ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԷԼ Է ՄԵՐ ԸՆԿԵՐԸ, ՆԱՏՕ-Ն ԷԼ Հավատարիմ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի դավանած կոմպլեմենտարիզմին՝ Հայաստանը երեկ հյուրընկալում էր ՌԴ նախագահ Վլ. Պուտինին եւ միաժամանակ անցկացնում սեմինար՝ «ՆԱՏՕ-ն եւ անվտանգության հեռանկարները Հայաստանում/Կովկասում» խորագրով։ Վարդան Օսկանյանը սեմինարի հիմնական զեկուցողը պետք է լիներ, սակայն հավանաբար դժվար է կոմպլեմենտարիզմն ապահովել նույն օրում։ Այնպես որ, ԱԳՆ-ն ներկայացրեց փոխնախարար Թաթուլ Մարգարյանը։ Սեմինարն իրենց ներկայությամբ պատվել էին բարձրաստիճան բազմաթիվ հյուրեր՝ ԱԺ պատգամավորներ, օտարերկրյա դիվանագետներ, պետական ու հասարակական կառույցների ղեկավարներ։ Իսկ Ատլանտյան դաշնագրի ասոցիացիան ներկայացնում էին Ասոցիացիայի նախագահ Ալան Լի Ուիլյամսը, գլխավոր քարտուղար Անտոնիո Բորջես դե Կարվալոն։ Վերջինս, հայկական ջերմ հյուրասիրությունից շոյված, լիքը բարի խոսքեր ասաց Հայաստանի հասցեին՝ նախապես խոստովանելով, որ նախորդ օրը ժամը 16-ից մինչեւ ուշ գիշեր իրեն այնպես են «պատիվ տվել», որ հիմա գլուխը մի քիչ ծանրացած է։ Սեմինարին մասնակցում էր նաեւ Ատլանտյան եւ եվրոպական համագործակցության հունական ասոցիացիայի նախագահ Թեոդոսիս Ջեորջիոն։ Սեմինարը, ՀՀ-ում ԵԱՀԿ ներկայացուցչության եւ Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության աջակցությամբ, նախաձեռնել է Հայկական ատլանտյան ասոցիացիան (ՀԱԱ), որի համանախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը սեմինարի բացման խոսքում նկատեց, որ «այսօր այն առիթն է, երբ մենք կարող ենք բաց քննարկումների արդյունքում ստանալ մեզ հուզող բոլոր հիմնական հարցերի պատասխանները»։ ՀԱԱ-ի նպատակն է՝ «խթանել Հայաստանի կապերը ՆԱՏՕ-ի երկրների հետ եւ առավել ըմբռնելի դարձնել ՆԱՏՕ-ի առաքելությունն ու գործունեությունը փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում»։ ՀԱԱ համանախագահներ Արմեն Դարբինյանի եւ ԳԱԱ ակադեմիկոս Նիկոլայ Հովհաննիսյանի ելույթների հիմնական շեշտադրումը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության օգտակարությունն ընդգծելն էր։ Ն. Հովհաննիսյանը շեշտեց, որ ՆԱՏՕ-ն միակ հզոր կառույցն է աշխարհում, «պահպանելով ռազմական կառույց լինելու հանգամանքը, նրա գործունեության մեջ ավելի ու ավելի շեշտվում է քաղաքական ասպեկտը»։ Ըստ պրն Հովհաննիսյանի՝ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ծրագրերին մեծապես կնպաստի մեր երկրի «միջազգային վարկի բարձրացմանը», միաժամանակ ՆԱՏՕ-ի հարուստ հնարավորություններից ու ֆինանսներից օգտվելու առիթը չպետք է կորցնենք։ Նիկոլայ Հովհաննիսյանը նաեւ նկատեց, որ Հայաստանում շատերը ՆԱՏՕ-ն նույնացնում են այդ կառույցի անդամ Թուրքիայի հետ, եւ շտապեց վստահեցնել, որ դա այդպես չէ։ Եթե Հայաստանը հարձակվի Թուրքիայի վրա, ՆԱՏՕ-ն դուրս կգա Հայաստանի դեմ՝ պաշտպանելով իր անդամ երկրին։ Մնացյալ դեպքերում ՆԱՏՕ-ի վերաբերմունքը կախված չէ Թուրքիայից։ «ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները Թուրքիա-Հայաստան հարաբերությունները չեն»,- ասաց Ն. Հովհաննիսյանը։ Թուրքիան եւ Հունաստանը երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամ են, բայց չլուծված կոնֆլիկտ ունեն։ Այս առիթով Հայաստանում Հունաստանի լիազոր եւ արտակարգ դեսպան, ՆԱՏՕ-ի հավատարմագրված դեսպան Պանայոտիս Զոգրաֆոսը նկատեց, որ Հունաստանի կառավարության պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը պայմանավորված է Կիպրոսի հարցի արդարացի լուծմամբ, ինչը, ըստ դեսպանի, դեռ տեսանելի չէ։ Իսկ ԱԺ պատգամավոր Վազգեն Խաչիկյանը, արձագանքելով դեսպանի այն պնդմանը, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները որոշումներն ընդունում են կոնսենսուսով, նկատեց, որ «դա չխանգարեց, որպեսզի ՆԱՏՕ-ին անդամակցող Թուրքիան ոտնձգություն կատարի նույն ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի տարածքային ամբողջականության դեմ երեք տասնամյակ առաջ»։ Ինչեւէ, ՆԱՏՕ-ին անդամակցության առավելություններն ու թերությունները Հայաստանին առայժմ չեն սպառնում, քանի որ, Նիկոլայ Հովհաննիսյանի ու Թաթուլ Մարգարյանի վկայությամբ՝ գոնե առաջիկա 10 տարիներին ՆԱՏՕ-ն չի պատրաստվում իր գիրկն ընդունել ոչ Հայաստանին, ոչ էլ՝ Ադրբեջանին ու Վրաստանին։ ԱԳ փոխնախարար Թաթուլ Մարգարյանը մի շատ բարդ ու խուճուճ ելույթ ունեցավ եւ, իր շեֆի գաղափարներին չդավաճանելով, հիմնականում տարբեր երկրների ու կառույցների հետ բազմակողմանի համագործակցության կարեւորությունը շեշտեց։ «Առաջիկայում Հայաստանը Եվրոատլանտյան գործընկերության հովանու ներքո հյուրընկալելու է մի քանի սեմինարներ՝ նվիրված տարածաշրջանում անվտանգության վրա տնտեսական գործոնների ազդեցության բացահայտմանը, փոքր եւ թեթեւ զենքերի անօրինական տարածման կանխմանը, արտակարգ իրավիճակների կառավարմանը, մարդասիրական ականազերծմանը, արտահանման վերահսկմանը եւ այլն»,- տեղեկացրեց Թ. Մարգարյանը։ Արմեն Դարբինյանը ԱԳ փոխնախարարից ցանկացավ ճշտել՝ ՆԱՏՕ-ն անմիջական դեր պետք է ունենա մեր կոնֆլիկտների լուծման բանակցություններո՞ւմ, թե՞ «հետկոնֆլիկտային ռեաբիլիտացիոն խնդիրներում»։ Թ. Մարգարյանը տեսնում է «ՆԱՏՕ-ի դերը Կովկասում ընդհանուր միջավայրի առողջացմանն ուղղված քայլերում, վստահության միջավայրի ստեղծման գործում, որն ինքնին խիստ նպաստավոր ազդակ կարող է լինել հակամարտությունների կարգավորման գործում»։ Բավականին անորոշ ու լղոզված ձեւակերպում չէ՞։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ