Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՒԼԵՏԿԱ

Սեպտեմբեր 15,2001 00:00

ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՒԼԵՏԿԱ Հայաստանի ռուսամետ հայտնի եւ քողարկված ուժերը երկրի անկախացումից հետո, ավելի քան Ռուսաստանն ինքը, հետամուտ էին այս տարածաշրջանում ռուսական շահերի հետապնդմանը եւ ամրապնդմանը: Ռուսաստանը, որը Ելցինի օրոք սկսել էր վարել այնպիսի քաղաքականություն, որը հույս էր ներշնչում, թե վերջապես այդ երկրի ժողովուրդը հասկացել է իր հազարամյա աղքատության բուն պատճառը եւ լծվել իր համար մարդավայել սոցիալական համակարգի ստեղծման գործին, Պուտինի օրոք նորից գլորվում է մեծածախս կայսերապաշտության գիրկը: Պուտինյան Ռուսաստանը այսօր փորձում է Հայաստանին ամբողջապես կախման մեջ դնել իրենից: Թվում էր, թե ռուսական ճնշումները «հանկարծակի» ուժեղացան անցյալ տարվա երկրորդ կեսից: Բայց ռուսական հասարակության վերջին երեք տարիների զարգացումները ակնհայտորեն ցույց էին տալիս, որ Ռուսաստանի քաղաքական ուղենիշներն ու նպատակադրումները փոխվել են, որ պուտինյան վարչակարգի մասնավորապես Չեչնիայի հարցի՝ արյունոտ «լուծմանը» ուղղված քայլերը հող էին նախապատրաստում Հարավային Կովկասում ակտիվ գործունեություն սկսելու համար: Հայ քաղաքական վերնախավը եւ հասարակական միտքը չէր արժեւորում այս երեւույթը: Ռուսական ներթափանցման ուժգնացման հավանականության դեմ հանդիման Հայաստանի ղեկավարությունը զբաղված էր Արեւմուտքի հետ սիլի-բիլի անելով եւ Ռուսաստանի հանդեպ խանդի տեսարաններ սարքելով: Իսկ իրականում Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության ասպարեզը բացարձակապես անգործության էր մատնված: Ռուսական քաղաքականության հարավկովկասյան նպատակադրումների շրջանակում առանձնանում է ելակետային այն դրույթը, ըստ որի, Ռուսաստանը չպետք է նպաստի այս տարածաշրջանում առկա հակամարտությունների արագ կարգավորմանը, այլ պիտի աշխատի ձգձգել դրանք: Մասնավորապես ադրբեջանա172հայկական հակամարտության կարգավորումը դիտվում է որպես Ռուսաստանի ստրատեգիական շահերին չհամապատասխանող զարգացում: Համոզվածություն կա, որ ղարաբաղյան հարցի կարգավորումից հետո հակամարտությունների թատերաբեմը կտեղափոխվի ռուսական մուսուլմանական տարածաշրջաններ, որտեղ աշխուժացել են նորանոր քաղաքական արտոնություններ պահանջող դաշնակցային սուբյեկտներն ու էթնիկական խմբերը: Եվ Չեչնիան համարվում է մուսուլմանական շրջանների քաղաքական խմորումների նախաբան: Ահա այսպես, ուրեմն Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների շահերը պետք է ծառայեցվեն Ռուսաստանի ներքին կայունության ապահովման «սուրբ» գործին: Մեր «ստրատեգիական դաշնակցի» այս դիրքորոշումը, փաստորեն, Հայաստանի տնտեսական զարգացումը մատնում է անհուսության, ժողովրդին՝ աղքատության եւ արտագաղթի: Հենց այս ենթատեքստում էլ տեղավորվում են Հայաստանի նկատմամբ ռուսական քաղաքականության այն դրսեւորումները, որոնք առկա են այսօր: Ըստ այդմ՝ Հայաստանը Հարավային Կովկասում պետք է ծառայի ռուսական շահերին, նրա ազդեցության հետագա ընդլայնման նպատակներին, դառնա միջոց Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի վրա քաղաքական ճնշումներ գործադրելու համար, միջազգային ասպարեզներում որդեգրի ռուսական կողմնորոշումներ եւ այլն: Այդ նպատակով Ռուսաստանը վերջին տարիներին խուլ եւ քայքայիչ գործունեություն էր վարում Հայաստանում՝ նրան անօգնական եւ մեկուսացված դարձնելու համար: Նրա եւ նրա հայ կամակատարների շնորհիվ է, որ Հայաստանը դուրս մնաց տարածաշրջանային անվտանգության եւ տնտեսական համագործակցության բոլոր համակարգերից: Այդ նա էր, որ 1997թ., երբ դեռ Հայաստանին դիտում էր իբրեւ հավասար իրավունքով օժտված գործընկեր եւ համաձայնություն էր տվել Թուրքիային գազ մատակարարել Հայաստանի տարածքով, 1998թ. իշխանափոխությունից հետո հրաժարվեց դրանից եւ թուրքերի հետ համաձայնության եկավ «Կապույտ հոսք» ծրագրի վերաբերյալ, որով այդ մատակարարումը իրականացվելու է Սեւ ծովի հատակով անցնող խողովակաշարով: Այդ նույն Ռուսաստանի ազդեցությամբ է, որ առ այսօր դեռ չի իրականացվել Իրան-Հայաստան գազամուղի շինարարության՝ վաղուց ձեռք բերված սկզբունքային պայմանավորվածությունը: Դա Ռուսաստանն էր, որ այս տարվա սկզբին համաձայնության եկավ Ադրբեջանի հետ՝ մոտ ապագայում Իրանի հետ երկաթուղային կապը Դերբենտ-Բաջառլու-Աստարա գծով իրականացնելու վերաբերյալ եւ, Հայաստանը, ինչպես ՏՐԱՍԵԿԱ-ի դեպքում, դուրս մնաց Արեւմուտք-Արեւելք հաղորդակցության ուղեգծից, այնպես էլ այս դեպքում դուրս է մղվում Հյուսիս-Հարավ ուղեգծից, որով աբխազական եւ նախիջեւանյան երկաթուղիների բացմանն ուղղված ջանքերը դառնում են ապարդյուն կամ ստանում երկրորդական նշանակություն: Այդ Ռուսաստանն է, որ Բաքու-Ջեյհան նավթամուղի Հայաստանի տարածքով անցնելու դեմ պայքարում է նույն կրքոտությամբ, ինչպես Վրաստանի տարածքով անցնելու դեմ: Կարծես այս բոլորը քիչ է Ռուսաստանի համար, քիչ է, որ Հայաստանի իր ծախու եւ տհաս ուժերի միջոցով պղտորում է հայ հասարակության միտքը՝ գայթակղելով նրան Ռուսաստան-Բելառուս միությունով, քիչ է, երբ լռելյայն իրականացնում է զենքի մատակարարումներ Ադրբեջանին, քիչ է, որ հայտարարում է, որ թույլ չի տա Հայաստանում գտվող ռուսական զենքը օգտագործել Ադրբեջանի դեմ, քիչ է, երբ Հայաստանին ներքաշում է հակաաֆղանական եւ ՆԱՏՕ-ի գործունեությունը դատապարտող ակտերի մեջ, քիչ է, երբ սադրում է Ջավախքի բնակչությանը՝ նրան մղելով հակավրացական անմիտ քայլերի, քիչ է, որ Հայաստանում գտնվող ռուսական զորքերի ծախսերի մոտ 60 տոկոսը բարդել է Հայաստանի վրա, քիչ է, որ աստիճանաբար, ծածուկ եւ բացահայտ հսկողություն է սահմանում Հայաստանի առանձին ձեռնարկությունների վրա եւ այլն, այժմ էլ այդ նույն Ռուսաստանը ձեռնարկել է Հայաստանի էներգետիկայի, հանքարդյունաբերության, էլեկտրոնիկայի եւ այլ ճյուղերի կարեւորագույն ձեռնարկությունների յուրացումը: Եվ Հայաստանի ներկայիս ղեկավարությունն էլ մի քանի տասնյակ միլիոն դոլարի վճարման ենթակա գումարի դիմաց իր երկրի անկախության գլխավոր ռեսուրսները պատրաստվում է նրան հանձնել անմեղսունակի պատրաստակամությամբ: Սա ինչո՞վ է տարբերվում Մերուժան Արծրունուն եւ Վասակ Սյունուն վերագրվող գործելակերպից: Այդ ինչպես եղավ, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը երկիրը դարձրեց անվճարունակ: Չէ՞ որ դեռ 1996-1997 թվականներին միջազգային ֆինանսական կազմակերպությունները Հայաստանին արդեն համարում էին վճարունակ երկիր եւ որոշել էին 1998 թվականից դադարեցնել նրան արտոնյալ վարկերի տրամադրումը: Երբ քոչարյանական վարչակարգն անցավ խոշոր ձեռնարկությունների ապապետականացմանը եւ սկսեց դրանցից ամենաշահութաբերներից (հեռակապ, կոնյակի գործարան), Հայաստանի գազամատակարարման եւ իրացման գործի հսկիչ ծրարն էլ հանձնեց ռուսներին (արժեթղթերի 55 տոկոսը), որոնք դրա դիմաց պարտավորվեցին մուծումները կատարել գազով: Հասկանալի է, որ ի վերջո այդ մատակարարում-մուծումները հասնելու էին զրոյական մակարդակի եւ գալու էր ապրանքի դիմաց փող վճարելու ժամանակը: Եվ եկավ: Միայն թե անհայտ է, թե այս գործարքից առաջացած 148 մլն դոլարը ինչ նպատակներով ծախսվեց եւ որտեղ են հայտնվել դրանից հետո արդեն վճարովի գազի դիմաց հավաքված գումարները: Ինչ վերաբերում է ատոմակայանի վառելիքի նոր չափաբաժնի համար անմիջական վճարումին, ապա հարց է առաջանում՝ մի՞թե Հայաստանի ղեկավարությանը հայտնի չէր, որ Հայկական ատոմակայանը վաղուց հայտնվել է ֆինանսական խոր ճգնաժամում եւ չի կարողանում Հայէներգոյից ստանալ նրան կիլովատը 8 դրամով վաճառված էլետրաէներգիայի դիմաց կուտակված 62 միլիարդ դրամի (մոտ 115 մլն դոլար) պարտքը: Ի դեպ, Հայէներգոյի միջանցքներում «անհետացած» 62 մլրդ դրամը իր մինչեւ սպառողը ուղեծրում դառնում է 150 միլիարդ դրամ կամ ավելի քան 270 մլն դոլար, քանի որ Հայէներգոն կիլովատը 8 դրամով իր ստացածը սպառողին վաճառում է 21 դրամով (առանց ավելացված արժեքի հարկի): Ահա փաստորեն էլեկտրաէներգիայի եւ գազի իրացման ոլորտում վերջին տարիներին առաջացած մոտ 420 մլն դոլարից այսօր չի գտնվում 31 մլն դոլար, որն ուղղվի ռուսական շանտաժը հաղթահարելուն: Ուղղակի աներեւակայելի եւ ապշեցուցիչ է Ռուսաստանի ցինիզմը, որն այսօր մի 2-3 տասնյակ միլիոն դոլարի հերթական պարտքաբաժնի շանտաժով ծնկի է բերում Հայաստանին: Բայց հարցի պրագմատիկ կողմն ընդունելով հանդերձ, ընդունելով որ Հայաստանը պարտավոր է իր պարտքը ժամանակին վճարել, այնուամենայնիվ, չենք կարող չնշել երկակի ստանդարտի ռուսական քաղաքականության անբարոյականությունը: Հենց ինքը՝ Ռուսաստանը, ունի հարյուրամյա ահռելի, տասնյակ միլիարդավոր դոլարի պարտքեր: Եվ իր վարչապետներին ու նախարարներին ժամանակ առ ժամանակ գործուղում է «փարիզյան» եւ այլ կլուբներ, որպեսզի պարտատու երկրներին խնդրեն վերակառուցել, հետաձգել կամ զիջել ցարական Ռուսաստանի՝ լենդ-լիզով ստացած եւ վերջին տասնամյակում կուտակած պարտքերը: Եվ պարտատուները, որ նրանցից պակաս պրագմատիկ չեն, եւ վերակառուցում, եւ հետաձգում, եւ երբեմն էլ խոսում են զիջումների սկզբունքորեն ոչ անհնարինության մասին: Իսկ ահա Հայաստանի հետ Ռուսաստանը խոսում է ոչ թե այդպիսի մարդկային, այլ շանտաժի լեզվով: Ռուսաստանի ցինիզմի մի այլ դրսեւորում է նաեւ այն, որ նա միայն Հայաստանի հետ է կարողանում խոսել այդ լեզվով: Այդ ինչպես է, որ իր տրամադրած եւ մինչեւ մոտ 50 տարվա վաղեմություն ունեցող եւ այն էլ տասնյակ միլիարդավոր դոլարի պարտքերը չի կարողանում վերջնագրերի ձեւով պահանջել ոչ մեկից, հատկապես Ինդոնեզիայից, Եգիպտոսից, Իրաքից եւ Կուբայից, որոնք իրեն պարտք են ընդհանուր առմամբ մոտ 30 միլիարդ դոլար: Ռուսները կարծես մոռացել են, որ մինչեւ վերջերս արեւմտյան երկրներին մեղադրում էին նեոգաղութատիրության մեջ, երբ վերջիններս զարգացող երկրներում ժամկետավոր կոնցեսիաներ էին ձեռք բերում հումքային ռեսուրսների արդյունահանման եւ իրացման համար, չնայած այդ կոնցեսիաներից ստացվող եկամուտների շնորհիվ աֆրո172ասիական շատ երկրներ ոտքի կանգնեցին եւ բռնեցին զարգացման ուղին: Եվ, վերջապես, հայ-ռուսական հարաբերությունների սրված խնդիրների այսպիսի լուծումից տրամաբանորեն բխող վտանգի մասին: Հարցն այստեղ ոչ թե այն է, որ երկրում կարող են լինել նաեւ օտարերկրյա սեփականություն հանդիսացող ձեռնարկություններ, այլ այն, որ դրանք չեն կարող օգտագործվել որպես արտաքին պարտքի մարման միջոց: Այս դեպքում, բացի այլեւայլ կարեւորագույն հանգամանքներից, բացարձակապես կասկածելի են դրանց գնահատման չափանիշները, քանի որ դրանք ոչ սեփականաշնորհվում են որոշակի պայմաններով եւ ոչ էլ ապապետականացվում հրապարակային աճուրդային կարգով: Բացի դրանից, եթե Հայաստանը Ռուսաստանին պարտք է ընդհանուր առմամբ 114 մլն դոլար, որը կազմում է նրա արտաքին պարտքի մոտ 15 տոկոսը, ապա տրամաբանորեն ենթադրվում է, որ մնացած մոտ 750 մլն դոլարի տերերը կարող են հարմար պահին այդ պարտքի դիմաց Հայաստանից պահանջել՝ իր ձեռնարկությունների համարժեք մասը հանձնել իրենց: Միջազգային պրակտիկայում պետական պարտքի մարման այս ձեւը սովորաբար չի քաջալերվում: Եվ անկախ այն բանից, թե այդ ձեռնարկությունների արժեթղթերի ամբողջ փաթեթը, թե հսկիչ ծրարը, թե դրանց մի մասն է փոխանցվում պարտատու պետությանը: Ինչպես գիտենք, Գերմանիան եւ արեւմտյան որոշ երկրներ վերջերս Ռուսաստանին առաջարկեցին այդ նույն տարբերակը, բայց ռուսները մերժեցին դա: Իսկ Հայաստանին նրանք ստիպում են այդպես վարվել: Ռուսաստանի այս շահագրգռությունը ցույց է տալիս, որ նա ցանկանում է Հայաստանի վրա ճնշման վճռորոշ լծակներ ունենալ: Քոչարյանական Հայաստանը այսօր անճարակությունից խաղում է ռուսական ռուլետկա՝ երկրի անկախության հիմնական տնտեսական ռեսուրսները բախտախաղի դնելով: ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել