Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեր

Սեպտեմբեր 15,2001 00:00

ՍԼՈՎԱԿԻԱՅՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Մեր փոքրիկ, բայց տարածաշրջանում երբեմնի հզորագույն արդյունաբերություն ունեցող երկիրն այսօր խարխափում է տնայնագործական արդյունաբերության եւ ներմուծվող ապրանքների հույսին մնացած տնտեսության շրջանակներում։ Չնայած էներգետիկայի ասպարեզում մեր ունեցած լուրջ արդյունքներին (որը, ցավոք, կարող է ժամանակավոր լինել, ԱԷԿ-ը փակվեց՝ դառնալու ենք էներգիա ողորմացող երկիր), մենք չենք կարողանում ներմուծման եւ տեղական արտադրության սալտոն հավասարակշռել։ Առ այսօր մեր գոյության խնդիրը ի վիճակի չենք առանց ծավալուն վարկերի լուծելու։ Արդյոք մտածե՞լ ենք այն մասին, թե ինչու Համաշխարհային բանկը, Միացյալ Նահանգները եւ այլն, մեզ (եւ ոչ միայն մեզ) հաճույքով վարկեր են տրամադրում։ Ավելին, անում են ամեն ինչ, որ մենք վարկերի կարիք ունենանք, առանց վարկի գոյատեւելը բացառելու տարբերակի։ Վերցնենք Սլովակիան, որի ներքին խնդիրներն ինձ հարազատ են եւ լավ հայտնի։ Պատկերացրեք, որ չնայած հետհեղափոխական տրանսֆորմացման շրջանի սկզբում Հայաստանի նկատմամբ նրանց ունեցած հսկայական առավելություններին, արեւմտյան գործընկերների «օգնության» ձեռքը բռնելով, արագորեն հայտնվել են նոր, իրենց համար անհասկանալի ու տարօրինակ իրավիճակներում. կտրուկ ընկել է արտահանման ծավալը, արտադրությունների հզորությունները կրճատվել են շատ ոլորտներում, սկսվել է տնտեսական ճգնաժամ եւ այլն։ Պարզվում է, որ ներդրումների ու արտասահմանյան գործընկերների որոնման պրոցեսը դրական արդյունք տալիս է հիմնականում ոչ տեղական տնտեսությունը զարգացնողի համար։ Արեւմտյան գործընկերը, գոնե արեւելաեվրոպական երկրներում, գերխնդիր ունի ձեռք գցել վերջիններիս ներքին եւ արտաքին շուկաները։ Եվ այսպես, Սլովակիայում եւ այլուր սեփականաշնորհվող գործարանների լավագույն մասը չնչին գներով գնվում են արեւմտյան, հիմնականում՝ տրանսատլանտյան ֆիրմաների կողմից, ընդ որում, առք ու վաճառքը կազմակերպվում է հատկապես այնպես, որ տեղացիները հաճախ ծնկաչոք խնդրողի դերում են հայտնվում, այն էլ ստրկական պայմաններով ստրատեգիական օբյեկտների վաճառքն իրականացնելիս։ Արեւմտյան «գործընկերները», նրանք, ովքեր իրենց երկրներում կաշառքին ու կոռուպցիային «խիստ դեմ են», այստեղ գումարներ չեն խնայում կաշառելու տեղական նախարարներին (հետագայում իրենց երկրներում ըստ կաշառակերության չափերի երկրներին դասակարգելիս «մեծ ճշտությամբ» որոշում են կաշառակեր երկրի կարգը երկրագնդի կաշառակերության հիերարխիայի սանդղակի վրա)։ Մեր երկրներում իրենց իսկ կողմից տրամադրված գումարների շուրջ հայտարարված տենդերների շնորհիվ արեւմտյան ֆիրմաներին հաջողվում է լուծել մի շարք կենսական խնդիրներ. տրված գումարները ետ են վերադառնում, քանի որ հաղթողները հիմնականում միայն իրենք են լինում, տեղում կոռուպցիայի նոր՝ կատարելագործված ձեւերի «դասընթացներ» են տալիս եւ, վերջապես, նոր շուկաների տեր են դառնում։ Այս գործը զանգվածաբար խթանվում է նրանց կառավարությունների կողմից՝ աներեւութորեն դառնալով նաեւ արտաքին քաղաքականության թելադրող հիմնական գործոն։ Սրան իրապես նպաստում է նաեւ 20-րդի վերջում հայտնագործած մի ֆենոմեն՝ դոլարի կուրսի փոփոխությամբ երկրագնդի ցանկացած կետում առաջացած շահի ավելցուկը ԱՄՆ տեղափոխելու «նոու հաուն»։ Եվրոպական երկրների կողմից սրա դեմն առնելու զանգվածային փորձը տապալվեց՝ ավարտվելով իրական կատակլիզմով՝ հարավսլավական պատերազմով, որին ԱՄՆ-ի կողմից վարպետորեն կցված եվրոպական երկրները ռմբակոծեցին իրենց իսկ մայցամաքի կենտրոնական մասը։ Փառահեղորեն լուծվեց ԱՄՆ-ի առջեւ ծառացած գերխնդիրը, դոլարի կուրսը հասցնելով պատմական մաքսիմումի արժեքի։ Այսօր, իրենց երկրների տնտեսության զարգացման ապագայով զբաղվող քաղաքագետները լիովին հասկացել են, որ արտներդրումները կարող են ճիշտ հակառակ էֆեկտն առաջացնել՝ կործանել երկրի տնտեսությունը։ Օրինակն աչքներիս առաջ է։ Որքան Հայաստանն ավելի է խրվում ներդրումների ու վարկերի մեջ, այնքան սեփական տնտեսության զարգացման հեռանկարները դառնում են ավելի մշուշապատ։ Առաջին հայացքից թվում է, թե ամենաշահավետ բիզնեսն այսօր հայկական շուկայում մեծ պահանջարկ ունեցող ապրանքների արտադրությունը տեղում կազմակերպելու գործն է։ Սակայն այդ գործին լծված գործարարների առջեւ մի այլ խնդիր է առաջանում. շահով աշխատելու անհնարինությունը։ Ներմուծվող ապրանքների արժեքները միշտ ավելի «համակրելի» են լինում տեղում արտադրածից։ Մենք չպետք է տեղ տանք օտարերկրյա կապիտալի ներհոսքին ընդհանրապես, այլ պետք է խրախուսենք նրա ներհոսքը՝ մասնավորապես այն կապելով Սփյուռքի գործարարների հետ։ Համեմատության համար ասեմ, որ սլովակների թիվը երկրից դուրս, հատկապես ԱՄՆ-ում շատ մեծ է, բայց հայրենիքի հետ կապի մասով սլովակները միայն եւ միայն բարի նախանձով են նայում հայերին։ Որպես ասվածի վերլուծության ամփոփում, կարող եմ նշել մեր՝ արտերկրի գործարարներիս որոշակի կարծիքը, որպես ամենակարեւոր քայլ. մեղմել վարկեր ու օգնություններ մուրալու պրակտիկան, առանձնապես եւ հատկապես առանց լուրջ վերլուծության չնետվել օտար ներդրողների ոտքերը, նվազեցնել հատկապես ներմուծվող ապրանքների ծավալները՝ մանավանդ ցածրորակ ու էժան ապրանքների առաջարկների պարագայում եւ ամեն ձեւով օգտագործել հայ գործարարների հետ համատեղ արտադրություններ ստեղծելու ամենափոքր իսկ հնարավորությունները, նախապես ընտրելով այն առաջարկները, որոնք իսկապես այս պահին ամենաանհրաժեշտն են երկրի համար։ Պետք է լիովին վստահել մեր հանրապետության փայլուն տնօրենների փորձին (հատկապես «կարմիր» տնօրենների, որոնք մեր արտադրությունների իսկապես պրոֆեսիոնալ մենեջերներն են եւ, ցավոք, այդ առումով, վերջին մոհիկանները)։ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Բրատիսլավա, Սլովակիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել