Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ԼՌԵԼՈՒ ՋՐԵՐԸ

Սեպտեմբեր 15,2001 00:00

ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ԼՌԵԼՈՒ ՋՐԵՐԸ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւան ժամանեց եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղեկցությամբ անմիջապես մեկնեց Սեւան։ Վերջին տասը տարում առաջին անգամ Ռուսաստանի թիվ մեկ դեմքը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Ի դեպ, պրն Պուտինն առաջինը կլինի խորհրդային եւ ետխորհրդային տարիների ռուսական ղեկավարներից, որը կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Սակայն Եռաբլուր՝ ղարաբաղյան պատերազմի հերոսների հուշարձանին այցելությունը ՌԴ նախագահի այցի շրջանակներում չի նախատեսված։ Վլադիմիր Պուտինի այցի ընթացքում ստորագրվելիք գլխավոր փաստաթուղթը կլինի մինչեւ 2010 թվականը տնտեսական համագործակցության պայմանագիրը։ Սրանով նախատեսվում է ներդրումային ծրագրերի իրականացումը եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը։ Հենց այս պայմանագրի հիման վրա է նախատեսված իրականացնել հայկական կողմի պարտքը ձեռնարկությունների դիմաց փակելու ծրագիրը։ Հիշեցնենք, որ Հայաստանը մոտ 100 մլն դոլարի պարտք ունի Ռուսաստանին։ Պարտքի փոխարեն Ռուսաստանը մեզնից ակնկալում է որոշ ձեռնարկությունների բաժնետոմսեր։ Առայժմ հայտնի է միայն, որ ՌԴ-ն մտադիր է իրենով անել «Մարս» գործարանը, Մերգելյան ինստիտուտը, Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը, Հրազդան ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկը, Որոտանի ՀԷԿ-ը եւ մի շարք այլ ընկերություններ։ Արդեն ակնհայտ է, որ ռուսական ընկերությունները կմասնակցեն ԲԷՑ-երի մասնավորեցմանը։ Քննարկվելու է նաեւ Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը ռուսական կողմի մասնակցության հնարավորությունը։ Հայաստանի գլխավոր նպատակը, ըստ հայ-ռուսական տնտեսական հանձնաժողովի համանախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի միջոցով Հայաստանի ձեռնարկությունների վերագործարկումն է։ Վլ. Պուտինը Հայաստանում կմնա մեկ գիշեր միայն, այն էլ՝ Սեւանի ափին։ Երկու երկրների նախագահները, հավանաբար, որոշել են ավելի շատ առանց փողկապների տեսնվել, քան՝ հակառակը։ Գաղտնիք չէ, որ գլխավոր հարցերը սովորաբար լուծվում են տետ-ա-տետ հանդիպումների ժամանակ, մնացածը տեխնիկայի խնդիր է։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել