Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեհ հայտնի իրավապաշտպան, հասարակական գործիչ Մարեկ Նովիցկիին հանդիպեցինք Վարշավայի Հելսինկյան ֆոնդի գ

Սեպտեմբեր 15,2001 00:00

Հայերը չեն ուզում նորոգել իրենց պետությունը Լեհ հայտնի իրավապաշտպան, հասարակական գործիչ Մարեկ Նովիցկիին հանդիպեցինք Վարշավայի Հելսինկյան ֆոնդի գրասենյակում, որն ինքն է գլխավորում։ Նա լայն ճանաչում ունի ե՛ւ Արեւելյան, ե՛ւ Արեւմտյան Եվրոպայում, Լեհաստանի Հելսինկյան կոմիտեի անդամ է, իսկ հասարակական գործունեությունն սկսել է դեռ «սովետների» օրոք՝ ընդհատակում։ Ֆոնդը համագործակցում է Արեւելյան Եվրոպայի (եւ ոչ միայն) նմանատիպ ֆոնդերի հետ, եւ Մարեկ Նովիցկին հաճախ է լինում Հարավային Կովկասում։ Մեր հանդիպման պահին նա հենց նոր էր վերադարձել Երեւանից, եւ մենք՝ հասարակական կազմակերպությունների հայ, ադրբեջանցի եւ վրացի անդամներս, խնդրեցինք ներկայացնել Հարավային Կովկասի իր ընկալումը։ – Խորհրդային Միության փլուզումից հետո սկսվեց ազգային հպարտության մի վերելք։ Կարծես թե մարդիկ շուտով արթնացան եւ սկսեցին հասկանալ, որ Եվրոպայի ընտրած ճանապարհին սահմաններն անհետանում են, մարդիկ ապրում են՝ որտեղ ուզեն, բիզնեսով զբաղվում են մի ուրիշ երկրում։ Միացյալ Եվրոպա կազմակերպելու կոնցեպցիան, որն ի հայտ եկավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, խաղարկվում է նույնիսկ այսօր։ Կես դարի ընթացքում այնպիսի պատկեր է ստեղծվել, որ ոչ մեկի մտքով չի անցնի, թե Շվեդիան կարող է հարձակվել Նորվեգիայի վրա, Ֆրանսիան՝ Բելգիայի, կամ գերմանացիները՝ Ֆրանսիայի։ Այդ կոնցեպցիայի շնորհիվ 2000-ամյա արյունահեղությունից հետո պատերազմը Մայրցամաքում վերջացավ։ Կարծում եմ, դա հետաքրքիր օրինակ է Կովկասի համար։ Աբխազիա, Օսեթիա, Ղարաբաղ, Միջանցք, Իրանում ապրող ադրբեջանցիներ. ամեն ինչ խառնվել է։ Ճիշտն ասած, Կովկասի ապագայի մասին մտածելիս ես կմտածեի միասնական Կովկասի եւ ոչ թե ազգային սահմանների մասին։ Այստեղ գործ ունենք Հայաստանի, իմ կարծիքով, սարսափելի քաղաքականության հետ։ Հասկանում եմ, որ այնքան էլ հաճելի չէ լսել, բայց, իմ կարծիքով, Հայաստանում գործերն այն վիճակին են հասել, որ քչերն են ուզում նորոգել պետությունը։ Մարդիկ ավելի շատ մտածում են՝ ինչ անեմ, որ ինձ լավ լինի, հեռանամ երկրից, կյանքս շարունակեմ ուրիշ տեղում՝ փոխանակ իրենց տեղը դարձնեն այնպիսին, որ հնարավոր լինի լավ ապրել։ Ես սիրում եմ Կովկասը, բայց նա, ով զգայական կապ չունի այդ տարածաշրջանի հետ, վախենամ, որ հարց տա. «Դե ի՞նչ, Հայաստանը գնաց պատերազմի, շահեց, ձեռք բերեց նոր տարածքներ՝ Ղարաբաղը եւ Միջանցքը, եւ ի՞նչ. մեկնո՞ւմ է։ Այդ դեպքում ինչի՞ն էին պետք այդ տարածքները։ Չէ՞ որ, ինչքան գիտեմ, Հայաստանի բնակչությունը վերջին տարիներին կիսով չափ կրճատվել է»։ Բոլորովին հասկանալի չէ. այստեղ տարածք ենք գրավում ու թողնում-գնում երկրից։ Ինչ-որ չեմ հասկանում այս պատկերը։ Կովկասի մյուս հիմնախնդիրը փախստականներն են։ Կարելի կլիներ էլի սպասել, եթե Բաքվի քթի տակ վրաններում ապրող մեկ միլիոն փախստականները չլինեին, եթե չլինեին խեղճ մարդիկ Երեւանի փողոցներում։ Նրանք թույլ չեն տալիս մեզ հետաձգել խնդրի լուծումը։ Ինչպե՞ս լուծել՝ ուրիշ խոսակցության թեմա է, բայց այսպես թողնել չի կարելի։ Մյուս հիմնախնդիրը՝ ամենուրեք, որտեղ ընդունված սահմանադրությունը քիչ թե շատ հավասարակշռում է իշխանությունները՝ օրենսդիր, դատական, գործադիր, պետությունը զարգանում է, բարեփոխումները դիմացան։ Կան խնդիրներ, կոնֆլիկտներ, բայց մեկ է՝ գործերն առաջ են գնում։ Եթե չափից դուրս շատ իշխանություն ես տալիս նախագահի ձեռքը, արդյունքում ստանում ես նոր բռնատիրություն կամ տեղի է ունենում հակամարտության սառեցում, եւ դուք կդոփեք տեղում։ Եվ ահա Կովկասի վերջին հիմնախնդիրը՝ կոռուպցիան։ Կոռուպցիա ամեն տեղ եւ բոլոր մակարդակներում։ Եվ համարյա բացահայտ։ Կոռուպցիան սարսափելի բան է։ Ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկն անհիմն հարստացել է, այլ՝ որովհետեւ կոռումպացված պետությունում ընդունվում են անարդյունավետ որոշումներ, բոլորովին պատահական որոշումներ։ Տնտեսությունը չի զարգանա, եթե տնտեսական որոշում է կայացվում այն պատճառով, որ մեկի գրպանում շատ փող կա, ոչ թե՝ որովհետեւ դա խելամիտ որոշում է։ Կոռուպցիան ավերում է պետության տնտեսական կառուցվածքը, եւ միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղ մի քանի դոլար իր գրպանն է դրել։ Մինչդեռ դրանք կոպեկներ են՝ որոշումների հիմարության պատճառով ջուրը գնացած փողերի համեմատ։ Այստեղ տնտեսությունից բացի, հատկապես վտանգավոր է դատական համակարգի կոռուպցիան։ Քաղաքական գործիչներն առայսօր լուրջ չեն վերաբերվում դատարաններին։ Այնինչ դատարանը խորհրդարանի, կառավարության հավասարազոր գործընկերն է, գուցեեւ՝ ավելին։ Գերագույն դատարանի դատավորներն իրենց պաշտոնին կմնան մինչեւ կյանքի վերջը, իսկ նախարարին ամեն օր կարելի է հեռացնել։ Սահմանադրական դատարանի դատավորը, որը քննության է առնում օրենքը, ոչ պակաս իշխանություն ունի, քան օրենք ընդունողը կամ կիրառողը։ Դատական իշխանության առավելությունն այն է, որ պահանջում է կրթական ցենզ։ Պատգամավորը կարող է հեռու լինել ընթերցանությունից, նախագահը կարող է ոչ մի կրթություն չունենալ, դե, նախարարը գոնե ստորագրել պիտի կարողանա, իսկ դատավորն առնվազն համալսարան պիտի ավարտի։ Դա, իհարկե, դեռ երաշխիք չէ, որ նա խելոք ու ազնիվ կլինի, բայց գոնե հավանականությունն աճում է։ ԾՈՎԻՆԱՐ ՆԱԶԱՐՅԱՆ Վարշավա-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել