Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրի Հունանյանի եւ նրա եղբոր վրա կենտրոնանալով՝ անցած շուրջ 2 տարիներին լրատվամիջոցները գրեթե ուշադ

Սեպտեմբեր 15,2001 00:00

ԻՐԵՆ ՄԱՍՆԱԿԻ ՄԵՂԱՎՈՐ ՃԱՆԱՉԱԾԸ Նաիրի Հունանյանի եւ նրա եղբոր վրա կենտրոնանալով՝ անցած շուրջ 2 տարիներին լրատվամիջոցները գրեթե ուշադրություն չդարձրին հանցախմբի այլ անդամներին։ Մենք փորձելու ենք լրացնել այդ բացը։ Մյուս երեքի մեջ առանձնանում է 37-ամյա Էդիկ Գրիգորյանը։ Նախ, հանցախմբից միայն նա է իրեն մեղավոր ճանաչել, ճիշտ է՝ մասնակիորեն։ «Ես նախօրոք չգիտեի, որ կատարվելու է այն, ինչ որ կատարվել է իրականում»,- 1999 թ. հոկտեմբերի 31-ի հարցաքննության ժամանակ խոստովանել է Էդիկ Գրիգորյանը։ Նախաքննության մարմինը, սակայն, անարժանահավատ է գնահատել նրա պատճառաբանությունները. «Դրանով նա նպատակ է հետապնդում մեղմացնել իր հանցակցության եւ մեղքի աստիճանը, զերծ մնալ առավել խիստ պատիժ նախատեսող հոդվածով դատապարտվելուց»։ Գործում բազմաթիվ են նյութերը, որոնցով հաստատվում է նախաքննության այս գնահատականը։ Այն է, իր մանկության ընկերոջ եւ դասընկերոջ՝ Նաիրի Հունանյանի հետ Էդիկ Գրիգորյանը մասնակցել է բոլոր այն հանդիպումներին, երբ փորձել են համախոհներ հավաքագրել, խումբ ստեղծել, նախապատրաստել ահաբեկչությունը։ Բացի այդ՝ Դերենիկ Բեջանյանին խմբում ներգրավելու մտահղացումը նրանն է եղել, զենքի մի մասը հենց Էդիկ Գրիգորյանն է հայթայթել։ Նա թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի բժիշկ էր, ուր որպես սանիտար աշխատում էր Անահիտ Հակոբյանը՝ Նորայր Եղիազարյանի կինը։ Հենց նրանից էլ Էդիկ Գրիգորյանը ձեռք էր բերել 4-րդ ինքնաձիգը եւ 60 հատ փամփուշտ։ Նորայր Եղիազարյանին, ի դեպ, իր մահվանից հետո որպես մեղադրյալ առավել կարեւորություն տրվեց, քան նա ուներ ըստ գործի նյութերի։ Քանզի զենքի վաճառքի միջնորդն առավել եղել է Անահիտ Հակոբյանը (նրա նկատմամբ հարուցված գործը 2000 թ. հունիսի 30-ին կարճվել է իրադրության փոփոխության պատճառով), իսկ ինքնաձիգն էլ պատկանել է Նորայր Եղիազարյանի եղբորը՝ ազատամարտիկ, «Նժդեհ» ջոկատի անդամ Յուրա Եղիազարյանին, որը 1998-ին ընտանիքով՝ կնոջ եւ դստեր հետ մշտական բնակության է մեկնել Հոլանդիա եւ առայժմ չի էլ հարցաքննվել։ Անջատված գործով պիտի պարզվի այդ ինքնաձիգի ձեռքբերման աղբյուրը։ Այնուամենայնիվ, Էդիկ Գրիգորյանը փոքր-ինչ տարբերվում է խմբի մյուս ահաբեկիչներից։ Ասենք, Նաիրի Հունանյանի ընկերներն անգամ նրա մասին որեւէ կիսադրական խոսք չեն գրել։ (Ի դեպ, նրանցից մեկը՝ Հովակ Հովակիմյանը, որի հետ Նաիրի Հունանյանը նկարահանումների էր մեկնել Թուրքիա, 2000 թ. փետրվարի 23-ի հարցաքննության ընթացքում նշել է. «Նաիրի Հունանյանը դյուրագրգիռ անձնավորություն էր։ Բայց նա միաժամանակ վախեցող մարդ էր։ Նա եթե համոզված չլիներ ինչ-որ բանում, չէր կարող գնալ նման քայլի։ Առավել եւս, դրա մեջ չէր կարող ներքաշել եղբորը՝ Կարենին։ Խելագարության կարգի այդ գործողությունը բոլորովին սազական չէ իմ մոտ նրա վերաբերյալ եղած կարծիքին։ Նա որքան դյուրագրգիռ, նույնքան էլ կշռադատված մարդու տպավորություն է թողել ինձ վրա եւ կարծում եմ, որ նա համոզված է եղել իր անպատժելիության մեջ։ Ես նկատի ունեմ, որ նա հույս է ունեցել, որ ինչ-որ ուժեր իրեն պիտի օգնեն… Նա առանց որեւէ ուժերի հետ հույս կապելու, իմ կարծիքով, չէր կարող միայնակ նման քայլի գնալ»)։ Էդիկ Գրիգորյանի վերաբերյալ այլոց դրական բնութագրումները բազմաթիվ են քրգործում։ Ընդ որում, դրանց հեղինակները ոչ միայն նրան ծանոթ բուժաշխատողներն են, այլ, որ առավել արտառոց է, հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում պատանդ մնացածները։ Այսպես. այն ժամանակ տարածքային կառավարման նախարար Խոսրով Հարությունյանը 1999 թ. նոյեմբերի 25-ի իր հարցաքննության մեջ նշել է, որ Էդիկ Գրիգորյանը «բոլորից տարբերվում էր իր հանդարտ վարքագծով։ Նույնիսկ մեկ-երկու անգամ կարգի էր հրավիրում (օրինակ՝ «Ի՞նչ ես հիմար-հիմար բաներ անում») մեկին իր ընկերներից, որն, ըստ նրա, անհարկի տաքարյունություն էր անում կամ բորբոքում էր մթնոլորտը։ Առաջինը նա համաձայնեց թույլատրել առողջապահության նախարարին մոտենալ վիրավորներին, նա համաձայնեց զանգահարել շտապօգնություն։ Ընդհանրապես չէր հայհոյում, կոչ էր անում դրսից կրակողներին չկրակել եւ այլն»։ ԱԱՆ փոխնախարար Գրիգոր Գրիգորյանն էլ 1999 թ. դեկտեմբերի 11-ի հարցաքննության ընթացքում է նշել, որ Էդիկ Գրիգորյանն իրեն ասել էր, թե Յուրի Բախշյանի հարեւանն է եղել ու չէին ծրագրում նրան սպանել. «Տպավորություն էր ստեղծվել, որ Էդիկը ծանր էր տանում Բախշյանի մահվան փաստը, նա ասաց, որ իրենք ընտանիքներով բարեկամություն էին անում»։ Անվտանգության սպան օգտագործել էր այդ հանգամանքը. «Հաշվի առնելով, որ Գրիգորյան Էդիկը սպանություններին առնչություն չուներ (նա ավելի ուշ էր մտել դահլիճ.- Ա. Ի.), Բախշյանի սպանության առնչությամբ նրա հոգեբանական սթրեսային վիճակը, ինչպես նաեւ այն, որ նրա հետ զրույցների ընթացքում տպավորություն էր ստեղծվել, որ նա զղջում է կատարվածի համար… ես սկսեցի «մշակել» նրան այն իմաստով, որ ստեղծված վիճակից միակ ելքը զենքը հանձնելն է»։ 1999-ի նոյեմբերի 30-ին Հայաստանի ԱԱՆ մասնագետները Էդիկ Գրիգորյանին չորսժամյա պոլիգրաֆ հետազոտման էին ենթարկել։ Ստի դետեկտորով ստուգման միջոցով հաստատված էին համարվել նրա այն պատասխանները, որ 1999 թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ շենք մտնելիս Էդիկ Գրիգորյանը զինված չի եղել եւ զենք՝ ատրճանակ է ստացել միայն նիստերի դահլիճում։ Նաեւ հաստատված է համարվել, որ Էդիկ Գրիգորյանն այդ ահաբեկչության իրական կազմակերպչի մասին որեւէ տեղեկություն չունի, բայց չի գտնում, թե Նաիրի Հունանյանը հոկտեմբերի 27-ի կատարվածի միակ կազմակերպիչն է։ Հանցախմբի այս անդամի փոքր-ինչ հակասական պատկերն ամբողջացնելու համար նշենք, որ համենայն դեպս, հանձնվելուց առաջ Էդիկ Գրիգորյանն այսպես է քաջալերել Դերենիկ Բեջանյանին. «Մեր արածը հերոսություն է»։ Թեեւ ավելի վաղ, հենց ԱԺ նիստերի դահլիճում ոչ միայն մեր նշած երկու անձանց, այլ նաեւ պատգամավորների էր խոստովանել, թե ինչպես է զղջում այդ «հերոսության» համար։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել