Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ տղամարդիկ շատ են սիրել եւ այսօր էլ սիրում են պարծենալ դրսերում իրենց ունեցած սիրային հաջողությու

Սեպտեմբեր 14,2001 00:00

«ՈՒՄ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ՝ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ԴՈՒ ԵՍ» Հայ տղամարդիկ շատ են սիրել եւ այսօր էլ սիրում են պարծենալ դրսերում իրենց ունեցած սիրային հաջողություններով։ Այսօր նրանք հոծ զանգվածներով դարձյալ դրսում են, մեծ մասամբ՝ մենակ, հիմնականում՝ գնահատված տղամարդկային արժանիքներով։ Հայաստանում ամուսնալուծությունները շատացե՞լ են, թե՞ ոչ՝ դժվար է ասել, սակայն, դատելով ԵԱՀԿ ծառայությունում առկա վարույթների գործող անձանց նկարագրից, հայրերը մեծ անտարբերություն եւ անհոգություն են ցուցաբերում ծնողների բաժանության արդյունքում անհայրության դատապարտված իրենց երեխաների հանդեպ։ Մի 7-ամյա աղջնակ նամակով հորը խնդրում էր գոնե մեկ անգամ իրեն տեսակցելու գալ, որպեսզի նրա դեմքը տեսնելու ու հիշողության մեջ մտապահելու հնարավորությունն ունենա։ Թե չէ՝ «ում տեսնում եմ՝ կարծում եմ դու ես»,- գրում է երեխան։ Եվ ստացվում է այնպես, որ նույն հորից ծնված շատ ու շատ երեխաներ մեծանում են՝ իրար չճանաչելով։ Որ հենց երեխաներն իրենք իրենց հայրական կողմի հարազատներին բոլորովին օտար են մնում։ Իրենց հորը չճանաչած երեխաները եւս փոքր թիվ չեն կազմում։ Վերջապես, միմյանց գոյությունից անտեղյակ՝ մեծանալու բոլոր պայմաններն ունեն թափառաշրջիկ եւ օտար կանանց հետ սիրային արկածների սիրահար տղամարդկանց օրինական եւ պատահական սիրավեպերից ծնված նույն արյունն ունեցող երեխաները։ Գուցե թե մեզնից անկախ գոյացած իրավիճակ է աշխարհով մեկ մարդկանց հոծ զանգվածների տեղաշարժը։ Մարդիկ այս ու այնտեղ են գնում։ Ժամանակավոր կապեր ունենում, նույնիսկ անտեղյակ մնում, թե դրանց զավակ արդյո՞ք հաջորդել է։ Իսկ եթե այդ սիրահարվելու եւ պատահական կապերի սիրահար տղամարդիկ աշխարհի ճամփաներին մի օր հանդիպեն իրենց իսկ հասուն, բայց չճանաչած աղջկա՞ն։ Իսկ եթե նույնարյուն անծանոթ երիտասարդների ճանապարհները մի օր խաչվե՞ն։ Անպատասխանատվության շատ հավանական արդյունքներ են դրանք, իրողություններ, որոնցով լիքն են մերժելի բարքերի շտեմարան, հեռուստաէկրանները ողողած բոլոր սերիալները, որոնք դիտելով վայ-վույ ենք անում, չիմանալով, որ պատուհասը մեր ազգի գլխից էլ հեռու չի։ ԼՈՒՍՅԱ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել