Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի

Սեպտեմբեր 15,2001 00:00

Ընտրությունները Ղարաբաղում կայացան Սեպտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Դրանց նախօրյակին ընդհանուր առմամբ խաղաղ մթնոլորտ էր տիրում Ղարաբաղում: Ադրբեջանը, բնականաբար, հանդես եկավ կոշտ հայտարարությամբ, անօրեն համարելով ընտրությունները: Փոքր-ինչ անսպասելի էր Եվրախորհրդի արձագանքը, որը ինչ172որ տեղ կրկնում էր Ադրբեջանի դիրքորոշումը եւ ավելացնում, թե այդ ընտրությունները կարող են խանգարել բանակցային գործընթացին: Ակնհայտ էր, որ դա կատարվեց ԵԽ-ում Ադրբեջանի պատվիրակների ճնշման տակ: Դրան հետեւեց ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյայի հայտարարությունը, որում ասվում էր, թե ԱՄՆ-ն այն կարծիքին չէ, թե Ղարաբաղի ընտրությունները կխանգարեն բանակցություններին: ԼՂՀ ԱԳՆ172ն հանդես եկավ հայտարարությամբ, որում ԵԽ գործելակերպը որակվեց որպես երկակի ստանդարտի քաղաքականություն: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մեծ նշանակություն ունեն ԼՂՀ-ում ժողովրդավարության խորացման եւ պետության արտաքին հեղինակության ամրապնդման հարցում: Գուցե եւ կարելի էր այնպիսի օրենքներ ընդունել, որ համայնքների ղեկավարները նշանակվեին, եւ մենք էլ զերծ մնայինք ավելորդ «գլխացավանքից»՝ ներքին թե արտաքին ասպարեզում. այդ դեպքում չէր լինի որեւէ կոշտ հայտարարություն, ներսում էլ բախումներ ու շահարկումներ չէին լինի: Սակայն պետությունը եւ հասարակությունը գնացին ընտրությունների, քաջ գիտակցելով, որ հենց տեղական ինքնակառավարման ընտրովի համակարգն է ժամանակակից աշխարհում ժողովրդավարական պետության հիմքը: Քաղաքական ուժերը եւ ժողովուրդը ընտրություններին մասնակցեցին կազմակերպված եւ հիմնականում կոռեկտության սահմաններում: Հիմնական պայքարն ընթացավ «Ժողովրդավարական Արցախ» միության եւ ՀՅԴ-ի միջեւ: Համայնքապետերի գերակշռող մեծամասնությունն ընտրվեցին ԺԱՄ-ի անդամները: ՀՅԴ-ն զիջեց եւ ունեցավ մոտ երկու տասնյակ համայնքապետ: Կան նաեւ անկուսակցականներ: Մի հետաքրքիր առանձնահատկություն, որ վկայում է քաղաքական պայքարի կոռեկտության եւ հանդուրժողականության մասին. 5 ընտրատարածքներում ՀՅԴ թեկնածուներին պաշտպանել է ԺԱՄ կազմակերպությունը, որոնք ընտրվել են գյուղապետեր: Բացի դրանից, բոլոր ընտրատարածքներում նկատվել է խաղաղ մթնոլորտ, եւ լուրջ բողոքներ ու խախտումներ չեն գրանցվել: Կան տեղական բնույթի խնդիրներ, որոնք հատուկ են գյուղերին. տարաձայնությունները ոչ թե քաղաքական-գաղափարական բնույթի են, այլ՝ ընտանեկան-բարեկամական: Ստեփանակերտում ընդհանուր պատկերը չի փոխվում. այստեղ հիմնական պայքարն ընթացավ ԺԱՄ-ի թեկնածու Համիկ Ավանեսյանի, ՀՅԴ թեկնածու Մաքսիմ Միրզոյանի եւ անկուսակցական Սերգեյ Միրզոյանի միջեւ: Հատկանշական է, որ այս երեքն էլ տարբեր ժամանակաշրջաններում ղեկավարել են Ստեփանակերտի տնտեսությունը: Այսինքն, ընտրության համար առավել պրագմատիկ միջավայր էր ձեւավորվել՝ ի՞նչ են արել թեկնածուները եւ ի՞նչ են պատրաստվում անել: Ստեփանակերտում շատ են սոցիալական բնույթի հիմնախնդիրները՝ ջրամատակարարում, աշխատանք, շինարարություն, եւ մարդկանց առավել հետաքրքրում է դրանց լուծումը: Ի վերջո, Հ.Ավանեսյանը հավաքեց ձայների 52,9%-ը, երկրորդ տեղում Մ.Միրզոյանն է՝ 30,2%: Ամփոփելով տվյալները, պետք է արձանագրել, որ նախորդ ընտրությունների համեմատ մեծացել է քաղաքական ուժերի ներկայությունը պետության կառավարման ասպարեզում, որից պետությունը եւ ժողովուրդը միայն կշահեն: ՀԱՅԿԱԶ ՂԱՀՐԻՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել