ՎԵՐԱԲԱՑՎԵՑ «ԳՈՌ-ԱՐՏ» ՍՐԱՀԸ Մոսկովյան 28 հասցեում վերաբացված «Գոռ-արտ» սրահի բացմանը ներկա էին այսօրվա մշակութային եւ քաղաքական էլիտայի ներկայացուցիչները։ Սրահի տնօրեն Ռուբեն Յազրյանը որոշել է սրահը դարձնել ակտիվ, գործուն մշակութային կենտրոն, որ կցուցադրվեն եւ կվաճառվեն այն արվեստագետների գործերը, որոնք կընտրի սրահի ղեկավարությունը։ Պրն Յազրյանն այն կարծիքին է, որ սրահը կդառնա արվեստի լուրջ օջախ, որտեղ կձգտեն ցուցադրվել լավագույն նկարիչներն ու ստեղծագործողները։ Հիմնականում առաջնությունը կտրվի պրոֆեսիոնալներին, նրանց, ովքեր Նկարիչների միության անդամ են։ Մենք սովոր ենք ասել, որ մշակույթն այսօր անկում է ապրում, հոգեւոր սով է եւ այլն։ Ենթադրաբար, սրահի վերաբացման փաստը բոլորովին հակառակն է հաստատում։ Պրն Յազրյանը իրեն քաղաքականությունից հեռու մարդ է համարում եւ քաղաքական գործիչների ներկայությունը բացատրեց նրանով, որ բոլորն իր ընկերներն էին։ Իսկ սրահի վերաբացմանը ի թիվս բազմաթիվ երիտասարդ եւ տաղանդավոր նկարիչների, ներկա էին պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Մարտուն Մաթեւոսյանը, Արմեն Ռոստոմյանը, Խաչատուր Սուքիասյանը, Հրանուշ Հակոբյանը, նախարար Դավիթ Լոքյանը, մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը եւ էլի մի քանիսը։ Ռուբեն Յազրյանը սրահը կոչել է իր որդու՝ Գոռի անունով։ Մշակույթի նախարարի հավաստմամբ, այսօր մայրաքաղաքում նման արտ-սրահ չկա։ Բոլոր հյուրերը ուրախ էին, որ մայրաքաղաքը հարստացավ նման հրաշալի սրահով։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ