Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԾԻԿ

Սեպտեմբեր 15,2001 00:00

ԾԻԿ Գրողների միությունում 20-ամյա Արփի Ոսկանյանի «Ծիկ» առաջին գրքի քննարկումն էր: Գիրքը հետաքրքիր է հենց որպես ծիկ, որպես՝ տեսե՛ք, այդ ե՛ս եմ եւ ե՛ս եկա: Եվ եթե այդ ծիկը շարունակություն չունենա՝ շատ տխուր կլինի, քանզի Արփին իսկապես հետաքրքիր գրող է, որին արդեն հաջողվում է ափերից հանել հայրենական գրականագիտական սոցռեալիստական մտքի անվանի, նաեւ՝ ինքնակոչ գրականագետներին: Սակայն խոսքս Արփիի մասին չէ, այլ այն մթնոլորտի, որ տիրում էր գրքի քննարկման ժամանակ: Իրեն «ցարի բոգ» կարծող երիտասարդ պոետ Կարեն Ղարսլյանը, որին այդ գրքի քննարկումը վարելու պատիվն էր ընձեռված՝ փռվել էր սեղանին ու ներկաներին վրա պարզապես տեռորի էր ենթարկում, փորձելով մեզ՝ խավարամիտներիս, բացատրել, որ հայ գրականությունը պետք է ազատվի կուսաթաղանթի պրոբլեմից, որ այն բաց ու մերկ պետք է լինի, ինչպես կյանքը: Կարծես բոլորիս հենց նոր հեռավոր Նարդվան գյուղից նստեցրել էին ավտոբուս, ամեն մեկիս գրպանում՝ լիքը կարմիր խնձոր, ու բոլորս կուսաթաղանթի պահպանման համար Խաչակրաց արշավանքի էինք դուրս ելել, եւ այս երիտասարդը որոշել էր մեզ մարդ դարձնել ու մեր հայացքը Րաֆֆու սադոմազոխիստական «Սամվելից» շրջել դեպի Արփի Ոսկանյանի անկուսաթաղանթ գրականությունը: Չգիտեմ, թե ո՞վ էր սեղանին փռված սույն երիտասարդին ներշնչել, որ մենք խարխափում ենք անգիտության ու խավարի մեջ, որ մյուս գրողների ֆիքս իդեան հայ գրականության մեջ կուսաթաղանթի պատրիոտ լինելն է, ու Կարեն Ղարսլյանը՝ անգամ չլսելով մնացածի խոսքը (քանզի իր գերխնդիրն էր մտքի մեջ. իր հերթական հակակուսական գրոհը կազմակերպելը) փռվել ու անձնական վիրավորանքներ էր սփռում իրենից տարիքով ու իրենից հարյուրապատիկ շնորհալի եւ վաստակաշատ մարդկանց գլխին: Ես հասկանում եմ, որ Կարեն Ղարսլյանը փորձում է օրիգինալ ձեւանալ. գրականության մեջ այդ տրյուկը նոր չէ: Երբ դեռ 19-րդ դարում Ռեմբոն հրապարակավ միզում էր իրեն հյուրընկալածների սուպի ամանի մեջ՝ դա հաստատ Ռեմբոյի օրիգինալությունից չէր, այլ նրա անդաստիարակությունից: Մինչդեռ Ռեմբոն նաեւ տաղանդավոր էր: Եվ, ինչպես նշեց հայ մի գրող՝ «այ տղա, ի՞նչ ես դատարկ տեղը բուքսավատ անում»: ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել