Ֆրանսահայ միակ երգեհոնահարը Հայաստանում Վերջերս, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի միջոցառումների շրջանակներում, հրավիրված էր երգեհոնահար Նարինե Սիմոնյանը՝ Ֆրանսիայից։ Ընդամենը մեկ երեկոյի ընթացքում նա կարողացավ ունկնդրին տեղափոխել հոգեւոր երաժշտության լուսեղեն ոլորտները, կապեց-կաշկանդեց մեղեդիների բացառիկ գեղեցկությամբ։ Շատ հարուստ ծրագիր էր՝ Ժան Ադամ Գիլան, Յոհան Սեբաստիան Բախ, Ջովանի Բատիստա Փեշետի, Ֆերենց Լիստ, Յոհաննես Բրամս, Կոմիտաս, Եկմալյան, Էժեն Ժիգու։ Համերգի ավարտից հետո խնդրեցինք պատասխանել մեզ հետաքրքրող մի քանի հարցերի։ – Ինչպե՞ս սկսվեց Ձեր՝ երգեհոնահարի կարիերան։ Մեզ մոտ ընդունված է, որ դաշնակահարն է հետագայում դառնում երգեհոնահար, այդպես չէ՞։ – Հայաստանում այդպես է ընդունված։ Կարիերաս սկսվեց իմ ծննդավայրից՝ Գյումրիից։ Հետո, ինչպես ճիշտ նկատեցիք, ավարտեցի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի, ապա երգեհոնի դասարանները։ Իմ պրոֆեսորներն էին համապատասխանաբար Վահե Ահարոնյանը եւ Արթուր Ադամյանը։ Դա 80-ականների վերջն էր։ 1991թ.-ից ապրում եւ աշխատում եմ Փարիզում։ Այստեղ ուսանել եմ դարի խոշորագույն երգեհոնահար Մարի Քլեր Ալանի, ինչպես նաեւ՝ Մարի-Լուիզ Լանգլեի, Սյուզան Լանդալի եւ Ժան Կիյուի մոտ։ 94-ին Շվեյցարիայում ինձ շնորհվեց Մենդելսոն-Լիստ-Մորե երգեհոնային միջազգային մրցույթի Գրան Պրին։ 95-ին՝ «Իլ դը Ֆրանս» մրցույթի առաջին մրցանակը, իսկ 1996 թ.՝ բարձրագույն վարպետության վիրտուոզ կատարողի դիպլոմ։ – Ճանաչված երգեհոնահար եք, Ֆրանսիայի քաղաքացի… – Կներեք, որ ընդհատում եմ։ Հասկացա եւ Ձեր հարցը, եւ հարցի ենթատեքստը։ Այո, Ֆրանսիան Ֆրանսիա է, իսկ Փարիզը մնում է Փարիզ։ Բայց լավ իմացեք՝ հրաշագեղ Փարիզը իմ նմաններին ճանապարհ է հարթել, զարգացրել եւ նաեւ՝ նմաններին՝ կործանել։ Այսինքն, բարդ է… Պետք է Փարիզը քեզ ընդունի որպես երաժշտի, լավ երաժշտի, իրեն հատուկ երաժշտի։ Եթե ոչ՝ ապա կորած ես։ – Եվրոպայում արդեն ճանաչված երգեհոնահար եք։ Ի՞նչ եք կարծում՝ երեխան միանգամից պետք է երգեհոն, կլավեսին նվագե՞լ սովորի, թե՞ սկսի դաշնամուրից։ – Կլավեսինը եւ դաշնամուրը պետք է սկսել միաժամանակ։ Մոցարտը գրել է կլավեսինի վրա, կլավեսինի համար, եւ գիտեք ինչ տարբերություն կա, երբ կլավեսինի համար գրված գործը նվագում ես դաշնամուրի վրա։ Տեսեք, իմ գործիքը՝ երգեհոնը, եվրոպական մտածողության է պատկանում։ Փարիզի մեջ 350 երգեհոն կա։ Վերջինս, իհարկե, եկեղեցական գործիք է։ Առայժմ իմ գործիքը չունեմ, բայց փոխարենը տրամադրել են Փարիզում գործող եկեղեցիներից մի քանիսի բանալիները, ասել է թե՝ որ ժամին ցանկանամ, կարող եմ գնալ բաց անել ու պարապել։ Հենց սկզբից պետք է սկսել պարապել նախընտրած գործիքով։ – Ունեցե՞լ եք բարեգործական համերգներ… – Վերջին անգամ Շիրակ-Քոչարյան հանդիպման առիթով համերգային բաժնում ելույթ ունեցա։ Գյումրիում վերանորոգվում է Ամենափրկիչ եկեղեցին։ Բնական է, եթե գումար լինի՝ 2 տարում կվերանորոգվի, եթե ոչ՝ 20 տարում էլ չի վերանորոգվի։ Բայց սկսված է եկեղեցու համար բարեգործական ակցիա՝ երգեհոն գնելու նպատակով։ – Ձեր ստեղծագործական կյանքը հաջող է, իսկ անձնակա՞նը… – Բախը մի խորալ ունի, որ ասում է. «Աստված, ես իմ բախտը դնում եմ քո ձեռքերում եւ հեզությամբ հավատում եմ քո տնօրինությանը»։ Ես իմ անձի կամ անձնականով չեմ զբաղվում եւ հույս ունեմ, որ Աստված ճիշտ կտնօրինի իմ անձնականը, իմ ճակատագիրը… Նարինե Սիմոնյանը ելույթներ է ունենում Ֆրանսիայում։ Հյուրախաղերով մեկնել է Սկանդինավյան երկրներ, Անգլիա, Շվեյցարիա, Ամերիկա, Իտալիա, Թուրքիա։ Ձայնագրել է 5 CD, որից երկուսը արժանացել են միջազգային քննադատության բարձրագույն գնահատականի («5 դիապազոն»)։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ