«Ծայրից ծայր եմ ուզում» Կամ՝ է՞լ ինչ կուզես Արդեն մի քանի ամիս է, ինչ Հակոբ Հակոբյան 1 հասցեի բնակիչները, տարբեր առիթներով, իրենց դիմում-բողոքներով հանդես են գալիս «Առավոտի» էջերում։ Օրերս խմբագրություն էր եկել վերը նշված հասցեի բնակիչ Շահվալադ Վարդանյանը՝ դիմումների կապուկը ձեռքին։ Այս անգամ, ինչպես հետո պարզեց «Առավոտը», կռվախնձոր էր դարձել իրենց խանութին հարող փողոցում, ըստ Շ. Վարդանյանի, 6 տարի շարունակ անօրինականորեն գործող վճարովի ավտոկանգառը։ Շ. Վարդանյանը բողոքում էր, որ այն խոչընդոտում է 5 մսի խանութներին (այդ թվում եւ իր) ապրանք մատակարարող մեքենաների ելումուտը։ Շ. Վարդանյանը բազմիցս դիմել է քաղաքապետարան, թաղապետարան՝ մանրամասն ներկայացնելով խնդիրը, սակայն, իր խոսքերով, մինչ օրս հարցին լուծում չի տրվել։ Այդ պատճառով, ինչպես ինքն է ասում, «հարեւաններին խնդրելով, միլիցիաներին փող տալով ստիպված օգտագործում է խանութի դիմացի մայթը»։ Համապատասխան մարմիններին ուղղված իր դիմումներում Շ. Վարդանյանը պահանջել է, որ այդ տարածքում ավտոկանգառն արգելեն։ Եթե ոչ, ապա գոնե օրինականորեն թույլ տան, որպեսզի ինքն օգտագործի հետիոտների ճանապարհը։ «Իրադարձության վայրում» «Առավոտը» դիմեց ավտոկանգառի օրինական տիրոջը՝ Ռաֆիկ Վիրաբյանին, որը ցույց տվեց Շ. Վարդանյանի՝ թաղապետարան հղված դիմումներից մեկի պատասխանը, որում ասվում էր, որ ավտոկանգառն ունի համապատասխան պայմանագիր։ Պայմանագիրը կնքված է «Իգդիր 93»-ի հետ եւ համաձայն Արաբկիր համայնքի ավագանու որոշման, գումարը գանձվում է ըստ հաստատված դրույքաչափի։ Ռ. Վիրաբյանն էլ իր հերթին բողոքեց Շ. Վարդանյանի, ինչպես ինքն ասաց, անվայել պահվածքից։ Նրա խոսքերով, «Վարդանյանն անընդհատ խոչընդոտում է ավտոկանգառի հսկիչների աշխատանքը, մսի խանութ ապրանք բերող մեքենաների վարորդներին, հաճախորդներին սովորեցնում է չվճարել կայանատեղի համար։ Իսկ մենք էլ ստիպված ուշադրություն չենք դարձնում, որպեսզի վեճ չծագի։ Այդ ավտոկանգառում կանգնում են նաեւ նրանց 4 մեքենաները, որի դիմաց գումար չենք վերցնում։ Այդ առիթով մի քանի անգամ դիմել ենք ներքին գործերի բաժանմունք, որտեղ Շ. Վարդանյանից պարտավորագիր են վերցրել, որպեսզի ինքը չխանգարի հսկիչների աշխատանքը եւ օրենքով լուծի հարցը։ Իսկ ի պատասխան «Առավոտի» այն հարցին, թե երկուսդ էլ ունեք ձեր բիզնեսը օրինական ծավալելու իրավունք, ինչո՞ւ որեւէ ընդհանուր համաձայնության չեք գալիս, պարոն Վիրաբյանը պատասխանեց, որ Արաբկիրի թաղապետարանի ավտոկանգառների բաժնի պետի կողմից առաջարկություն է եղել Շ. Վարդանյանին տալ ավտոկանգառի այն հատվածը, որտեղ իր մեքենաներն են կանգնում եւ որտեղից միս տեղափոխելն ավելի հեշտ կլինի, իսկ սահմանված վճարները Վարդանյանը մուծի թաղապետարան, սակայն, ինչպես ասաց Ռ. Վիրաբյանը, վերջինս հրաժարվել է, ասելով՝ ես ավտոկանգառը ծայրից ծայր եմ ուզում։ Զարմանալի էր նաեւ այն, որ Շ. Վարդանյանի գործունեությանը բոլորովին չէր խանգարում իր խանութների դիմաց գտնվող գյուղմթերքների վաճառքով զբաղվող, տեղաբնակների հավաստմամբ՝ իր իսկ շուկան… ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ