Լրահոս
Օրվա լրահոսը

2001թ.

Սեպտեմբեր 14,2001 00:00

ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄ 2001թ. սեպտեմբերի 2-ին ավարտվեց հեռուստառադիոընկերությունների վերալիցենզավորման գործընթացը։ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն աշխատանքային յոթ ամիսների ընթացքում վերալիցենզավորել է հանրապետությունում գործող 42 հեռուստառադիոընկերություններից 38-ը։ Չեղյալ է համարվել 2 ընկերության՝ «Լոռի -Վանաձոր» հասարակական հեռուստառադիոընկերության լիցենզիան (ընկերության կամքով՝ իրենք հայտ են ներկայացրել, որ այլեւս չեն ուզում ռադիոհեռարձակման իրավունք ստանալ, ցանկանում են վերականգնել միայն հեռուստատեսային ոլորտին վերաբերող լիցենզիան, ինչը հաջողությամբ իրականացվել է) եւ «Սպիտակ» հեռուստաընկերության լիցենզիան, որը չէր ներկայացրել վերալիցենզավորման հայտ, ուստիեւ հանձնաժողովը նրանց նախկին լիցենզիայի ուժը կորցրած է ճանաչել։ Եվս 2-ը՝ AATV-ն եւ Կաբելային հեռուստատեսային համակարգերի հանրապետական կենտրոնը, լիցենզիա չեն ստացել, քանի որ չէին հանդիսանում հեռուստառադիոընկերությունների ոլորտի սուբյեկտ, նրանց գործունեությունն այլ բնույթ ուներ։ Հիշեցնենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեությունն, ըստ ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի, առնչվում է միայն մասնավոր հեռուստառադիոընկերությունների լիցենզավորման եւ վերահսկողության հետ։ Հիշեցնենք նաեւ, որ Ազգային հանձնաժողովի (որի գործունեությունը ֆինանսավորվում է պետբյուջեից) 9 անդամներին նշանակում է ՀՀ նախագահը՝ 6 տարի ժամկետով։ Երեկ Ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը եւ նրա տեղակալ Շամիրամ Աղաբեկյանը հրավիրել էին ասուլիս՝ վերալիցենզավորման գործընթացի արդյունքներն ամփոփելու նպատակով։ Ըստ պրն Ամալյանի՝ չվերալիցենզավորված AATV ընկերությունը շարունակում է ապօրինաբար հեռարձակում իրականացնել, եւ նա խոստացավ, որ միջոցներ կձեռնարկվեն՝ ապօրինության դեմն առնելու համար։ Սակայն ՀՀ օրենսդրությունը նախատեսում է նաեւ, որ լիցենզավորման մերժումը կարող է գանգատարկվել դատական կարգով։ Այնպես որ, եթե հիշյալ 4 մերժված ընկերությունները գտնում են, թե իրենց անհիմն են մերժել, կարող են դիմել դատարան։ Պրն Ամալյանը պնդում էր, որ 38 վերալիցենզավորված ընկերություններին խստորեն չեն վերաբերվել, անգամ շատ հարցերում ընդառաջել են. «Մենք ունենք մեծ թվով հեռուստառադիոընկերություններ, բայց բոլորը չէ, որ տնօրինում են սեփական հեռարձակման կապուղիներ կամ հաճախություններ, բոլորը չէ, որ իրենք իրենց են հեռարձակում։ Գրեթե բոլորը պրոբլեմներ ունեին տեխնիկական պատշաճ որակի առումով։ Սարքավորումները չեն համապատասխանում չափանիշներին, սակայն, քանի որ նրանք վաղուց արդեն գործում են, միջոցներ են ներդրել, մենք նրանց վերալիցենզավորեցինք։ Բայց անպայման պետք է ժամկետներ դնենք տեխնիկապես վերազինվելու համար։ Իսկ նոր բացվող ընկերություններին, որոնք նոր-նոր պետք է լիցենզիա ստանան, այլեւս չենք ընդառաջի, եւ, մինչեւ համապատասխան տեխնիկական պատշաճ մակարդակ չապահովեն, լիցենզիա չեն ստանա»։ Հանձնաժողովը թեեւ ավարտեց հեռարձակման լիցենզիաներ տալու (ավելի ստույգ՝ վերալիցենզավորելու) գործընթացը, բայց այժմ սկսում է մի նոր գործունեության շրջան. «Սեպտեմբերի 4-ին հրապարակվել է «Հեռուստահաղորդումների արտադրության» լիցենզավորման կարգը։ Դրա շուրջ թյուր մեկնաբանություններ են արվում։ Բայց օրենքի 3-րդ հոդվածում հստակ նշված է, որ արտոնագրատերը այն է (հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն), որը սույն օրենքի համաձայն ունի հեռուստառադիոհաղորդումների արտադրության կամ (եւ) հեռարձակման արտոնագիր։ Հեռուստահաղորդումների արտադրությունը ենթադրում է եթերում սեփական ծրագրերով եթերային ժամանակի տնօրինում։ Արտադրությունը չի նշանակում առանձին հեռուստահաղորդման ստեղծումը, ստեղծագործական աշխատանքը։ Եվ անհեթեթ է այն օրինակը, թե փողոցում նկարահանող օպերատորին կարող են մոտենալ եւ ասել՝ որտե՞ղ է քո լիցենզիան։ Օրենքում նման բան չկա»։ Ինչ խոսք, օրենքում նման բան չէր էլ կարող լինել, ուղղակի ՀՀ-ում օրենքներն այնքան առաձգական են, եւ դրանք այնպես կարելի է մեկնաբանել, որ ոչ միայն վաղը-մյուս օրը օպերատորից նկարահանումների համար արտոնագիր ուզելը զարմանալի չի թվա, այլեւ՝ սիրողական լուսանկարչական ապարատով զվարճացողից թույլտվություն պահանջելը կդիտվի նորմալ երեւույթ։ Եվ որքան «ոպջՐՈջՎպՐ» են մեր երկրի օրենքները, նույնքան «արդարամիտ եւ անկախ» է մեր դատաիրավական համակարգը։ Այնպես որ, վախը, թե՝ իշխանություններին դուր չեկած հեռուստառադիոընկերություններին կարող են զրկել լիցենզիաներից, հիմնավորվում է ոչ թե օրենքում եղած կամ չեղած այս եւ այն դրույթով, այլ զուտ՝ մեր ազգային օրենսդրության եւ իրավական համակարգի առանձնահատկություններով։ Ցանկության դեպքում ցանկացած օրենք այնքան ձեւախեղված մեկնաբանություն կարող է ստանալ, եւ դատարանն էլ դրա հիման վրա համապատասխան որոշում կարող է ընդունել, որ կապշեցնի անգամ ամենավառ երեւակայության տեր օրենսգետին։ Ինչեւէ, արդեն սկսվում է հեռուստառադիոընկերությունների արտադրության լիցենզավորումը։ Եվ բոլոր այն ընկերությունները, որ մինչ այսօր գործում են, պիտի հայտ ներկայացնեն՝ արտադրության լիցենզավորում ստանալու համար։ Իսկ դեկտեմբերի 15-ից ՀՀ-ում բոլոր այն ընկերությունների գործունեությունը, որոնք չեն ունենա լիցենզիա՝ հեռարձակման կամ արտադրության համար, եթերում ուղղակի կարգելվի։ «Արդեն օրենքի դաշտ ենք բերել բոլոր հեռարձակողներին, մնում է արտադրողներին բերենք օրենսդրական դաշտ։ Սակայն ցանկալի է, որ հայտերը ներկայացվեն մինչեւ հոկտեմբերի 15-ը, քանի որ լիցենզավորման համար երկամսյա ժամկետ է նախատեսված»,- ասաց պրն Ամալյանը։ Ի դեպ, արտադրության լիցենզիա ստանալու համար հեռուստաընկերությունները պիտի վճարեն 300 հազար դրամ, իսկ ռադիոընկերությունները՝ 125 հազար։ Պետբյուջեի ճեղքերը փակելու եւս մի հրաշալի աղբյուր։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել