Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ասում

Սեպտեմբեր 15,2001 00:00

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԴԱՌՆ Է» Ասում է Արշակ Սադոյանը Երեկ, ժամը 11.45-ին պատգամավոր Արշակ Սադոյանի տուն են այցելել միլիցիայի աշխատակիցներ եւ ծանուցագիր են ներկայացրել, որով Արշակ Սադոյանը ժամը 11-ին հրավիրվում էր որպես վկա ներկայանալ դատախազություն։ Արշակ Սադոյանն այս մասին պատմեց լրագրողներին եւ հավելեց, որ ինքը, հասկանալի է, չէր կարող ժամը 11-ին լինել դատախազությունում մի պարզ պատճառով՝ ծանուցագրի ներկայացման պահին այդ ժամը վաղուց անցյալ էր, եւ հետո պրն Սադոյանը հերթական մամլո ասուլիսն էր հրավիրել ժամը 12-ին։ Թե ինչ գործով էր ԱԺ պատգամավորը հրավիրվել հարցաքննության, իրեն եւս անհայտ էր։ Բայց եւ՝ ենթադրելի։ Ծանուցագրում նշված էր, որ հրավիրված է ավագ քննիչ Գ. Մարկոսյանի մոտ՝ որպես վկա հարցաքննվելու թիվ 63202601 քրեական գործով։ Այս թիվը կարող էր լինել կամ սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած հանրահավաքի եւ դրան հաջորդած ձերբակալությունների վերաբերյալ գործը, կամ էլ այն գործը, որը, հավանաբար, հարուցվել է նույն Արշակ Սադոյանի եւ Ստեփան Զաքարյանի հայցով՝ ընդդեմ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի՝ պաշտոնական դիրքի չարաշահման, իշխանազանցության համար։ Արմեն Խաչատրյանի թեթեւ ձեռքով էր նաեւ, որ ՆԳ նախարարն իրեն թույլ տվեց չորեքշաբթի խորհրդարանի ամբիոնից, մեղմ ասած, ոչ հարգալից տոնով խոսել նաեւ խորհրդարանի, ապա նաեւ՝ ամբողջ ժողովրդի հասցեին։ Երկրի գլխավոր օրենսդիր մարմինը հարգող ցանկացած ԱԺ խոսնակ պետք է որ արգելեր որեւէ նախարարի՝ նման անհարգալից վերաբերմունք դրսեւորել իր գլխավորած պետական կառույցի հանդեպ։ Բայց Արմեն Խաչատրյանի պետական մտածողությունը նման «մանր-մունր» հարցերով ինչո՞ւ ծանրաբեռնել, երբ ավելի լուրջ խնդիր կա՝ հաճոյանալ իշխանություններին, «պետականամետ» երեւալ՝ հնարավորինս երկար ջրի երեսին (ավելի ճիշտ՝ աթոռին) մնալու համար։ Սա մենք ասացինք, իսկ Արշակ Սադոյանն ասաց հետեւյալը. «Ինձ համար շատ դառն է մտածել, թե ինչ պետության մեջ պետք է լինենք, եթե այդ պետության նախարարներն այսպիսի արհամարհական վերաբերմունք ունեն մեր քաղաքացիների, մեր ժողովրդի նկատմամբ։ Երբ որ ՆԳ նախարարն ուղղակիորեն հայտարարում է, թե ի՞նչ ժողովուրդ որ, ժողովուրդս ո՞րն է։ Ու երբ զգում է ռեակցիան, որ սխալ թույլ տվեց, հայտարարում է, թե այնտեղ կային մարդիկ, ովքեր հաշվառման էին վերցված ՆԳ համակարգում։ Ես ուզում եմ, որ պաշտոնապես գրվի, որ ՆԳ նախարարն իր գաղտնի գործակալներին համարում է, որ մարդ չեն, ժողովուրդ չեն։ Եվ այդ գործակալների մասին արհամարհական արտահայտվել է ԱԺ-ի ամբիոնից։ Նա հայտարարել է՝ հաշվառված գործակալները ժողովուրդ չեն, մարդ չեն։ Կարող է, շատերն են այդ կարծիքին։ Իմ ներքին խորը համոզմամբ, այսպես ասած, գործ տվողներն իսկապես բարոյահոգեբանական տեսակետից որոշակի բացեր ունեն, բայց բոլոր դեպքերում նրանք էլ են մարդ, նրանք էլ են ժողովուրդ»։ Ըստ Արշակ Սադոյանի, չորեքշաբթի օրը խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալով, ՆԳ նախարարը խոստովանեց, որ ցուցարարների կամ հանրահավաքի մասնակիցների մեջ զգալի քանակություն էին կազմում ՆԳ-ի կողմից ուղարկված, հաշվառման մեջ գտնվող մարդիկ։ Արշակ Սադոյանը կարծում է նաեւ, որ սեպտեմբերի 7-ի հանրահավաքում տեղի ունեցածի մեջ անմիջականորեն մաս ունեն նաեւ այդ մարդիկ. «դիտմամբ կազմակերպված սադրանք»։ Արշակ Սադոյանը, դիմելով չորրորդ իշխանությանը, ասաց, որ նման բաները միտումնավոր են արվում, որպեսզի ժողովրդի ուշադրությունը բուն խնդիրներից շեղվի։ Սեպտեմբերի 7-ի հանրահավաքը, փաստորեն, ուղղված էր «ԱրմենՏելի» կողմից կիրառվող րոպեավճարի դեմ, բայց այնպիսի շիլաշփոթ առաջացավ. ձերբակալություններ, կոտրված դռներ, համերգ ու էլի չգիտես թե ինչ, որ ուշադրությունը բուն խնդրից իրոք շեղվեց։ Քչերն են հիշում, թե իրականում ինչի դեմ պետք է խոսեին եւ պայքարեին հանրահավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները։ Արշակ Սադոյանը կարծում է, որ ավելի վատ ուղղվածություն չի կարող լինել, քան այն, որ կեղտը տնից չհանելու նպատակով, այդ «կեղտը» թաքուն պահենք համաշխարհային հասարակությունից։ Հայաստանում տեղի ունեցող պրոցեսները, քաղաքացիական հասարակության ձգտող պետության համար, պարզապես խայտառակություն են. գտնում է Արշակ Սադոյանը եւ վստահ է, որ ճիշտը «կեղտը տնից դուրս հանելն է» եւ եվրոպական կառույցներին դիմելը։ Ըստ պրն Սադոյանի, Եվրախորհրդին Հայաստանի անդամակցությունը եթե մի դրական բան ունի, դա այն է, որ պետք է ձգտենք այդ կառույցի օգնությամբ վերականգնել մարդու իրավունքները, փորձենք ժողովրդավարություն հաստատել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել