Գործնական քայլերը թողնվեցին երկուշաբթիին Երեկ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության գրասենյակում քաղաքական ուժերի առանձին ներկայացուցիչներ հավաքվել էին «կլոր սեղանի» շուրջ: Նրանք քննարկում էին հիշյալ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին վարչական կալանքի ենթակելուն, նրա ազատ արձակմանն ուղղված գործողություններին եւ, ընդհանրապես, երկրում ստեղծված՝ իշխանությունների կողմից հասարակության դեմ ուղղված հոգեբանական ահաբեկչությանն առնչվող հարցեր: Ազատական, պահպանողական, սոցիալիստական, մարքսիստական գաղափարախոսություններ դավանող ուժերի ներկայացուցիչները համակարծիք էին այն հարցում, թե Պ.Մակեյանի կալանավորումը 98-ից հետո երկրում ստեղծված ահաբեկչական մթնոլորտի եւ ընդդիմությանը չեզոքացնելուն ուղղված քայլերի շարունակությունն է միայն: Այն ինչ կատարվում է, ըստ ներկաների, միայն Մակեյանի անձին չի առնչվում եւ ավելի խորքային պատճառներ ունի: «Սոցուժերի» ներկայացուցիչներից մեկը կարծիք հայտնեց, թե սեպտեմբերի 7-ի հանրահավաքի ցրումը, կուսակցության նախագահի կալանավորումը քաղաքական ընդդիմադիր ուժերի կամքը կոտրելու եւ երկրում վախի մթնոլորտ ստեղծելու փորձեր են: Ըստ հռետորի, ամենեւին էլ պատահական չէ, որ հասարակության դեմ սադրանքներ են կազմակերպվում եւ անօրինական ձերբակալություններ իրականացվում հատկապես այսօր, նկատի ունենալով ընդդիմության՝ «թեժ աշնան» մասին արված հայտարարությունները: «Իշխանություններն իրենք անօրինական են եւ չեն կարող օրինականությանը հետեւել»,- նկատեց Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյանը: Ընդդիմադիրները երեկ վստահ էին, որ այդ ամենի դեմ հարկավոր է պայքարել եւ ապօրինությունները կանխել միասնական ճակատով՝ անկախ քաղաքական ուժերի դավանած գաղափարներից: Միայն թե, կոնկրետ պահին, խոսքն ու գործն իրարից էապես տարբերվում էին: Հիշյալ քննարկմանը ներկա չէին ոչ միայն արմատական ընդդիմության՝ ՀԺԿ-ի, «Հանրապետություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունների ներկայացուցիչները, այլեւ նրանք, ովքեր նախաձեռնել էին սեպտեմբերի 7-ի հանրահավաքը: «Երիտասարդական կուսակցության» նախագահ Սարգիս Ասատրյանն ու այլոք արդարացի հարցադրումներ էին անում՝ որտե՞ղ են այդ կուսակցությունների առաջնորդները, ինչո՞ւ նրանք չեն անհանգստացնում իշխանություններին ու մասնավորապես՝ իրավապահներին: Քննարկման ժամանակ նույնիսկ կարծիք հնչեց, որ եթե վերջիններս սովորական «գապոններ» չեն, ապա պարտավոր էին, դեռ մեկ շաբաթ առաջ, ոչ միայն քրեական գործ հարուցել հանրահավաքը ցրած եւ նման հրաման տված չինովնիկների դեմ, այլեւ պետք է պահանջեին առաջին հերթին իրենց պատասխանատվության ենթարկել՝ այն պարզ պատճառով, որ իրենք էին եղել հանրահավաքի կազմակերպիչն ու պատասխանատուն եւ ոչ թե Պ.Մակեյանը: Տեսական քննարկումներից անցնելով վերջինիս ազատ արձակմանն ուղղված հնարավոր գործնական քայլերին, «կլոր սեղանին» ներկա կուսակցությունների ներկայացուցիչներն առաջարկեցին նախ դիմել մյուս ընդդիմադիրներին եւս, եւ ստորագրահավաք սկսել հանրահավաքի մասնակիցների դեմ բռնություն կիրառած չինովնիկներին, դրա պատասխանատվությունը ստանձնած ՆԳ նախարարին ու վարչապետին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: «Արագ արձագանքման» առաջարկ արեց ԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանը: Նա պատրաստակամություն հայտնեց քննարկումից անմիջապես հետո, «կլոր սեղանի» մասնակիցներով մի պաստառ պատրաստել եւ երթ սկսել՝ պահանջելով Մակեյանի ազատությունը: Առաջարկը, կարծես, ընդունելի էր բոլորի համար: «Եկեք անենք, ես համաձայն եմ, ես գալիս եմ» եւ նմանատիպ համաձայնական բացականչություններից զատ ավելի կոնկրետ գործնական քայլ այդպես էլ չձեռնարկվեց: Չէ, մեկը, այնուամենայնիվ, եղավ: Որոշում կայացվեց ստեղծել «Մակեյանի պաշտպանության» կոմիտե եւ առաջիկա երկուշաբթի օրվանից գործի անցնել: Բայց այդ օրը լրանում է Պ.Մակեյանի կալանքի ժամկետը եւ չի բացառվում, որ նա ազատ արձակվի: «Այդ դեպքում կստեղծենք «Սահմանադրության պաշտպանության կոմիտե»,- վրա բերեց գործիչներից մեկը: Այո, ինչո՞ւ պարապ նստել, երբ կարելի է տարբեր բաների պաշտպանության գրասենյակային կոմիտեներ ստեղծել: Կարող էր, չէ՞, շուտով փողոց դուրս գալն էլ օրենքի խախտում դիտվել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ