Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտորեն

Սեպտեմբեր 15,2001 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ-1 Ակնհայտորեն Հայաստանի կյանքում երկու գործընթաց կարող է քաղաքական լարում եւ իշխանական ցնցումներ առաջ բերել՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ «27»-ի դատավարությունը։ Ինչ խոսք, ցնցումների մեկ այլ շարժառիթ կարող են լինել հասարակական խմորումները։ Բայց «սոցիալ-տնտեսական խոր ճգնաժամը» կմտահոգի Քոչարյանին, եթե այդ մասին սկսի խոսել իշխանությամբ իրեն համազոր մեկը։ Թե Հայաստանում ով է նման իշխանության տիրապետում, հանրահայտ է։ Մինչդեռ ղարաբաղյան կարգավորումը եւ «27»-ի ոճրագործության բացահայտումը ենթակա չեն որեւէ անհատի վերահսկողությանը, այդ թվում՝ նախագահ Քոչարյանի։ «27»-ի խնդրին կանդրադառնանք հաջորդիվ։ Առայժմ դիտարկենք ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումները։ Մանավանդ որ, Միացյալ Նահանգների պետքարտուղարի խորհրդականի եւ Եվրախորհրդի ղեկավարի Հայաստան այցելությունների ընթացքում մի քանի կոշտ հայտարարություններ են արվել կարգավորման հեռանկարների առնչությամբ։ Սկիզբը՝ 1997-ին 1997-ին Մինսկի վեհաժողովի եռանախագահող երկրները Հայաստանին եւ Ադրբեջանին ներկայացրին հակամարտության կարգավորման փաթեթային ծրագիրը։ Լայն հասարակությանը այդ ծրագիրը հայտնի դարձավ գրեթե չորս տարի անց՝ 2001 թվականի փետրվարին։ Դրա բովանդակությանը ծանոթանալուց հետո ակամա ձեւակերպվում են հետահայաց եւ գրեթե անպատասխան հարցադրումներ։ Ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1997-ին այդ ծրագիրը չներկայացրեց հասարակությանը։ Չէ՞ որ Հայաստանի հասարակությունը միայն արկածախնդիրներից եւ անգիտակից հայրենասերներից չի կազմված։ Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ, գուցե՝ նույնիսկ մեծամասնությունը, ովքեր կարող էին պրագմատիկ մոտեցում ցուցաբերել հակամարտության կարգավորմանը։ Ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ 97-ին հասարակությանը չէր հայտնում, որ Ղարաբաղի նվաճած անկախությունը դե ֆակտո ձեւակերպվում է միջազգային պայմանագրով։ Ղարաբաղը վայելելու է սահմանադրության գերակայություն, զինված ուժերի առկայություն, արտերկրում դիվանագիտական ներկայություն, սեփական դրամական միավորի գոյություն եւ այլն։ Ադրբեջանը նույնպես պետք է գոհ լիներ առաջարկված պայմանագրից, քանի որ իրավական առումով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէր խախտվում /դե յուրե Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում/։ Եթե տարիներ անց նույնիսկ Վազգեն Սարգսյանը կարող էր հայտարարել, թե «էականը ազատ եւ ինքնիշխան, հայաբնակ Արցախի գոյությունն է, թեկուզ անունը դրվի սիրամարգ», ապա հայաստանցիների մեծամասնությունը նույն շրջահայացությամբ եւ լրջմտությամբ կարող էր մոտենալ հարցին դեռ 97-ին, եթե միայն տեղյակ լիներ։ Սակայն չտեղեկացվեց։ Փոխարենը, Տեր-Պետրոսյանը 97-ի սեպտեմբերին «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը հրապարակեց։ Որքան կարելի է հասկանալ նախկին իշխանությունների հետագա բացատրություններից, ելույթներից եւ հոդվածներից, 97-ի փաթեթային տարբերակը մերժվել է ղարաբաղյան իշխանությունների կողմից։ Այնուհետեւ աջ ու ձախ թմբկահարվել է, թե դա դավաճանական նախագիծ է։ Մեղադրանքներին հնարավոր էր պատասխանել բանակցային գործընթացը մասամբ գաղտնազերծելով։ Սակայն ձեռք բերված պայմանավորվածությունները, ասպարեզում գտնվող փաստաթղթերը որեւէ կերպ հրապարակել թույլ չէին տալիս բանակցային գործընթացի միջազգային կանոնակարգումները։ Թերեւս դա է բացատրությունը, թե ինչու, անկարող լինելով պայմանագրից մեջբերումներ կատարել եւ մեկնաբանել, Տեր-Պետրոսյանը հարկադրվել է շատ ավելի սքողված արտահայտություններով, գնահատականներով եւ բացատրություններով մի հոդված հրապարակել։ Փաթեթային տարբերակին ծանոթ անձինք կարող էին հոդվածի ենթատեքստում կարդալ Տեր-Պետրոսյանի նկատառումները։ Մինչդեռ, անտեղյակ հասարակությանը նախագահի հոդվածը թվալու էր առավելապես վերացական դատողությունների շարադրանք։ Աշխարհայացքների հակասություն Ըստ էության, նախագահի հոդվածը ուղղված էր բանակցային գործընթացին իրազեկ ղարաբաղյան իշխանություններին եւ նրանց հայաստանյան համախոհներին՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Վազգեն Սարգսյան։ Ի՞նչ գիտակցության էր դիմում եւ ի՞նչ էր համոզում հանրապետության նախագահը։ Նա ասում էր, որ կյանքը հոլովույթ է եւ անվախճան այդ ընթացքում նվաճումներն ու կորուստները հերթագայում են։ Քաղաքական գործչի խնդիրն է՝ որեւէ իրադրությունից դուրս գալ նվազագույն կորուստներով, այնուհետեւ՝ մտածել ձեռքբերումներ արձանագրելու եւ զարգացնելու մասին։ Նախագահը բացատրում էր, որ կյանքում կան դրվածքներ, միջազգային հանրության համար անվիճարկելի պատկերացումներ, այլ տերությունների շահագրգռություններ, որոնցից գոյանում է օբյեկտիվ իրականությունը եւ որը անկարելի է անտեսել կամ շրջանցել։ Նախագահի ընդդիմախոսները մնում էին անհողդողդ, գուցե՝ որովհետեւ էությամբ հայդուկներ էին։ Նրանք հաղթել էին մահվանը եւ կարծում էին, թե հաղթել են նաեւ կյանքում։ Նրանց թվում էր, թե իրենք հարյուրամյակների վրեժ են լուծել ախոյանից՝ թուրքերից, եւ կարող են անզիջում լինել։ Նրանք անկարող էին հասկանալ աստվածաշնչյան ճշմարտությունը. «Ամեն ինչ անցնում է»։ Թշնամանքը, ատելությունը եւ մերժումը՝ նույնպես։ Եթե նախագահի ընդդիմախոսները երբեւէ խորհեին, որ իրենք այլ մոլորակ չեն տեղափոխվելու եւ ադրբեջանցիներին էլ չեն բնաջնջելու, այլ շարունակելու են ապրել նույն տարածքում, ադրբեջանցիների դրացիությամբ, գուցեեւ սեփական դիրքորոշումները մեղմեին՝ դարերի ատելությունը պարպելով։ Բայց ղարաբաղյան իշխանությունները եւ նրանց հայաստանյան համախոհները հեռու էին նման լայնախոհությունից կամ իրատեսությունից։ Նախագահը որքան էլ նրանց բացատրեր, միեւնույն է, պետական մտածողություն չէին դրսեւորելու։ Նրանց համար պետությունը հարթակ է՝ հողեր նվաճելու եւ ազգային իղձեր իրականացնելու։ Սա է ամբողջ բացատրությունը, թե ինչո՞ւ Քոչարյանը, իշխանության գալով, հանուն ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու, գրեթե հեռանում է իշխանությունից՝ դա չարած։ Իհարկե, եթե պետք է զինվորականները ձեռք բերեին քաղաքական կամք եւ ստանձնեին իշխանություն, ապա Քոչարյանը նախընտրելի էր բոլոր մյուս երկրապահներից, հայդուկներից ու զինվորականներից։ Բայց դա չի նշանակում, թե նա քաղաքական գործիչ է՝ ընդունակ պետական մտածողության եւ միջազգային հակամարտություն կարգավորելու։ Աշխարհայացքների տարբերությունն է օբյեկտիվ պատճառը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գրեթե կարգավորում էր ղարաբաղյան հակամարտությունը, իսկ Ռոբերտ Քոչարյանը միայն սառեցրեց ու ձգձգեց այն։ Ընդսմին արդեն ակնհայտ է, որ Քոչարյանը լավագույն դեպքում կստորագրի գրեթե նույն փաստաթուղթը, որը մերժում էր 1997-ին։ Քոչարյանի համար ընդունելի «Ընդհանուր պետության» տարբերակը 97-ի փաթեթայինի համեմատությամբ որեւէ առաջընթաց չի ամրագրել, չասելու համար, թե մեկ-երկու աննշան հետընթաց է արձանագրվել հայանպաստ դիրքերից։ Հազիվ թե Տեր-Պետրոսյանը դեռ 97-ին չկանխատեսեր զարգացումների նման ընթացքը։ Նախագահը վստահաբար գիտակցում էր, որ իր հեռանալուց հետո հակամարտությունը չի կարգավորվելու, այլ ընդամենը ձգձգվելու է եւ, ժամանակի ընթացքում, վնասելու է Հայաստանին։ Հետեւաբար ձեւակերպվեց հետահայաց եւ անպատասխան երկրորդ հարցադրումը, որ գուցե ղարաբաղյան հակամարտության գլխավոր ինտրիգն է՝ ինչպե՞ս պատահեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասպարեզը թողեց հայդուկներին՝ հետեւանքների առնչությամբ պատրանքներ չտածելով հանդերձ։ Փակուղու պարտադրանք 1997-ի փաթեթային տարբերակը մերժելուց հետո, որպեսզի պատասխանի հասարակության տարակուսանքներին եւ Արցախը վաճառելու մասին ընդդիմության մեղադրանքներին, Լեւոն Տեր- Պետրոսյանը մտորում է մերժված տարբերակը հրապարակելու եւ հասարակությանը բացատրություններ տալու շուրջ։ Եռանախագահող երկրները, համաձայն Տեր-Պետրոսյանի այն ժամանակվա օգնական եւ մամլո քարտուղար Լեւոն Զուրաբյանի, չեն համաձայնել պայմանագրի հրապարակմանը։ Հետեւաբար, մնացել է հոդվածով հանդես գալու տարբերակը։ Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը եւ մյուսները 97-ին արդեն մտադրվել էին իշխանություն վերցնել, թե՞ անկեղծորեն չէին ըմբռնում ներկայացված պայմանագրի էությունը, համենայնդեպս, Տեր-Պետրոսյանի հետ հակասությունը սրվում է։ Հայտնի ուժերը կարող էին իրենց թույլ տալ ըստ կամեցածի մեկնաբանել հասարակությանն անհայտ այդ փաստաթուղթը, նույնիսկ հայտարարել, թե նախագահը վաճառում է Արցախը, իսկ նախագահը նույնքան բացեիբաց նրանց պատասխանել անկարող էր։ Հետեւաբար, հակասությունը չէր հանգուցալուծվելու հրապարակայնորեն՝ հասարակության դատին հանձնված դիրքորոշումներով։ Հակամարտությունը ընթանալու էր կուլիսներում։ Այդ դեպքում ի՞նչը կուլիսների հետեւում կարող էր ստիպել Լեւոն Տեր-Պետրոսյանին հեռանալ։ Կյանքի ամեն դրվագ փիլիսոփայական հիմնավորում ունի։ Մի քանի հարյուրամյակ պետականություն չունեցած եւ կորցրած հողերի տեսլականով ապրող ժողովուրդը օբյեկտիվորեն չէր կարող ինչ-որ ակնթարթում ինքնահաստատվել պետականության տիրույթում, պետության շահերից ելնելով հողեր նվաճել, վերադարձնել եւ ընդհանրապես մանեւրել։ Մեծ հաշվով Տեր-Պետրոսյանը այս հանգամանքի հետ է հաշվի նստել եւ իր պաշտոնաթողությանը նախորդած ուղերձի մեջ էլ ասել էր, թե խաղաղասիրական տրամադրությունները ժամանակավորապես պարտվել են նույնիսկ ավելի զարգացած հասարակություններում։ Փիլիսոփայությունը աներեր եւ աներկբա հուշելու էր հեռանալ։ Սակայն Տեր-Պետրոսյանը հազիվ թե լոկ փիլիսոփայությամբ առաջնորդվեր։ Դժվար թե միայնակ՝ պատմական ընթացքի դարավոր ինքնահոսին ու ազգային տաբուներին մարտահրավեր նետած մարդը բավարար ուժ եւ կամք չունենար կյանքին ու հասարակությանը տիրապետելու։ Պետք է որ նախագահին իշխանությունից հեռանալ ստիպեր անհամեմատ պրոզաիկ եւ թերեւս նույնքան էլ դեմագոգ խաղաքարտ։ Ինչ-որ փակուղի։ Թերեւս այդպես էլ եղել է։ Պարզապես հայտնի ուժերը բացատրել են, որ եթե իշխանությունից չհեռանա Լեւոն Տեր-Պետրոսյանը, այդ դեպքում իրենք, իշխանությունից արդեն հեռացված լինելով, կանցնեն ընդդիմության շարքերը։ Կշարունակեն ամենուր տարածել եւ հավաստել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը Ադրբեջանին է վերադարձնում գրավված տարածքները, հետեւաբար անվտանգության երաշխիքները Ղարաբաղում եւ նրա շուրջ ի չիք են դառնում։ Իսկ ապահովության երաշխիքներից զրկված մարդիկ իրենք պետք է մտահոգվեն դրանք ստեղծելու մասին։ Լռելյայն հասկանալի է՝ նման պայմաններում կյանքի ապահովության առաջին եւ տեսանելի երաշխիքը տարագրվելն է։ Հայդուկներից ոմանք նույնիսկ բարձրաձայն ակնարկում էին, թե Երեւանը կողողվի ղարաբաղցիներով։ Ահա թե ինչ շանտաժի առաջ է տեղի տվել նախագահը։ Կամ ինքը իշխանությունից հեռացնում է հայդուկներին, իսկ վերջիններս մտածված կամ ակամա սանձազերծում են Ղարաբաղի հայաթափում, կամ անձամբ է հեռանում իշխանությունից՝ ասպարեզը թողնելով հայտնի ուժերին։ Նախագահը ընտրում է երկրորդ տարբերակը։ Ավելի ուշ Տեր-Պետրոսյանն ասել էր, թե ինքը կխոսի, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման որեւէ նախագիծ ստորագրվի։ Երեւի թե նախագահը համոզված էր, թե տարիների դեգերումից եւ ժամանակային կորուստներից հետո հայդուկներն էլ կյանքի հարվածների ներքո կհասկանան այն, ինչը գիտակցելու անկարող էին գտնվել 97-ին։ Եվ նախագահը չսխալվեց։ Ընդամենը մի քանի տարի, Ալիեւի հետ մի քանի տասնյակ հանդիպում, միջազգային հանրության մեկ-երկու ճնշման սպառնալիք բավարար եղան, որ Ռոբերտ Քոչարյանը «Ընդհանուր պետություն» վերտառությամբ ծրագրին իր հավանությունը հայտներ, որն ըստ էության 97-ի փաթեթային տարբերակն է։ Հետո էլ, կառուցողական երեւալու մտահոգությամբ չքմեղանում է, թե պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում ադրբեջանական կողմի պատճառով։ Ահա այդպես, ղարաբաղյան կարգավորման քառամյա գործընթացը եղավ հարկադիր վերադարձ 97-ի մեկնարկային դիրքերին։ Միայն թե այժմ ինտելեկտի փոխարեն ունենք միջոցների միջեւ խտրություն չդնելու բարոյականություն։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել