Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այսօր

Սեպտեմբեր 15,2001 00:00

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՏԵՍԱԿ՝ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ Այսօր շատ է խոսվում հանրապետությունում առողջապահության համակարգի աշխատողների՝ տարիներով չտրվող աշխատավարձերի մասին։ Մարդիկ ձրի աշխատում են՝ այն հույսով, որ մի օր կստանան այդ գումարները։ Դե, նաեւ աշխատանք է, էլի, հիմա հե՞շտ է աշխատանք ճարելը, թեկուզեւ՝ չվարձատրվող։ Բայց արի ու տես, որ վիճակը բոլորովին այլ է Երեւանի «Հայք» բժշկական կենտրոնում (նախկին 4-րդ մանկական հիվանդանոց)։ Այստեղ մարդիկ աշխատավարձի կարիք չունեն (նրանք չեն ստացել 1999 թվի չորս ամիսների, 2000-ի 10 ամիսների աշխատավարձը, 2001-ինն էլ դեռ նոր-նոր է եկել)։ Այ, օրինակ, 2000թ. մարտ ամսվա աշխատավարձը վերցրել, հանգանակել ու նվիրել են հիվանդանոցին։ Իսկ ավելի ստույգ, բուժկենտրոնի բոլոր յոթ բաժիններում (մաշկաբանական, պաթոլոգիա, նեֆրոլոգիա, էնդոկրինոլոգիա, սոմատիկ, վերակենդանացման, կրծքի հասակի) նախնական ցուցակներ են ստորագրել՝ տալով իրենց համաձայնությունը՝ թողնելու աշխատավարձերը։ Միայն դրանից հետո են աշխատողներին տրվել ստորագրելու ռոճկացուցակները՝ որպես նվիրատվություն։ Սույն երեւույթը աննախադեպ չէ, այն նախկինում կրկնվել է կենտրոնի պոլիկլինիկայում։ «Հայք» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Հայկ Պետրոսյանը այսպես բացատրեց կատարվածը։ Նախորդ տարվա համեմատ, այս տարի իրենց «գլոբալ բյուջեն» (35 մլն դրամ) պակաս է գրեթե կրկնակի։ Կազմած նախահաշվով պարզել են, որ այն չի բավարարի կենտրոնի ընթացիկ ծախսերին (դեղորայքի պարտք, աշխատանքից ազատված մարդկանց վերջնահաշիվ, լույս, դատի տալու սպառնալիքներ)։ Ուստի աշխատակիցները (հո էդպես չէի՞ն թողնի) կամավոր հանգանակություն են կատարել եւ 2000թ. մարտ ամսվա աշխատավարձը տեղկոմի ժողովի որոշմամբ (ամեն ինչ օրինական, տեղը-տեղին) մուտքագրել են դրամարկղ։ Այդ հավաքված գումարներից, ինչպես նաեւ վճարովի ծառայություններից կուտակված գումարներից տրվել է 2001-ի փետրվարի աշխատավարձը։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք բոլորն են համաձայնել թողնել գումարները, պարոն Պետրոսյանը հավաստիացրեց, որ ով չի ուզել հանգանակել՝ ստացել է։ Նվիրատվությունը եղել է կա՛-մա՛- վո՛ր։ Հավանաբար նա տեղյակ չէր, որ այն մարդիկ, ովքեր չեն համաձայնել ստորագրել նախնական ցուցակները 2000-ի մարտի աշխատավարձը թողնելու համար, չեն ստացել 2001-ի փետրվարինը։ Հայկ Հայկովիչը հավատացած էր, որ մարդիկ ուզում են օգնել իրենց հիվանդանոցին. «Մեր կենտրոնը շատ մեծ օգուտ է տալիս ազգաբնակչությանը։ Չենք կարող թույլ տալ, որ այն փակեն։ Օպտիմիզացիայի եւ բարեփոխման ծրագրում նախատեսված էր այն բաժանել 1-ին եւ 3-րդ հիվանդանոցների միջեւ. 260 աշխատող անգործ կմնար։ Մեր աշխատակիցները հասկանում են իրավիճակը՝ ցույց չեն անում, գործադուլ չեն անում։ Ստորագրել ենք փաստաթուղթ, որ մենք եւս բողոքում ենք, բայց քաղաքական ակտեր չենք կատարում, մենք բժիշկ ենք»։ Հիվանդանոցում վերանորոգումը կատարում էր «Վերջին օրերի սրբեր» կրոնական կազմակերպությունը։ «Կարմիր խաչն» ու «Բժիշկներ առանց սահմանի» ֆրանսիական ընկերությունն էլ օգնում են կենտրոնին։ Ավելացել են վճարովի ծառայությունները։ «Գոնե «չհանգանակեիք» այն մարդկանցից, ովքեր կողմնակի եկամուտ չունեին»,- դիմեցինք գլխավոր բժշկին։ Պարոն Պողոսյանն ընդհատեց. «Մանկական ծառայությունում կողմնակի եկամուտ չի կարող լինել»։ Մեկ էլ թե՝ «Հայ ենք, էսպես թե էնպես՝ շնորհակալություն լինում է։ Հո այդ աշխատավարձին չե՞ն մնացել»։ Իսկ «մնացողնե՞րը», չէ՞ որ կան ծառայություններ, որոնք «շնորհակալության» չեն արժանանում։ – Ես իմ աշխատողներից ավելի լավ չեմ ապրում։ Քիչ էր մնում՝ հավատայի։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել