Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդական

Սեպտեմբեր 15,2001 00:00

Դարաշրջանով սրբացած ստեղծագործական կյանք Ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, Մ. Մաշտոցի շքանշանակիր, պրոֆեսոր Էդուարդ Իսաբեկյանը արժանացավ Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման։ Նա աչքի է ընկնում թեմաների եւ գեղանկարչական խնդիրների ընտրման մասշտաբայնությամբ։ Է. Իսաբեկյանը բազմաժանր ստեղծագործող է։ Նրա վրձնի արտահայտչական գույներով աչքի են ընկնում ինչպես քնարական բովանդակությամբ փոքր կոմպոզիցիաները, այնպես էլ բարդ սյուժետային կտավները։ Դեռեւս 1930-ական թվականների վերջին եւ 1940-ականների սկզբին Է. Իսաբեկյանը ուշադրության է արժանանում կյանքի ընկալման խորությամբ, լայնաշունչ ռոմանտիկայով, խիզախ, որոնող նկարագրով։ Մինչպատերազմյան շրջանում Է. Իսաբեկյանը հրապուրված էր ֆրանսիացի ռոմանտիկների արվեստով, որոնցից առավել հոգեհարազատը Ժերիկոն եւ Դելակրուան էին։ Այդ իմաստով հատկանշական է «Գնչուհին թութակի հետ» (1940թ.) կոմպոզիցիոն դիմանկարը՝ նկարչի ստեղծագործական այս շրջանին բնորոշ գունային պայմանականությամբ ու արտիստիզմով։ Իսաբեկյան նկարչի ձեւավորումն ընթանում էր երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Նա, տոգորված հայրենասիրական պաթոսով, ստեղծեց մնայուն արժեքներ ներկայացնող կտավներ, ինչպես «Մարտ քաղաքի համար», «Դրոշների հանձնումը հայկական դիվիզիային Կերչում» եւ այլն։ Է. Իսաբեկյանի ստեղծագործական ժառանգությունում կենտրոնական տեղ է գրավում պատմանկարչությունը։ Նրա «Պատասխան Հազկերտին» կտավն աչքի է ընկնում գունագեղությամբ, կերպարների կենսալիությամբ։ Է. Իսաբեկյանն ինչպես այս, այնպես էլ «Դավիթ Բեկ», «Ավարայրի ճակատամարտը», «Սասունցի Դավիթ» կտավներում հիշեցնում է բեմադրիչ ռեժիսոր, որի հերոսների գործելակերպը դինամիկ է, մարդկանց համախմբող։ Նկարչի ժանրային բնույթի կտավները, ինչպես «Հարսանյաց հանդես», «Լվացք գետափում», աչքի են ընկնում ազգային կոլորիտով, մարդկային փոխհարաբերությունների պարզությամբ ու անմիջականությամբ։ Է. Իսաբեկյանը կերտել է աշխատավոր մարդկանց կերպարների մի ամբողջ թանգարան։ Հասարակ մարդիկ, հոգեհարազատ լինելով նկարչին, նույն զգացմունքներն են առաջացնում դիտողի մեջ։ Հայ մշակույթի գործիչներից Է. Իսաբեկյանն առանձնացնում է Ա. Բակունցին, որի պորտրեն գլուխգործոցներից է։ Դաժան հալածանքի տարիներին, վտանգելով իր կյանքը, Իսաբեկյանն այս կտավը պահպանեց սերունդների համար։ Է. Իսաբեկյանը շուրջ կես դար դասավանդելով գեղարվեստի ինստիտուտում, ստեղծագործական կյանքի ուղի հարթեց նկարիչների մի քանի սերունդների համար։ Երկար տարիներ լինելով Ազգային պատկերասրահի տնօրեն՝ Իսաբեկյանը հրապարակային ցուցադրման արտոնություն է տվել շատ նկարիչների գործերի, իսկ սեփական փայլուն աշխատանքների մի մասը գերադասել է պահպանել միայն արվեստանոցում։ Է. Իսաբեկյանի ինքնանկարները, որ ընդգրկում են վաղ երիտասարդությունից մինչեւ խոր ծերություն, նկարչի ինքնահաստատման, ինքնաճանաչման եւ ինքնահասունացման յուրատեսակ քննություն են հանրության առջեւ։ Իր բեղուն գործունեությամբ եւ կախարդական վրձնով Է. Իսաբեկյանը հաստատում է այս իմաստնության կենսունակությունը։ ՍԵՐԳԵՅ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել