ԻՆՉՈ՞Ւ ՄԵՂՐԻ ՉՄԵԿՆԵՑԻ Ամեն տարի ամառային արձակուրդներին մեկնում էի իմ ծննդավայր՝ Մեղրի, ուր եւ հանդիպում էի բարեկամներիս եւ այցելում հարազատներիս շիրիմներին։ Այցս հնարավորություն էր ընձեռում մոտիկից ծանոթանալ հայրենակիցներիս օրախնդիր հիմնահարցերին, ծանր կենսակերպին եւ վերադարձին այդ ամենի մասին, որպես ականատես, գրել մամուլում, օգնել որոշ հարցերի լուծմանը։ Այս տարի գործընկերներս եւ մտերիմներս հաճախ են զարմացած հարցնում, թե ինչո՞ւ եմ լռել։ Իսկ պատճառը երեւի թե հայտնի է ցանկացած մեղրեցու՝ ուղեվարձի բարձրացումը։ Հիշեցնեմ, որ վերջին 10 տարիներին Երեւան-Մեղրի եւ հակառակ երթուղով երթեւեկում էին երկու ավտոբուս՝ շաբաթական 2 օր միայն։ Տոմսի արժեքը 4.000 դրամ էր (տոմսավաճառները 200-300 դրամ կանխավճար էին ավելացնում)։ Ի դեպ, դա այն ժամանակ էլ մեր հանրապետությունում ամենաբարձր ուղեվարձն էր։ Երկու տարի առաջ հայտնվեցին անհատական միկրոավտոբուսներ, որոնք ճանապարհի վարձավճարը բարձրացրին մինչեւ 5.000 դրամ։ Սա էլ ոչինչ։ Այս տարի արդեն նույն միկրոավտոբուսի գները հասել են 6.000-ի։ Հասկանալի է, որ վարորդներին բացարձակապես չի հետաքրքրում, թե ո՞վ է երթեւեկում՝ ուսանո՞ղ, զինվորակա՞ն, ազատամարտիկի մա՞յր, թե՞ թոշակառու։ Ասում են, որ ավելի ճարպիկ վարորդները հույժ կարեւոր գործով Մեղրի շտապող եւ այնտեղից Երեւան վերադարձող ուղեւորներին բերում են 7.000 եւ ավելի բարձր գումարով։ Կարծես այնքան էլ վատ չէ, եթե նկատի ունենանք, որ մեր կառավարությունը խիստ մտահոգ է Մեղրիի ապագայով եւ իրականացնում է այդ տարածքի վերակառուցման սոցիալ-տնտեսական բարեփոխումների ծրագիր։ Կուզենայինք միայն հարցնել տրանսպորտի եւ կապի նախարարին, թե մինչեւ երբ Մեղրի մեկնողները չեն ունենալու հնարավորություն օգտվելու շաբաթվա ցանկացած օր այնտեղ երթեւեկող պետական ավտոբուսներից, որոնց գները կլինեն դույզն-ինչ մատչելի անապահով մարդկանց համար։ Վերականգնեք գոնե նախկին ուղեվարձը։ ՄԵԼՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ