուցմունքներին միայն այն մասով, որ վերջինս պնդել է, թե դահլիճում չի եղել ո՛չ կրակոցներից առաջ, ո՛չ դրանց ընթացքում, ո՛չ էլ հետո։ Սակայն Նաիրի Բադալյանի ասածներին հակասում են նաեւ Դավիթ Վարդանյանի, Հրայր Թովմասյանի, Վարդան Պողոսյանի, լրագրողներ Արմեն Զաքարյանի, Վահան Վարդանյանի եւ այլոց ցուցմունքները։ Սրանք այն մասով, ինչ վերաբերում է կրակոցներից հետո Նաիրի Բադալյանի գործողություններին։ Իսկ թե ինչ էր արել նա մինչեւ կրակոցները՝ առիթ ունեցել ենք մեջբերումներով հիմնավորելու, որ այդ մասին Նաիրի Բադալյանի տարբեր ցուցմունքները, մեղմ ասած, հակասական են։ Թերեւս փաստարկների բացակայության մասին է վկայում, որ փորձ իսկ չանելով գոնե փոքրիշատե համոզիչ բացատրություններ ներկայացնել այս հակասությունների վերաբերյալ (երեկ նա հայտարարեց, թե խոշտանգումների արդյունքում չի ասել այն, ինչ չի եղել)՝ Նաիրի Բադալյանը նախընտրում է պիտակավորել ե՛ւ այդ ցուցմունքները տվողներին, ե՛ւ դրանց մասին հիշատակողներին։ Նա երեկ հանձնաժողովին պատմեց նաեւ իր նկատմամբ կիրառված բռնություններից, որոնց մասին նա ավելի վաղ վկայել էր ե՛ւ մամուլում, ե՛ւ Մարդու իրավունքների հանձնաժողովի առջեւ, ե՛ւ ՆԳՆ-ի անցկացրած ծառայողական հետաքննության ընթացքում։ Սակայն ե՛ւ խոշտանգողներին պատժելը, ե՛ւ իրեն արդարացնելը, ե՛ւ իր կրած վնասները փոխհատուցելը ոչ թե նախագահական կամ խորհրդարանական հանձնաժողովի, այլ դատական մարմինների իրավասության խնդիր է։ Ստեփան Զաքարյանը նշեց, թե հանձնաժողովին ԱԺ որոշմամբ տրված լիազորությունների սահմաններից դուրս են այդ պահանջները, իսկ Գրիգոր Հարությունյանը հետաքրքրվեց, թե ինչու Նաիրի Բադալյանը չի փորձել անցած մեկ տարում այդ խնդիրները լուծել պատկան մարմինների միջոցով, եւ նա պատասխանեց. «Ես այդ հարցերը համալիր ձեւով եմ դնելու (…), բայց մի խնդիր կա՝ քանի դեռ մայր գործը դատարանով չի անցել, քանի դեռ մայր գործի ապացույցների գնահատման փուլ չի անցել՝ ես դեռ կաշկանդված եմ դատարան դիմելու»։ Ամբաստանյալ Համլետ Ստեփանյանի դիմումը եւս, որն ընթերցեց նրա պաշտպան Աղասի Աթաբեկյանը, հանձնաժողովում գնահատեցին իբրեւ դատարանի քննության առարկա։ Համլետ Ստեփանյանը գրել էր նախաքննության ընթացքում իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին, դրանց արդյունք ներկայացնելով իր ցուցմունքները։ Գրիգոր Հարությունյանի փորձագետը՝ իրավաբան Ալբերտ Գեւորգյանը, որի մի շարք ռեպլիկներից ակնհայտ դարձավ, թե ներկաներից միայն նա է ծանոթ գործի նյութերին, այդ դիմումի առնչությամբ նկատեց. «Նրան մեղադրող ապացույցները միայն իր խոստովանական ցուցմունքները չեն, այլ կան բազմաթիվ այլ ցուցմունքներ»։ Ըստ Ալբերտ Գեւորգյանի, ուսումասիրվել են նաեւ բռնությունների վերաբերյալ Համլետ Ստեփանյանի հայտարարությունները. «Իմ կարծիքով, հանձնաժողովն այստեղ անելիք չունի»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ