Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհում

Սեպտեմբեր 15,2001 00:00

ՆԻԿԱ ԲԱԲԱՅԱՆ. «ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ» Խորհում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, երգչախմբի եւ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահի գլխավոր տնօրենը Սեպտեմբերի 17-ին ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ երգչախումբը կսկսի 2001/2002թթ. համերգաշրջանը։ Մինչեւ հունվար ամիսը ունկնդիրը կհանդիպի բավականին լուրջ արվեստագետների։ Այս մասին հրատարակված է գրքույկ։ Կան նաեւ լրացումներ, այսինքն՝ համերգներ, որոնք գրքույկը լույս տեսնելուց հետո են միայն տեղ գտել համերգաշրջանում։ Օրինակ, հոկտեմբերի 1-ին կկայանա Ռուբեն Հախվերդյանի «Նոր եւ հին երգեր» երեկոն, «Ավե Մարիա» երգչախմբի ելույթը՝ Արտաշես Բաբուրյանի ղեկավարությամբ, «Իզաբել» կենտրոնի համերգը… Գիտեք, մտածում եմ. մենք նվազագույնը երեք բեմահարթակների կարիք ունենք։ Գաղտնիք չէ, որ, օրինակ, պարարվեստը հազարավոր ունկնդիր ունի։ Ի՞նչ վիճակում է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի կոլեկտիվը՝ պարզապես բեմ չունեն, որ հանդես գան։ Իսկ մենք լավ գիտենք՝ հայ պարարվեստը հին է՝ որքան մեր ժողովուրդը։ Եթե երգեհոնի հետ կապված աշխատանքները սկսվեն ու ավարտվեն, խնդրեմ, թող ոչ միայն այդ կոլեկտիվը, այլ հանրապետությունում գործող պարային խմբերը ելույթ ունենան մեզ մոտ։ Ճարահատյալ օպերային թատրոնում են տեղի ունենում նմանօրինակ խմբերի համերգները։ Կարող եք հարց տալ. ինչո՞ւ չեն օգտագործվում «Կարեն Դեմիրճյան» կենտրոնի, Երիտասարդական պալատի համերգային դահլիճները։ Պատասխանը մեկն է՝ կոմունիկացիաների բացակայության պատճառով։ Ասենք, դեռ «Կարեն Դեմիրճյան» կենտրոնի հնարավորությունները օգտագործվում են 30%-ով, իսկ Երիտասարդական պալատը ահավոր անշուք վիճակում է։ Վերջինիս երկու դահլիճների անմխիթար վիճակը զայրացնում եւ զարմացնում է թե՛ արվեստագետներին եւ թե՛ ունկնդիրներին։ Պատկերացնո՞ւմ եք. Ամերիկայում չկա մի քաղաք, որ չունենա մինիմում երեք համերգասրահ, 2-3 պատկերասրահ, ուսումնական ծրագրերի համար տարածքներ։ Վերջիններս «Կատարողական արվեստի կենտրոններն» էին, որ ստեղծվեցին 80-ական թվականներին։ Համոզված եմ, մոտակա 5-6 տարիների ընթացքում այս գաղափարը կիրականացվի։ Զարմանալին այն է, որ ունենք կարիք, ունենք եւ շինություն, այն էլ ինչպիսի։ Օրինակ՝ Կասկադի վերջին հատվածը։ Իսկ մենք տրտնջում ենք ու տրտնջում։ Այսօր բոլոր մեծ նվագախմբերն ունեն ուսումնական ծրագրեր, որոնք վերաբերում են մենեջմենթին ու արվեստի ծրագրերին։ Մեր երիտասարդներն ունեն հզոր պոտենցիալ։ Պատկերացրեք՝ 20 տեղի համար մեզ դիմել էին 100-ից ավելի մեկ կամ երկու բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած մարդիկ։ Վերջիններս ցանկություն ունեն աշխատելու մշակույթի՝ ART մենեջմենթի ոլորտում։ Մի քանիսը շահագրգռված էին զբաղվելու ցուցահանդեսներով, թանգարանային գործերով։ Կարծում եմ, համապատասխան ֆինանսավորումից հետո, ավելի ճիշտ՝ հատուկ ֆինանսավորումից հետո, այն է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի կամ Եվրասիայի, տեսնենք, 2002 թվականի սեպտեմբերից, շաբաթը գոնե երկու անգամ կներկայացվեն մանկական ու պատանեկան տարբեր համերգային ծրագրեր, ասել է թե՝ մանկական ֆիլհարմոնիա։ Պետք է հասկանալ մեկ կարեւոր բան՝ եթե այսօր սերունդ չկրթենք, վաղը չենք ունենա ունկնդիր։ Մտածում ենք եւ երիտասարդ կոմպոզիտորների գործերը պրոպագանդելու, ներկայացնելու մասին։ Պայմանավորվածություն կա Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի հետ վերջին հարցի շուրջ։ Մենք մի փոքր գումար ունենք, որով 2002/2003 թթ. համերգաշրջանի ընթացքում կպատվիրենք եւ կկատարենք երիտասարդ ստեղծագործողների երեք ստեղծագործություն։ Մի խոսքով՝ մտածելու, խորհելու շատ հարցեր կան, բայց զուգահեռ պետք է գործել… Պատրաստեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ Հ. Գ. Ի դեպ, սեպտեմբերի 17-ին ՀՖՆ-ն կմեկնարկի ՀՖՆ-ի 60-ամյակին նվիրված նոր հոբելյանական համերգաշրջանը։ Էդգար Էլգարի «Կոնցերտ թավջութակի եւ նվագախմբի համար» ստեղծագործությունը կկատարի ՀՖՆ-ն, մենակատար՝ աշխարհահռչակ բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել