Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայտնի է, որ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում նախատեսված է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկն

Սեպտեմբեր 15,2001 00:00

Ինչպես 21 տարի առա՞ջ Հայտնի է, որ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում նախատեսված է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկը, որին պետք է մասնակցի նաեւ Հայաստանի ազգային հավաքականը։ Տոմսերն արդեն գնված են ու մրցագորգի մեր վարպետները Երեւանից մեկնելու են սեպտեմբերի 20-ին։ Ճիշտ է, ամսի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով առայժմ ԱՄՆ-ում կասեցվել են բազմաթիվ նախապես պլանավորված, այդ թվում՝ նաեւ մարզական խոշորագույն միջոցառումներ, սակայն դեռ հույս կա, որ այդ երկիրը շուտ դուրս կգա շոկային վիճակից ու ամեն բան շուտով կմտնի իր բնականոն հունի մեջ։ Սա, իհարկե, ցանկություն է։ Բայց նաեւ տեղի են ունենում որոշ իրադարձություններ, որոնք այդպես դատելու հիմքեր են տալիս։ Մասնավորապես, ռուսական զանգվածային լրատվամիջոցներից «Իզվեստիան» տեղեկացրել է, թե աշխարհի առաջնության ժամանակ ՌԴ հավաքականի կազմում Նյու Յորքի գորգ չեն մտնի կրասնոյարսկցի Ադամ Սայիտովը եւ մախաչկալացի Դավիթ Մուսուլբեսը։ Պատճառը՝ ԱՄՆ-ի դեսպանատունը Սիդնեյի օլիմպիական չեմպիոններին ԱՄՆ-ի մուտքի վիզա չի տվել՝ այդ վճիռը ձեւակերպելով կարճ. «Չեն համապատասխանում վիզա ստանալու պահանջներին»։ Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է այդ վճիռը, ինչպես դեսպանատուն, այնպես էլ Ըմբշամարտի միջազգային ասոցիացիա։ Տեղին է հիշել, որ աշխարհի հաջորդ առաջնության անցկացման վայրը Մոսկվան է եւ Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները չեն բացառում, որ եկող տարի նման խնդիրներ կարող են ծառանալ արդեն ամերիկացի ազատ ոճայինների առջեւ։ Բացատրությունը՝ բացատրություն, բայց ամենայն հավանականությամբ մերժման գլխավոր պատճառն այս երկու մարզիկների խիստ «արեւելյան» ազգանունն է։ Ահաբեկչական գործողություններից հետո Ամերիկայում, մասնավորապես Նյու Յորքում, մարդկանց վերաբերմունքը փոխվել է հայտնի երկրների ու այդ երկրներում դավանվող կրոնի նկատմամբ։ Գուցե ԱՄՆ-ի կառավարությունը հենց դրա համար էլ զգուշանում է վերոնշյալ մարզիկներին իր հողի վրա ոտք դնելու իրավունք ընձեռելուց։ Հուսանք, որ առաջիկա օրերին ամեն բան կկարգավորվի ու սպորտը չի տուժի, ինչպես 21 տարի առաջ։ Եթե կրքերը սկսել են բորբոքվել, մի կողմից դա հուսադրում է այն առումով, որ աշխարհի առաջնությունը, այնուամենայնիվ կամ ամենայն հավանականությամբ, կկայանա ճիշտ ժամկետներում եւ նախապես ընտրված վայրում։ Հակառակ դեպքում բոլոր մասնակից երկրների հավաքականների, այդ թվում նաեւ Հայաստանի, ամիսներ տեւած ջանքերը կարող էին իզուր լինել, եթե չասենք՝ ի դերեւ լինել։ Մյուս կողմից այս ամենը հիշեցնում է 80-ական թվականների սկիզբը, երբ քաղաքական սուր հակամարտության արդյունքում Ամերիկան պարզապես բոյկոտեց 1980թ. Մոսկվայի ամառային օլիմպիական խաղերը, որին, բնականաբար, հետեւեց համարժեք պատասխան քայլը եւ 4 տարի անց՝ 1984-ին, Ռուսաստանը չմասնակցեց Լոս Անջելեսի օլիմպիական խաղերին։ Եվ քաղաքական, գաղափարախոսական հակամարտության պատճառով մեծապես տուժեցին սպորտն՝ ընդհանրապես եւ օլիմպիական շարժումը՝ մասնավորապես։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել