Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՏԱԽՏԱԿՆԵՐԻ ԱՌՋԵՎ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐՆ ԵՆ

Սեպտեմբեր 14,2001 00:00

ԽԱՂԱՏԱԽՏԱԿՆԵՐԻ ԱՌՋԵՎ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐՆ ԵՆ Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը մեկնարկեց շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 61-րդ առաջնությունը։ Տասներկու օր հանրապետության 11 լավագույն շախմատիստները կպայքարեն այս իմաստուն խաղի Հայաստանի չեմպիոնին ու մրցանակակիրներին որոշելու համար։ Պայքարի մեջ են ներգրավվել մեր ճանաչված վեց գրոսմայստերները, չորս միջազգային վարպետ եւ մեկ ազգային վարպետ։ Ընդ որում, Հայաստանի ներկայիս չեմպիոն, միջազգային վարպետ Գաբրիել Սարգսյանն արդեն իսկ լրացրել է գրոսմայստերի նորման, սակայն պաշտոնապես այս կոչումը կրելու համար սպասում է ՖԻԴԵ-ի փաստացի հաստատմանը, որն, ըստ էության, ձեւական բնույթ է կրում։ Նույն վիճակում է նաեւ առաջնության մասնակից Գեւորգ Հարությունյանը, որը թեեւ ներկայացված է որպես ազգային վարպետ, սակայն նույնպես սպասում է միջազգային վարպետի կոչումը պաշտոնապես հաստատելուն։ Կանոնակարգով շախմատիստները պետք է անցկացնեն տասնմեկ տուր եւ շրջանաձեւ մրցակարգով որոշեն լավագույն եռյակին։ Շախմատասերներին, անշուշտ, կհետաքրքրի ՀՀ առաջնության մասնակիցների կազմը։ Նրանք են՝ գրոսմայստերներ՝ Կարեն Ասրյան, Սմբատ Լպուտյան, Աշոտ Անաստասյան, Արտաշես Մինասյան, Արսեն Եղիազարյան, Լեւոն Արոնյան, միջազգային վարպետներ՝ Գաբրիել Սարգսյան, Արա Մինասյան, Վահագն Խաչատրյան, Տիգրան Նալբանդյան եւ ազգային վարպետ՝ Գեւորգ Հարությունյան։ Բարձրագույն խմբի այս առաջնությունը կարեւորվում է նրանով, որ այն, փաստորեն, նախորդում է հոկտեմբերի սկզբներին Երեւանում մեկնարկելիք աշխարհի թիմային առաջնությանը, որին մասնակցելու է նաեւ մեր հանրապետության հավաքականը։ Առաջին տուրի մեկնարկից մոտ մեկ ժամ առաջ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Զաքարյանի հետ զրուցելիս ճշգրտեցինք մի քանի մանրամասներ, որոնք, կարծում ենք, կհետաքրքրեն այս խաղի սիրահարներին։ Առաջինն այն էր, որ առաջնությունն անցկացվում է համաձայն տարեկան միջոցառումների նախապես հաստատված գրաֆիկի, ու այստեղ գրանցվելիք արդյունքները վճռորոշ նշանակություն կարող են չունենալ աշխարհի թիմային առաջնությանը մասնակցող մեր հավաքականի կազմը որոշելու հարցում։ Բանն այն է, որ ՀՀ շախմատի ֆեդերացիան ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ է հաստատել գրոսմայստեր Արշակ Պետրոսյանին եւ պատասխանատու մրցման մասնակիցների ընտրությունը հանձնարարել է նրան։ Վերջինս էլ մոտ մեկ ամիս առաջ, ըստ վարկանիշերի, ներկայացրել է թիմի կազմը (Վլադիմիր Հակոբյան, Ռաֆայել Վահանյան, Սմբատ Լպուտյան, Կարեն Ասրյան, Աշոտ Անաստասյան, Արտաշես Մինասյան), որն, ըստ էության, ներկայիս վիճակով ամենաօպտիմալն է ու ֆեդերացիայի կողմից արժանացել է նախնական հավանության։ Մեր այն հարցին, թե ՀՀ առաջնության արդյունքներով, եթե չեմպիոն դառնա պակաս ճանաչում ունեցող շախմատիստ, հնարավո՞ր է վերանայվի եւ փոփոխվի աշխարհի առաջնությանը նախապատրաստվող հավաքականի կազմը, պրն Վ. Զաքարյանը պատասխանեց. «Դա քիչ հավանական է։ Բայց տա Աստված, որ այդպես լինի։ Այդ դեպքում առաջիկայում ծրագրված ուսումնամարզական հավաքից հետո, հնարավոր է՝ մարզչի հետ վերանայենք վերջնական կազմը»։ ՀՀ բարձրագույն խմբի առաջին տուրում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Վ. Խաչատրյան-Լ. Արոնյան՝ 0։1, Գ. Սարգսյան-Արա Մինասյան՝ 1/2, Արտաշես Մինասյան-Աշոտ Անաստասյան՝ 0։1, Տ. Նալբանդյան-Ա. Եղիազարյան՝ 0։1։ Ս. Լպուտյան-Գ. Հարությունյան պարտիան ուշ ժամին դեռ չէր ավարտվել։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել