«Ական են դնում ազգային կրթության տակ» Ահազանգում է «հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչ Վալերի Միրզոյանը «1998-ի պետական հեղաշրջումից հետո սկսված հետընթացի» մի դրսեւորումն էլ հայոց լեզվի դեմ վերջերս ահագնացած ոտնձգություններն են։ ԱԺ պատգամավոր Տարոն Սահակյանը եւ ՀԺԿ-ական 11 պատգամավոր օրենքի երկու տարբեր նախագիծ են ներկայացրել ԱԺ, որոնց նպատակը «Լեզվի մասին» ՀՀ օրենքում ապազգային փոփոխություններ մտցնելն է։ Չհանդուրժելով հայոց լեզվի հանդեպ նման ոտնձգությունը՝ Լեզվի տեսչության նախկին պետ Վալերի Միրզոյանը երեկ ելույթով հանդես եկավ ՀՀՇ վարչության շենքում։ ՀՀՇ վարչության նախագահ Ալիկ Արզումանյանի բնորոշմամբ՝ «այս հարցի ամենաճանաչված փորձագետը» նախ հիշեցրեց այն դժնի օրերը, երբ իրեն ազատեցին Լեզվի տեսչության պետի պաշտոնից։ Այնուհետեւ իր խոր մտահոգությունը հայտնեց, որ ԱԺ-ի առաջիկա եռօրյայում «Լեզվի մասին» օրենքի այդ փոփոխությունները կընդունվեն։ Մինչդեռ Տարոն Սահակյանի ներկայացրած նախագիծը «ակնհայտ անգրագետ փաստաթուղթ է եւ նույնիսկ մեր պատգամավորների ներկա մակարդակը թույլ կտա դա չընդունել»։ ՀԺԿ-ականների տարբերակը «ավելի նուրբ է գրված», բայց շատ ավելի «վտանգավոր է» (որակումը՝ Վ. Մ.-ի)։ Վ. Միրզոյանի պնդմամբ՝ Տարոն Սահակյանը «գործադիր իշխանության պատվերն է կատարում», քանի որ իր նախագծում փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորում է նրանով, որ ՀՀ նախագահը Մոսկվա կատարած այցի ժամանակ խոստացել էր այդ փոփոխություններն անել։ Նույն հիմնավորումն են ներկայացնում նաեւ ՀԺԿ-ական պատգամավորները՝ մտահոգված, որ ռուսաց լեզվի շահերը պաշտպանված չեն մեր օրենքով։ Իսկ Վալերի Միրզոյանի կարծիքով, «Լեզվի մասին» ՀՀ օրենքը ոչ մեկի շահերն էլ չի ոտնահարում, չի հակասում միջազգային ոչ մի հռչակագրի։ Ռուսաց, ինչպես նաեւ որեւէ այլ օտար լեզվի շահերը այդ օրենքով անտեսված չեն։ «Կեղծիք է, որ ռուսերենը նսեմացված է, արտամղվել է։ Բոլոր ասպարեզներում պահպանվել է, վրադիր՝ անգլերենը։ Հայերենն է տակավին նսեմացված»։ Ընդունելության քննություններից հայոց լեզուն հանելու ՀԺԿ-ականների նախաձեռնությունը քննադատելով՝ Վալերի Միրզոյանը խայթեց, որ ՀԺԿ-ական այդ 11 պատգամավորների մեջ չկա «հայերեն խոսող, այսինքն՝ այնպիսի խոսք, որ լինի առինքնող, եւ հայ ուսանողը, աշակերտը սովորի»։ Ավելի դաժան էր նրա այս մի գնահատականը. «Ես բացատրում եմ իրենց անձնական թերարժեքությամբ հայոց լեզվի դեմ այդ թշնամանքը, որ ծորում է այս տողերից»։ Վ. Միրզոյանը կետ առ կետ քննադատեց օրենքում նախատեսվող փոփոխությունները եւ հայտարարեց. «Ազգայինը նախ եւ առաջ սեփական լեզվով կրթելու իրավունքն է, որը մենք տվել ենք մեր օրենքով, մենք՝ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչներս, իսկ ահա այս սուրբ, հրեշտակային ռեժիմի ներկայացուցիչները գիտակցաբար, միտումնավոր ական են դնում ազգային կրթության տակ»։ Ամենեւին էլ գովական խոսքեր չասելով Լեզվի տեսչության ներկայիս ղեկավարության հասցեին՝ տեսչության նախկին պետը, այնուամենայնիվ, մտահոգված է այդ տեսչությունը վերացնելու՝ ՀԺԿ-ականների մտադրությամբ։ Վերջիններիս ձեւակերպմամբ՝ «պետական լեզվաքաղաքականությունն իրականացնում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները», ինչը պատգամավորների «իրավական տգիտությունն է» բացահայտում, քանի որ ստացվել է՝ «պետական ինքնակառավարման մարմիններ», բայց պետք է լիներ «պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման»։ Մի քանի այս կարգի «տգիտություններ» բացահայտելուց հետո, Վալերի Միրզոյանն ամփոփեց. «Մեր ազգային հորջորջվող իշխանությունը այսօր վարում է լեզվի ասպարեզում ոչ միայն ապազգային, այլեւ հակաժողովրդական քաղաքականություն»։ Անվանելով դա «պետական հանցագործություն»՝ Վ. Միրզոյանը մտահոգվեց, որ միայն «Մաշտոց» միավորումն է սրա դեմ բողոքել։ ՀՀՇ վարչության նախագահ Ալեքսանդր Արզումանյանը տեղեկացրեց, որ Աջ ուժերը կքննարկեն Վ. Միրզոյանի առաջարկները եւ գուցե հանդես գան հայտարարությամբ։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ