վահրամ մարտիրոսյան խաչի անվամբ ծպտվածները Նախորդ գլուխների համառոտ բովանդակությունը 1123 թ. ապրիլի 9-ին Երուսաղեմի Բալդուին Բ թագավորի բանակը շրջապատվում եւ ջախջախվում է թուրք-սելջուկ Բալակ ամիրայի կողմից: Մի խումբ խաչակիր ասպետների ու տիկնանց, որոնց հետապնդում են թշնամիները, Լեւոն Ռուբինյան իշխանը ապաստան է տալիս Բեհեսնի բերդաքաղաքում` վտանգելով իր ավագ եղբոր` Կիլիկիայի հայոց իշխանաց իշխան Թորոսի, եւ Բալակի միջեւ կնքած խաղաղության պայմանագիրը, ըստ որի Ռուբինյանները որեւէ աջակցություն չէին ցուցաբերելու թուրքերի թշնամի «ֆրանկներին»:: Ասպետներին ոչինչ հայտնի չէ Բալդուին Բ-ի եւ Եվմորֆիա թագուհու ճակատագրի մասին, բայց կան ականատեսներ, որ թուրքերը գերի են վերցրել Բալդուին Առաջինի կնոջը` այրի թագուհի Արդային, որ Լեւոն իշխանի քույրն է: 3. արդա թագուհին իր ամուսնության առաջին օրից դժբախտ էր Արդա թագուհին իր ամուսնության առաջին օրից դժբախտ էր: Նրա դառը ճակատագիրն էին ողբում դրսում դեռ խումբ-խումբ հավաքված կանայք եւ դռների առաջ դրած ցածր աթոռակներին նստած վախ-վիշ անող պառավները: Ընդհանուր մռայլությունը խորացնում էր այն, որ ժամհար Հակոբը շարունակում էր զարկել տագնապի զանգը, որ ռամիկները Գսռնակորզակ, այսինքն՝ Անգղ էին կոչում: – Տեր հայր, թագուհին սրան արժան չէր: Քրքրվեն թուրքերը՝ սրան արժան չէր,- աղբյուրի մոտ կանգնած կանանց խմբից ինձ ձայն տվեց արծաթագործ Ներսեսի կին Հեղինեն: Նա, շատ ուրիշների նման, տեսել, նույնիսկ շփվել էր թագուհու հետ, որը, Լեւոն իշխանի մոտ օթեւանելիս, ամեն օր այցելել էր աղքատներին ու որբեւայրիներին: – Սուրբ է, սրբի պես կին է թագուհին, ափսոս թագավորի ձեռին օր չտեսավ,- ձեռքերը ծնկներին խփեց Փեփրոնեն՝ սայլվոր Բարսեղի կինը, որը թագուհու բաշխած դրամով վերականգնել էր 1103 թվականի սելավից փլուզված ու տարիներ շարունակ կիսավեր մնացած տունը: – Ինչքան տանջվեց խեղճը թաղած մորուքի պատճառով,- լսվեց զինվորի կին Եսթերի թավ ձայնը, որը երկար, բայց հետաքրքիր կին էր, մեծ կրծքերով ու խոշոր մարմնով: Ես կանգ առա, որ նա ավելորդ բաներ դուրս չտա: Հինգ տարի առաջ Եսթերի ամուսինը գերվել էր, իսկ հետո, մի քանի ամիս անց՝ անհետ կորել: Նրան աչք էր դրել ջենովացի այրի վաճառական Պաոլոն, բայց քանի որ կարգը թույլ չէր տալիս կնոջը ամուսնու գերվելուց յոթ տարուց շուտ նորից պսակվել, Եսթերը, սրտի չարությունից, սկսել էր փնովել մեր օրենքները: – Լեզուդ քեզ քաշի՛ր, լի՛րբ: Դա կնոջ խոսելու բան չի,- տղամարդկանց խմբից, որը հավաքված էր իշխանի մթերանոցի պատի տակ, հարսին սաստեց միջնեկ տեգրը, որ հետեւում էր նրա ամեն քայլին: – Որ եղբորդ երեք լակոտներին պահում եմ դրա համա՞ր եմ լիրբ, թե՞ որ հինգ տարի մարդավարի շոր չեմ հագել`դրա համար, – չչափավորվեց Եսթերը: – Տերը դժբախտությունը տալիս է մեր մեղքերի համար,- ասացի ես,- իսկ դու, պղծախոսելով, նորից մեղանչում ես Աստծո առաջ, Եսթե՛ր: – Բայց ասածս ի՞նչ էր, որ վրա պրծավ, տեր հա՛յր: Ճիշտ չէ՞, որ խեղճ թագուհին թաղած մորուքի համար տանջվեց: Ճշմարտություն էր, իհարկե, որ Արդայի փորձությունների մեջ դեր ունեցավ Բալդուինի մորուքի պատմությունը, բայց բոլորին հայտնի էր նաեւ, որ դա պատրվակ էր, որպեսզի նա կնոջը հալածելի: Իսկ ողջ խնդիրը ծագել էր նրանից, որ իշխանաց իշխան Թորոս Ռուբինյանը, արքայավայել օժիտ սահմանելով, քրոջը Բալդուինի հետ ամուսնացնելուց, պայման էր կնքել նաեւ, որ նա անմազ դեմքով չի շրջի` լատինացիների սովորությամբ, այլ մորուք կպահի եւ ընտանիքում կհետեւի հայոց վարքուբարքին: Բալդուին դը Բուլոնը հարգել էր պայմանը, քանի դեռ Եդեսիայի կոմսն էր, բայց երբ 1101 թվականի Սուրբ Ծննդյան տոնին օծվեց Երուսաղեմի թագավոր, հայտարարեց, թե պատրաստվում է սափրվել, քանի որ իր արքունիքը համարում է, որ անհավատներին են ճանաչում դեմքի երկար մազերից: Իշխանաց իշխանը նամակ գրեց, թե հայերի մորուքները կարճ են՝ ի տարբերություն անհավատների, բացի այդ, անօրեն Մահմեդի լույս աշխարհ գալուց դարեր առաջ, Քրիստոսը եւ եկեղեցու հայրերը մորուք են կրել: Նա նաեւ հիշեցրել էր Տիրոջ 1084 թվականին` դեռ նախքան խաչակիրների գալը, պատահած դեպքը, երբ անտիոքցի հույների ամբոխը խուզել էր Գորգ Շիրակացու մորուքը, ծաղրել ու խլել նրա ունեցվածքը: Գորգը թուրքերից վերցրել էր հինգ հարյուր ձիավոր, գրավել Անտիոքի ողջ գավառը, շատերին կոտորել, գերել ու քաղաքն էլ վառել: «Ես եմ Գորգ Շիրակացին, որի մորուքը կտրեցիք: Ահա այս արժի մի մորուքը»,- Անտիոքի հրապարակում բյուզանդացիների երեսին բղավել էր նա: Բալդուինը պատասխանել է, որ իրեն պետք չէ խառնել վախկոտների հետ, որոնք սիրում են բազմությամբ հարձակվել փոքրաթիվ մարդկանց վրա, եւ նման վիրավորանքը բավական է, որ իրեն ազատ համարի տված խոսքից: Թորոսը, որը վաղուց համոզվել էր, որ պետք չէ լատինացիների երդումներին հավատալ, ուստի քրոջ վաթսուն հազար ոսկի օժիտից միայն տասնյոթ հազարն էր միանվագ վճարել, հայտնեց Բալդուինին, որ այլեւս մի պղնձադրամ նույնիսկ չի ստանա: Թագավորն անմիջապես հրաժարվեց սափրվելու մտադրությունից եւ միայն երբեմն, երբ գանձարանը դատարկվում էր, լուր էր տալիս Թորոսին, թե մորուքից կազատվի, եթե օժիտի հերթական բաժինը չուղարկի: Միայն թե Արդայի դժբախտությունները դրանով չեն վերջացել: Մի օր թագուհին լքել է Երուսաղեմն ու եկել Թորոսի ոստանը՝ Վահկա: Պարզվել էր, որ հարճերն ազատ ելումուտ էին անում Բալդուինի մոտ, որը հայտարարել է, թե թագուհու պատճառով է անզավակ, բայց հանուն թագավորության պետք է ժառանգ ունենա, թեկուզեւ նույնիսկ նա լինի ապօրինի: Իհարկե, արքունիքը սիրտ չէր արել նրան հիշեցնել, որ երեխա չէր ունեցել նաեւ իր առաջին կին Գոտհիլդից, որն ամուսնուն ուղեկցել էր խաչակրաց արշավանքի առաջին օրերից, հետո հիվանդացել ու 1097 թվականին մահկանացուն կնքել Մարաշում: Միաժամանակ ասեկոսներ էին տարածվել ամենուր, թե նա անկողնում թագուհուց պահանջել է ինչ-որ այլանդակ ու անասնական բաներ, որոնք դեմ էին հայոց սրբություններին եւ կապ չունեին մանկածնության հետ: Թորոսը լուր ուղարկեց թագավորին, թե զինադադար կկնքի թուրքերի հետ եւ խաչակիրներից կխլի բոլոր հայ իշխանների ամրոցները, որոնց իր օգնությամբ նրանք տիրացել են Միջագետքում: Բալդուինը պատասխանեց, թե հայերը միշտ էլ առիթ են փնտրել անհավատների հետ դաշնակցելու եւ ինքը սիրով դուրս կգա պատերազմի, որպեսզի Թորոսին հիշեցնի, որ զարմն է Սրբազան Հռոմեական Կայսրության տիրակալների, որոնց «սրերը հաճախ են շառագունել» իրենց հպատակ հայերի արյունից: «Լեռների իշխանի անունից շուտով քո ականջին կշշնջան այս խոսքերը` «Դու ոչինչ չես հիշեցնի Թորոսին եւ երակներիդ մեջ այլեւս չի հոսելու հռոմեական արյունը»,- պատասխան է գրել իշխանաց իշխանը: Ռուբինյաններին հաճախ էին «Լեռների իշխան» կոչում հարեւան երկրների բնակիչները, քանի որ նրանք տիրում էին Տավրոսյան ու Սեւ լեռնաշղթաներին, բայց թագավորն այդ անվանման մեջ կարող էր որսալ մի սարսափելի ակնարկ: Լեռների իշխան՝ Շեյխուլջիբալ, անունն էր կրում նաեւ իրեն իսլամի առաքյալ հռչակած ալ-Հասան իբն-ալ-Սաբահը, որն, Ալամուտ անմատչելի ամրոցում հաստատված, մարդասպանների էր վարժեցնում, որոնց դաշույնների համար չկային անհասանելի մարդիկ: Բավական էր, որ Թորոսը քրոջ օժիտից մնացած քսան հազար ոսկին ուղարկեր նրան, եւ «Դու ոչինչ չես հիշեցնի Թորոսին, եւ երակներիդ մեջ չի հոսելու հռոմեական արյունը» բառերն իսկապես վերջինը կլինեին Բալդուինի կյանքում: Սուրբ Երուսաղեմի թագավորը պատգամաբերների միջոցով խորը զղջում է հայտնել նորից եւ Արդային խնդրել վերադառնալ՝ իր հետ բերելով նաեւ օժիտի մնացած ոսկին: Բայց նրա վրա ազդել էր երեւի ոչ միայն Թորոսի սպառնալիքը, այլեւ այն, որ նամակագրությունը ձգվել էր արդեն հինգ-վեց ամիս, եւ ակնհայտ դարձել, որ հարճերն էլ թագավորին ժառանգ չեն պարգեւում: Թորոսը պատրաստվեց Արդային հաղթականորեն ճանապարհել ետ, բայց այս անգամ թագուհին էր հրաժարվում՝ մտադրված լինելով թողնել աշխարհիկ կյանքն ու հեռանալ մենաստան: Թորոսը չէր ուզում լսել այդ մասին, պնդելով, որ վերացել են պատճառները, որոնք նրան ստիպել էին պալատը լքել: Թագուհին, համառ հորդորներին չենթարկվելու համար, հայրական տնից տեղափոխվել էր Լեւոն իշխանի մոտ, բայց երբ նա էլ էր քրոջը համոզել, որ իր որոշումը կործանարար է երկրի համար, ի վերջո, համակերպված, վերադարձել էր Երուսաղեմ: Որոշ ժամանակ անց, սակայն` 1113 թվականին, լուր էր ստացվել այնտեղից, թե Բալդուինն, առանց ամուսնալուծվելու, արձակել է կնոջն ու Առնուլֆ պատրիարքի խորհրդով պսակվել հարուստ այրի Ադելաիդա Սիցիլիացու հետ: Իսկ Արդային նա հորդորել էր մտնել Սուրբ Աննայի վանքը, բայց թագուհին Բալդուինին հակադրվելու համար հրաժարվել էր իր վաղեմի մտադրությունից: Այս անգամ նա մեկնել էր Կոստանդնուպոլիս, ուր փառավոր ընդունելություն էր գտել, ինչպես բոլոր վիրավորված թագակիրները, որոնց Բյուզանդիայի կայսրն օթեւան էր տալիս, մինչեւ կորոշեր, որ հնչել է նրանց նորից ասպարեզ հանելու ժամը: Ադելաիդայի հետ ամուսնությամբ Բալդուինն ուզում էր փրկել դատարկ գանձարանը, որին հրեա վաշխառուներն այլեւս վարկ չէին տալիս ոչ մի երաշխիքով: Բայց կիլիկիականի նման` սիցիլիական օժիտից էլ շուտով բան չմնաց, երբ ռոճիկ վճարեցին ամիսներով փողի երես չտեսած ասպետներին: Թեեւ, ավելի ճիշտ, մնաց ինքը՝ նոր թագուհին՝ ավելի արդյունավետ հարկեր սահմանելու իր խորամանկ ծրագրերով, դողդոջուն քայլվածքով եւ ծամածուռ ժպիտով, որը մինչեւ վերջ բացում էր նրա դեղին ատամները: Բայց մյուս պատրիարքները երկար չհանդուրժեցին թագավորի երկկնությունը, եւ եկեղեցին ընդվզեց Առնուլֆի չարանենգ ազդեցության դեմ: Նրանք, հավատ չընծայելով Կոստանդնուպոլսում Արդայի անբարո վարքի մասին հերյուրանքներին, որ թագավորի դրդմամբ բարոններն էին տարածում, պարտադրեցին Բալդուինին, որ օրինական թագուհուն հրավիրի ետ: Միայն թե Արդան այդ ժամանակ չվերադարձավ. նա Երուսաղեմ ոտք դրեց միայն երկու տարի հետո՝ 1118 թվականին, երբ Բալդուինը վախճանվել էր հին վերքերից մեկի բացվելու պատճառով` գանձարանն ավարով համալրելու նպատակով Եգիպտոսի դեմ ձեռնարկած արշավի ճանապարհին: Նրան փոխարինեց եղբորորդին՝ Բալդուին դը Բուրգը, որի կինը՝ նույնպես հայազգի Եվմորֆիան, խնդրեց, որ Արդան գար եւ քրոջ նման կիսեր իր հետ խաչակրաց գահակալուհու հոգսերը: Եվ ահա զինվորի կին Եսթերն Արդայի այս բոլոր դժբախտությունները վերագրում էր միայն Բալդուին Ա-ի մորուքին: Բայց մորուքն էլ անկարեւոր չէր. մեր նախնիները դարեր շարունակ ավանդել էին, որ հասուն տղամարդը պետք է բեղ-մորուքով լինի, ֆրանկներն էլ իրենց Արեւելք գալու օրվանից փորձում էին տարածել նոր զուգս-զարդարանքը: Կանայք չորս կողմից «Սու՛ս, ամո՜թ է, սու՛ս, աղջի, տղամարդի երես կնոջ պես անմազ չի լինի» խոսքերով շշպռեցին Եսթերին, որը միգուցե հող էր նախապատրաստում, որ հետագայում իրեն չդատապարտեն, երբ ամուսնանա անմազ Պաոլոյի հետ: – Արդա թագուհին այնքան սրբակյաց է,- ասացի ես հատ-հատ,- որ բերանից բերան են անցնում նրա խոսքերը, որ ասել է վերջին անգամ թագավորի մոտ վերադառնալիս. «Աստված ամեն ինչ ճիշտ է արարել, բացի մի բանից՝ մարդն ուրիշ կերպ պետք է բազմանար»: Բոլորը լռեցին՝ իմ խոսքերից ազդված: – Իսկ ի՞նչ կլինի մեր Փրկչի Սուրբ Գերեզմանը. նորից չի՞ ընկնի անօրենների ձեռքը,- տղամարդկանց մեծ խմբից հարցրեց ինձ մեկը, որի դեմքը չզանազանեցի վրա հասած մթան պատճառով: – Պետք է գիշեր ու զօր աղոթենք առ Աստված, որպեսզի հանկարծ այդ բանը չկատարվի: – Եթե Պաղտին Երկրորդին սպանվել է, նա արու զավակ չի թողել` ֆրանկները կկռվեն իրար հետ գահի համար,- ասաց կրպակավոր Կյուրեղը` թագավորի անունն ռամիկների ձեւով արտասանելով: – Ողջ էլ լինի, գերությունից շուտ չի պրծնի: Թագավորի կյանք է` շուն թուրքերը շատ թանկ կգնահատեն,- ենթադրեց վաճառական Եփրեմը: – Կախված է նրանից, թե ով կնշանակվի գահի խնամակալ,- ասացի ես:- Պետք է պարկեշտ մարդ լինի, որ փրկագինն արագ հավաքի: Եթե ոչ՝ կձգձգի, որ ինքը իշխի: Ի՞նչ արեց Տանկրեդ մեծ ասպետը, երբ Անտիոքի դուքս Բոհեմունդ Տարենտացին գերի ընկավ… – Մատը չշարժեց նրան փրկելու համար, ու հինգ տարի տարի մնաց դքսության խնամակալ: Մեր Գող Վասիլ իշխանը պետք է, ուրեմն, հարյուր հազար ոսկի հավաքեր, որի տասը հազարն իր կողմից բաշխեց,- բորբոքված հայտարարեց քեսունցի ասորի Աթանասը, որը Վասիլին սառույց էր մատակարարել ամառները, երբ նա ողջ էր, եւ նույնը հիմա ավելի ցուրտ Բեհեսնիում էր անում: – Լավ, մենք Պեմունդի մասին ենք մտածում: Բա որ Պալակն ամեն ինչ թողնի ու հարձակվի մեր Պեհեսնիի վրա,- հարցրեց Կյուրեղը` ռամկորեն «պ» ասելով բոլոր «բ»-երի փոխարեն:- Մենք պայման ունեինք, որ ֆրանկներին չենք օգնի,, չէ՞: – Թուրքի հետ պայմանս որն է. երբ իրեն պետք է` կխախտի,- ասաց Ներսեսը: – Մի ասա, թուրքի հետ աղուհաց կերար`չի մոռանա. վրացու նման չի,- չհամաձայնեց Բանիկ անունով պատշարը, որի պապը գաղթել էր Լոռուց: – Աշխարհք` աշխարհքով, դու` քո վրացիներով,- վրա տվեց Բանիկին Ներսեսը: Հանկարծ խմբից առաջ եկավ դարբին Մինասի տղան, որի անունը կարծես թե Դավիթ էր: Բոլորի ուշադրությունը լարվեց, քանի որ չխոսկան տղա էր, ինչպես որ սովորաբար դարբիններն են լինում. – Տեր հայր, չի կարելի ձեռքերը ծալած նստել: Մինչեւ ֆրանկների խելքը գլուխը գա, մինչեւ քսակները բացեն, անօրեններն իրենց երկիրն էլ կգրավեն, մերն էլ: – Իսկ ի՞նչ կարող ենք անել սպասելուց ու աղոթելուց բացի,- հարցրեցի ես: – Պարզենք` ուր են տարել Արդա թագուհուն ու գնանք զենքով ազատենք: Չնայած տխուր տրամադրությանը, բոլորը հռհռացին: Նույնը Բալակ ամիրան կաներ, եթե լսեր, որ իր դեմ գալիս է թեկուզ ամբողջ Բեհեսնին: Քանի որ եթե իշխանը հինգ հարյուր հեծյալ ու հազար զինվոր էլ դուրս բերեր կռվի, ամիրան հիսուն անգամ մեծ բանակ կհավաքեր: Դարբինի տղան փորձեց ինչ-որ բան բացատրել, բայց մյուսներն, իրար հերթ չտալով, ծաղրեցին նրա առաջարկը: Այնպիսի ժխոր բարձրացավ, որ մոտակա բակերի շներն սկսեցին հաչել, իսկ սուրհանդականոցի պատուհանից, որտեղից մինչ այդ գալիս էր սեղանին գլորվող ոսկորե զառերի ձայնը, ամեն ինչի հանդեպ անտարբեր գրատարները դուրս հանեցին գլուխները: Ես ասացի, որ անքննելի են Տիրոջ ուղիները: Աղաչենք, որ Աստված մեղավորներիս ելք ցույց տա: 4. սուրբ խաչ հիվանդանոցը նախկինում եղել էր իջեւանատուն Սուրբ խաչ հիվանդանոցը նախկինում եղել էր իջեւանատուն: Հանգուցյալ Իզաբել իշխանուհին այն գնել էր հույն տիրոջից եւ ենթարկել համապատասխան ձեւափոխությունների: Սյունազարդ ու կամարակապ բաց զբոսապատշգամբը փակել էին սրբատաշ քարերով, իսկ սյուների միջեւ եղած տարածությունները միջնորմների օգնությամբ վերածել խորշերի, որոնցից ամեն մեկում մի հիվանդ էր տեղավորվում: Հակառակ դրան, քանդել էին նախկին ճաշասրահի ու զբոսապատշգամբի միջեւ եղած պատը, որի շնորհիվ ընդհանուր սրահից հիվանդախնամներին տեսանելի էին բոլոր խորշերը: Իզաբել դը Բուլոնը հիվանդանոցին էր նվիրել նաեւ երկու գյուղ` իր օժիտից, որպեսզի դրանց եկամուտով հոգային կերակուրի ու դեղերի կարիքները: Մեծ սրահում, եզրային խորշի դիմաց, որտեղ կոմս դը Գրենիեն էր, նստած էր Լեւոն իշխանը` շրջապատված ողջ շքախմբով: Կոմս դը Գրենիեն ուշակորույս էր, բայց վերքերը ծանր չէին, պարզապես, ըստ ամենայնի, արյունազրկվել էր: Մինչդեռ կային երկու վիրավոր, որոնք մահամերձ էին, եւ ես նախ նրանց մոտեցա` իմ պարտքը կատարելու: Մեկը երեսունհինգին մոտ չեչոտ ու նեղ դեմքով ասպետ էր, որին թշնամու թուրը համարյա կիսել էր գոտկատեղից: Նրա մահճակալի վրա կռացած պալատական բժիշկ Տիրատուրը պտղունցով աղ էր սեղմում վերքին` արյունը դադարեցնելու համար: Բժշկին օգնում էր Լեւոն իշխանի տասնյոթամյա դուստր Բեատրիսը, իսկ լիքը-լիքը մի արաբուհի, որը երեւի ասպետի հարճն էր, նստած էր խաչակիրի գլխավերեւում` գիրկն առած նրա ձախ ձեռքը: Վիրավորը, որ ուժեղ տնքտնքում էր, նախ ինձնից փախցրեց մանր աչքերը, հետո, գլուխն աջուձախ շարժելով, հրաժարվեց վերջին հաղորդությունից: Տիրատուրն` ինքն էլ վատառողջ, որովհետեւ դեռ չէր կազդուրվել ուժեղ ջերմից, ինձ նվազ ձայնով բացատրեց, որ ասպետը հայերիս համարում է հերետիկոս եւ միայն կաթոլիկ քահանայից է համաձայն հաղորդություն ընդունել: Նա իհարկե գիտեր եւ հայտնած կլիներ վիրավորին, որ Բեհեսնի ամրոցում կաթոլիկ քահանա չկա, ուստի ես որոշեցի, որ այստեղ անելիք չունեմ: Անզգուշորեն դիպչելով մահճակալի կողքին դրած նիզակին ու անպատեհ զնգզնգոցով փլելով գետնին դարսած զրահների կույտը` ես դուրս եկա սրահ, որտեղ աղոթք մրմնջացի Աստծուն` փրկություն խնդրելով ասպետի հոգու համար: Իշխանադուստր Բեատրիսն ինձ ուղեկցեց մյուս մահամերձի խորշը: Նա երկար հասակով երիտասարդ ուխտավոր էր, որը թունավոր նետից խոցվել էր հենց ամրոցի դարպասների մոտ եւ հիմա մահճակալի վրա կուչուձիգ էր գալիս: Միանձնուհի Ստեֆանին սրբիչով քրտինքն էր չորացնում նրա նիհար դեմքին, որն անմիջապես նորից պատվում էր կաթիլներով: – Խնդրում եմ ինձ վերջին հաղորդություն տալ ձեր երկրի կարգով, տեր հայր,- լատիներեն բառերը ճիշտ գործածելով, բայց անվարժ արտասանությամբ ասաց ուխտավորը:- Ես Երուսաղեմ էի գնում՝ մեղքերիս թողություն խնդրելու, բայց քանի որ խաչակիր զորքի հետ ճանապարհս շեղեցի դեպի Միջագետք, ընդմիշտ զրկվեցի Տիրոջ գերեզմանը համբուրելու բախտից: – Մի քիչ էլ համբերություն. ուր-որ է Մխիթարը տեղ կհասնի, – ուխտավորին սրտապնդեց Բեատրիսը:- Եթե թույնը ծանոթ լինի նրան, քեզ անպայման կբուժի: Վիրավորի դեմքն ու շնչառությունը թույլ չէին տալիս հավատալ, որ նա կդիմանա՝ մինչեւ Վարդահերի գյուղից Բեհեսնի հասնի օձի կծածը բուժող հայտնի հեքիմը: Բայց ինքս էլ եռանդով գովեցի Մխիթարին, որ ուխտավորին ապրելու հույս տամ, քանի որ փորձով գիտեի. մահը համոզում է մարդուն, հետո՝ տանում: Բեատրիսն ու միանձնուհին դուրս եկան խորշից: Ես վիրավորից հարցրի անունը: Նա ասաց՝ Ջերալդ, բայց տոհմանունը չտվեց. – Դա կարեւոր չէ, տեր հայր: Թողություն տուր մեղքերիս, որոնց համար Անգլիայից ոտքով այստեղ եմ հասել: Ինչպես հաճախ լինում է այդպիսի ժամանակ, անտեղի միտք եկավ գլուխս, թե գոնե Անգլիայից մինչեւ Ֆրանսիա նա պետք է նավով անցած լիներ եւ ոչ թե`ոտքով: Ինքս էլ նույն պահին զարմացա, թե ինչքան անարդար էի ուխտավորի հանդեպ, որը երկրներ ու ծովեր է անցել՝ հանուն մեղքերը քավելու: – Մեր եկեղեցին անհատական խոստովանություն չի պահանջում, այդ պատճառով չեմ հարցնի, թե ինչ մեղք ես գործել, Աստծո ծառա Ջերալդ,- զգուշացրի ես: – Տեր հայր, դա էլ իմ բախտավորությունը համարեմ: Ես ո՛չ կուզենայի, ո՛չ էլ երեւի հասցնեի քեզ խոստովանել իմ սարսափելի մեղքը: Դու էլ երեւակայիր, թե որն է ամենազարհուրելի մեղքը` եւ համարելով, որ հենց այդ մեղքն եմ գործել, թողություն տուր ինձ: Գլուխս չեկավ որեւէ մեղք, որը բոլորից ավելի սարսափելի լիներ ինձ համար, բայց երեւի թե ծանր հանցանք էր գործել, որ խուսափում էր նույնիսկ տոհմանունն ասել: Ես թողություն տվեցի նրա մեղքերին ու կատարեցի վերջին հաղորդության կարգը: Ուզում էի դուրս գալ արդեն, երբ նա ինձ խնդրեց սպասել եւ, զսպելով իր ջղաձգումները, մերկ մարմնի վրայից քանդեց մի քաթանե գոտի. – Սրա մեջ տասնհինգ ոսկի կա՝ հինգը վերցրու թաղման ծախսերի ու պատարագի համար, իսկ մնացած տասը՝ որպես հողադրամ աղքատներին բաժանելու: Բայց ոչ մեկը… նույնիսկ իմ ուխտավոր ընկերներից ոչ մեկը, թող փողի մասին չիմանա… մինչեւ ժամանակը չհասնի: Ես գոտին տեղավորեցի փարաջայիս ներքին գրպանում, իսկ նա անծանոթ առարկա գնահատողի հայացքով երկար նայեց աչքերիս ու ասաց. – Դու վստահելի մարդ ես, ես քեզ շատ եմ հավատում: – Ինչու՞, Աստծո ծառա Ջերալդ,- մի քիչ լռելուց հետո հարցրի ես: Նա նույնպես դադար տվեց, հետո աչքը կկոցելով պատասխանեց. – Երեւի՝ նիհար մարդիկ պետք է իրար հավատա՞ն: Երկուսս էլ ծիծաղեցինք այն բանի վրա, թե երբեմն ինչ չնչին երաշխիքներ կարող է ունենալ մարդը, որն ստիպված է իր գաղտնիքն ուրիշին վստահել: Հետո ես այցելեցի մյուս վիրավորներին, որոնց խնամողները կամ իրենց հարճերն էին, կամ` հետները եկած պոռնիկներ, բացի կոմսից, որի գլխավերեւում կանգնած էր տիկին դը Գրենիեն: Օրհնեցի, սփոփեցի` ըստ կարելվույն, եւ ասացի, որ աղոթելու եմ իրենց ապաքինման համար: – Այո, մնում է աղոթել Աստծուն, որ սահման դնի մեր փորձություններին,- ասաց ինձ իշխանը եւ պատվիրեց, որ սպանվածների հոգու հանգստության, վիրավորների ապաքինման եւ գերիների փրկության համար ուղիղ կեսգիշերին պատարագ մատուցեմ: Երբ դուրս եկա հիվանդատան բակ, այնտեղ հավաքված ասպետներն ու ուխտավորներն ինձ խնդրեցին հայտնել մահամերձների վերջին կամքը: – Ասպետը չցանկացավ, որ հայ առաքելական քահանան իրեն վերջին հաղորդություն տա, եւ բնական է, որ իմ գործը չէր նրա վերջին կամքը հարցնել: – Ինձ էլ վերջին կամքը չասաց, չնայած երկուսս էլ նորմանդացի ենք,- ափսոսանքով գլուխն օրորեց ամենատարեց ասպետը, որը հիսունին մոտ էր:- Երուսաղեմի իր տանը ոսկի կունենար հորած: Ժառանգ չունի՝ ո՛չ այստեղ, ո՛չ էլ` Ֆրանսիայում. կարող էր գոնե զրահներն ինձ կտակել՝ որպես իր հայրենակցի: – Խոզ էր, խոզ, մեռնելուց էլ իրեն խոզի նման պահեց: Քանի՜ կռվի ենք մասնակցել իրար հետ: Պետք է պատվիրեր ձին ու զրահները ծախել եւ փողը բաժանել իր ընկերներին,- իր վրդովմունքը հայտնեց սպիտակ թիկնոցին կարմիր խաչ կարած ասպետը` նրա հագին 11 տարի առաջ՝ Տիրոջ 1112 թվին, հիմնված Հիվանդախնամների միաբանության հանդերձն էր:- Համոզված եմ՝ ինչ էլ թողնի՝ իր Ֆաթիմային է թողնելու: – Հիմա Եվսթատ դը Գրենիեն կամ Ժոսլին դը Կուրտընեն, որպես դիրքով ամենաբարձրը, մի երկու ոսկի կտան թաղման ծախսերի համար եւ ձին ու զրահները կվերցնեն իրենց,- ասաց տարիքավորը: – Ճիշտն այն է, որ կոմսերին խնդրենք ձին հատկացնեն Անտուանին,- ցույց տալով ոչ հեռու` ավերակ սյան մնացորդին, գլուխը բռնած-նստած ասպետին` ասաց դը Լուսինյանը:- Նա իր հայրենի գյուղն էր վաճառել, որ մարտական նժույգ առնի ու Սուրբ երկիր գա: Կռվի մեջ ձին նետահարվեց, բայց դա բոլորիս հետ էլ կարող է պատահել. ազնվական է՝ հո չի՞ խառնվելու հետեւակ զինվորներին: – Շատերս ենք մեր հայրենի գյուղերը ծախել արշավանքի դուրս գալու համար,- ասաց հյուրընկալ ասպետը:- Դա չի նշանակում, որ հենց մեկի ձին սպանվի, նրան մյուսների հաշվին ձրի ձի պետք է հատկացնեն: Ինձ համար անիմաստ էր լսել մեռնող ասպետի ունեցվածքը կիսելու շուրջ վեճը: Թեեւ մտքումս նախանձեցի, որ մարդիկ այդպես բորբոքվում են ինչ-որ բանի համար, երբ որ ինձ, հոգուս խորքում ոչինչ չէր հուզում արդեն քանի ամիս: Եկեղեցու ճանապարհին թիկունքիցս լսեցի կրունկներ կտկտոց, հետո ինձ հասավ միանձնուհի Ստեֆանին. – Մտիկ դիր, տեր հայր, ուխտավ որ Ջերալդը կու մեռնի՞,- հայերեն, բայց` ռամկորեն, հարցրեց ինձ նա հուզված: – Չգիտեմ, քույր,- ասացի ես,- Տիրատուր բժշկից պետք է իմանալ: – Իսկ ի՞նչ մեղք գործեց, խեղճ, որ այդպես կու չարչարվի: Պարզ չէր` միանձնուհին իր կարեկցությունն էր արտահայտում, թե ուզում էր իմանալ, արդյոք ի՞նչ մեղք է խոստովանել ինձ Ջերալդը: – Չգիտեմ, քույր,- պատասխանեցի ես,- բոլոր մարդիկ են մեռնում` եւ հազվադեպ` առանց տանջանքի: Իսկ իր մեղքերից նա ինձ ոչինչ չխոստովանեց: Հեղինակը շարունակում է գրել վեպը. ձեր տպավորությունները եւ ցանկությունները կարող են ազդել գործողությունների հետագա ընթացքի վրա, եթե դրանք էլեկտրոնային փոստով կամ նամակով ուղարկեք «Առավոտ»: