Լրահոս
Օրվա լրահոսը

Անմիջապես արձակուրդից հետո Հայաստանի Հանրապետության «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախա

Սեպտեմբեր 15,2001 00:00

Երկու օր Ղարաբաղում Անմիջապես արձակուրդից հետո Հայաստանի Հանրապետության «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունը հատուկ առաքելությամբ երկօրյա աշխատանքային այցով եղավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Առաջնահերթ խնդիրը ԼՂՀ-ում ակումբի ներկայացուցչության ստեղծումն էր եւ երկրորդ՝ նախատեսվում էին հանդիպումներ ԼՂՀ ղեկավարության հետ, քանզի վերջին շրջանում թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղում եւ թե՛ միջազգային շրջանակներում ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ ընթացող խոսակցությունները միանգամայն հակասական են։ «ԳԽ» ակումբի նախագահությանը հետաքրքրում էր, թե ինչ իրավիճակ է այժմ Լեռնային Ղարաբաղում, եւ ինչպիսին է ԼՂՀ ղեկավարության դիրքորոշումը։ «ԳԽ» ակումբի նախագահությանը դիմավորեցին Քաշաթաղում (Լաչին)։ Տեղական իշխանության մարմինների հավաստմամբ, Քաշաթաղի մարզի բնակչությունը հասել է տասնհինգ հազարի։ Ակումբի անդամ, ներկայումս ԼՂՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Կյուրեղյանի նախաձեռնությամբ Քաշաթաղում ստեղծվել է «Մենք» քաղաքական ակումբը, որի հետ քննարկումներ ծավալվեցին որոշ հարցերի շուրջ։ Միաժամանակ երկուստեք փաստեցին, որ Քաշաթաղը կարեւորագույն հանգույց է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար եւ շատ կարեւոր է Քաշաթաղի՝ որպես մարզկենտրոնի նշանակության բարձրացումը։ Փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերվեց նպաստել առնվազն տարին մեկ անգամ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքական էլիտաների հանդիպմանը Քաշաթաղում։ «ԳԽ» ակումբի նախագահությունը հավաստեց, որ իր օժանդակությամբ կնպաստի «Մենք» ակումբի գործունեությանը։ Այնուհետեւ «ԳԽ» պատգամավորական ակումբի նախագահությունը ուղեւորվեց Ստեփանակերտ։ Անմիջապես գումարվեց նախագահության արտագնա նիստ, որը հաստատեց ակումբի եւս չորս անդամների։ Ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչություն, որի անդամներ Համլետ Գրիգորյանը, Սլավիկ Առուշանյանը, Ռոլես Աղաջանյանը, Վահրամ Աթանեսյանը, Էդիկ Ղուկասյանը ներկայացուցիչ ընտրեցին Ռազմիկ Պետրոսյանին (ԼՂՀ ՆԳ նախարարի տեղակալ)։ Նորաստեղծ ներկայացուցչությունը պատրաստակամություն հայտնեց ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացման միասնական հայեցակարգի մշակմանը։ Այցի երկրորդ օրը «ԳԽ» պատգամավորական ակումբի նախագահությունը եւ ԼՂՀ ներկայացուցչությունը հանդիպում ունեցան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանի հետ։ Նա հավաստեց, որ ԼՂՀ ղեկավարությունը միակամ է ղարաբաղյան հարցի կարգավորման խնդրում, բացառեց որեւէ փոխզիջում առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համաձայնության, ասաց, որ ներկայումս գոյություն ունեցող վիճակը ամենակայունն է եւ ցանկացած փոփոխություն կհանգեցնի անկանխատեսելի հետեւանքների։ «ԳԽ» ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանը ներկայացրեց ակումբի տեսակետները եւ հավաստիացրեց, որ ամեն կերպ կաջակցեն ու կօժանդակեն Լեռնային Ղարաբաղի զարգացմանն ու անվտանգությանը առնչվող ցանկացած խնդրի լուծմանը։ Ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածությունների համաձայն, Լեռնային Ղարաբաղում զարգացման խնդիրներին առնչվող սեմինարների շարք է նախապատրաստվում, որոնք ավելի արդյունավետ ու շահավետ կլինեն միասնականության ամրապնդման տեսանկյունից։ Օլեգ Եսայանը նշեց, որ այն նույն ժամանակ, երբ Հայաստանում գործում էր Գերագույն խորհուրդը, նույնպիսի մարմին կար Լեռնային Ղարաբաղում եւ ասաց, որ ԼՂՀ ԳԽ պատգամավորները ցանկություն ունեն համանուն ակումբ ստեղծել։ Ռուբեն Թորոսյանն ավելացրեց, որ իրենք պառլամենտարիզմի կենտրոն ստեղծելու ծրագիր են ներկայացրել, որը կնպաստի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի էլ ավելի մերձեցմանը, երկուստեք խնդիրների միասնական լուծմանն ու համագործակցությանը։ Ռուբեն Թորոսյանի կարծիքով, այցը իր առաքելությունը կատարեց։ ՌՈՒԶԱՆՆԱ ԻՍԱՂՈՒԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել