Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Սեպտեմբեր 15,2001 00:00

ԱՆԱՐԴԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՀԵՌԱՆԱԼ Հարցազրույց մտավորական, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Անգալադյանի հետ -Մեր վերջին զրույցը կապված էր Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունների հետ։ Թեժ աշնան ակնարկը չի՞ վերաբերում բանակցություններին եւ ոչ թե ներքաղաքական զարգացումներին։ – Երբ սոցիալական որեւէ դժգոհություն (որը, չեմ կարծում, որ լինի), մինչեւ անգամ «ԱրմենՏելի» խնդիրը չի դառնում համազգային, ուրեմն թեժ աշունն ուղղակի սիմվոլիկ նախադասություն է, հերթական լոզունգ։ Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա, կարծում եմ, դա երկարատեւ եւ դանդաղ գործընթաց է, որի ծայրը չի երեւում։ Կարծում եմ, մենք պետք է հրաժարվենք ուզվորի դերից, որը գալիս է մեր պատմությունից։ Իրողությունն այն է, որ Հայաստանն ու Արցախը մերն են։ Եվ եթե ցանկանում ենք, որ բանակցություններն ընթանան, պետք է հենվենք 4 կարեւորագույն կետերի վրա. ա) այդ տարածքները ռազմական առումով մեզ համար ինչպիսի՞ նշանակություն ունեն, բ) ի՞նչ են տալիս տնտեսական առումով եւ՝ գ) աշխարհաքաղաքական առումով, դ) ինչքանո՞վ են այդ տարածքները պատմականորեն մերը։ Դիվանագիտական առումով պետք է ներկայանանք համամարդկային բոլոր չափանիշներով, ներկայանանք պատմականորեն, սակայն հասկանալով, թե ինչի համար ենք պաշտպանում տվյալ տարածքները, որոնցում գտնվում են մեր բոլոր վերլուծությունները (տնտեսական, ռազմական, աշխարհաքաղաքական)։ – Դա չի՞ «խփի» թվացյալ հավասարակշռությանը։ – Մենք չենք կարող հավասարակշռությունը պահպանել, պաշտպանել բանակով։ Բանակը խեղում է մեր պետությունն ու լարված-անհեռանկարային տնտեսությունը։ Եվ որպեսզի բանակը այս կամ այն կերպ չուտի պետությանը, չնույնացվի պետությանը, անհրաժեշտ է զարգացնել տնտեսությունը։ – Հանրապետության նախկին եւ ներկա նախագահներն իրենց նախընտրական կարգախոսներում առաջին տեղն էին տվել քաղաքական խնդիրներին։ Նշանակում է, երրորդ նախագահի հաղթանակը պայմանավորված կլինի տնտեսական գաղափարաբանությամբ։ – Առաջին նախագահը լուծում էր Խորհրդային Միության փլուզման եւ մեր անկախության հարցը։ Ոչ թե Ղարաբաղի, ինչպես կարծում են։ Երկրորդ նախագահը, որպես տվյալ պետության երաշխիք, Ղարաբաղը Հայաստանի ֆորմալ մաս համարեց։ Գալիք նախագահական ընտրությունների փուլը կլինի տնտեսական փուլ, քանզի կգիտակցվի, որ միայն տնտեսությամբ առաջ կընթանա պետությունը։ Մենք Ռուսաստանի ճանապարհով գնացող պետություն ենք, եւ, եթե մի պետություն կա, որը մեզ ռեալ թելադրում է, Ռուսաստանն է։ Մենք կարող ենք օգտվել, եթե հասկանանք իրականությունը եւ ներկայացնենք մեր գինը՝ որպես գործընկեր։ Եթե ճիշտ գին չենք ներկայացնում, ապա չենք հասկանում՝ ո՞ւր է գնում Ռուսաստանը եւ ի՞նչ է ուզում։ Սփյուռքն այս փուլում գումարներ չի դնի։ Պատճառը 90-ականների հիասթափությունն է։ Հիշում եմ, առաջին նախագահի «Հայաստանը հայ ժողովրդի կենտրոնում» կարգախոսը, որը չաշխատեց։ Մենք չսովորեցինք երկրների հետ աշխատել՝ պատկերացնելով մեր տեղը տարածաշրջանում։ – Պատկերացնում ենք, սակայն չնչին են մեր հնարավորությունները… – Ասում են. փոքր է մեր շուկան, ախր մենք ի՞նչ կարող ենք։ Մենք կհասկանա՞նք, վերջապես, որ ոչ թե Հայաստանը պետք է մտնի շուկա, այլ ինքը՝ Հայաստանը կարող է լինել շուկա։ Այսօր էլեկտրոնային կոմունիկացիաները տալիս են այն հնարավորությունները, որ լինես միջնորդ՝ չտեսնելով ո՛չ ապրանքը, ո՛չ երկիրն ու սահմանները։ Պետության խնդիրը վստահություն ներշնչելն է ու կազմակերպելը։ Օգոստոսին Պետերբուրգում էի։ Այնտեղ սոցիոլոգիական հարցում արվեց. Հայաստանից գնացած ուղեւորների 60 տոկոսը պատասխանել էր, որ եկել է Պետերբուրգ՝ ընդմիշտ մնալու։ Ամենամեծ թիվը Լենինգրադում կազմել է 1987-88-ին՝ 11 հազար, այսօր 45 հազարից ավելի է։ Գնում են ուժեղները, որոնք ի վիճակի են ուրիշի համակարգում գտնել իրենց, աշխատել։ Անարդար սելեկցիոն համակարգում ուժեղը տեղ չունի։ Ստացվում է, որ Հայաստանը գործարան է, որն արտադրում է հիանալի գեներ։ Լավ կլիներ Սփյուռքից հրավիրվեն կառավարություն ձեւավորող մասնագետներ (հատուկ այդ նպատակով ստեղծված ֆոնդից ֆինանսավորվելով)՝ համակարգը շտկելու համար (վարչական)։ Եթե մտնում ենք 3-րդ փուլը, մեր կարգախոսները լինելու են տնտեսական։ Այն չպետք է քաղաքականացվի։ – ԱԺ մտան բավական թվով բիզնեսմեններ։ Ի՞նչ տվեց ԱԺ-ն նրանց։ – Չեմ կարծում, թե նրանք առավելություն ստացան։ Նրանք ժամանակ կորցրին։ Նրանք ծրագրերով չեկան։ Բերեմ Ռուսաստանի օրինակը։ Յավլինսկին քաղաքական գործիչ է։ Իսկ մենք մոռացել ենք, որ նա տնտեսագետ է։ Մոռացել ենք Բոսի մասնագիտությունը որն էր։ Չեմ խոսում Պրիմակովի մասնագիտության մասին, որն ակադեմիկոս է։ Կամ Սելեզնյովը։ Բոլորը մի գծի վրա են եւ ծրագիր են իրականացնում։ Եթե Արշակ Սադոյանը խոսում է ժողովրդի վեկտորից եւ 85 տոկոս է կազմում, մյուսները՝ մինչեւ 5 տոկոս, ապա ԱԺ-ի հավասարակշռված լինելու մասին խոսք լինել չի կարող։ – Քաղաքական ուժերի նոր վերադասավորությունն ինչպիսի՞ն կլինի։ – Կույր վերադասավորում է, եւ չեմ տեսնում, թե նրանք հասկանում են ժամանակի խնդիրը։ Պարզ չէ՝ ով ում է ներկայացնում։ Նույն քաղաքական միտքն է, կուսակցությունները կանգնած են ճգնաժամի առաջ։ Ամենաերկարակյաց ավանդական կուսակցությունները պետություն էին ուզում ստեղծել, ստեղծվել է։ Ասելիքն ավարտված է։ Իսկ որոշակի սոցիալական արդարության մասին խոսք լինել չի կարող, քանի որ այնքան գողություն-ավազակություն է եղել, որ չգիտես՝ որին բռնես, որ գործն ուղարկես դատարան։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել