Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսել են քննության, դատապաշտպանների, դատավարության մասին

Սեպտեմբեր 14,2001 00:01

«Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը երեկ շարունակվեց դարձյալ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւի հարցերով։

Տեղեկացնենք, որ նրա թարգմանչի դեմ հանդես եկավ ամբաստանյալ Համլետ Ստեփանյանի պաշտպան Աղասի Աթաբեկյանը՝ վկայակոչելով քրեական դատավարության 83 եւ 96 հոդվածները, ըստ որի, «թարգմանիչը կամ մասնագետը չի կարող մասնակցել քրեական գործի վարույթին, եթե հայտնաբերվում է նրա անձեռնհասությունը»։

Նշվեց նաեւ, որ թարգմանիչը պետք է ազատորեն տիրապետի քրեական դատավարության լեզվին եւ այն լեզվին, որից կատարվում է թարգմանությունը։ Մեր նախորդ հրապարակումներից մեկում մենք անդրադարձել էինք դատական հոգեբանների գործունեությանը, նրան, որ ավանդույթ չկա ձեւավորված։ Մասնագիտացված թարգմանիչների պարագայում կարող ենք նույնը պնդել, քանզի ռուսերենին կամ այլ լեզվին տիրապետելը դեռ չի նշանակում քրեադատավական բառամթերքին տիրապետել։

Սամվել Ուզունյան

Դատավոր Սամվել Ուզունյանը փորձեց մեղմել իրավիճակը, ասելով, որ դատարանը չի հայտնաբերել անձեռնհասությունը եւ էական տարբերություններ չի նկատել։ Ավելին, դատավորը տեղեկացրեց, որ տուժողի ներկայացուցիչները թարգմանիչ են հրավիրել իրենց միջոցներով։

Օլեգ Յունոշև

Օլեգ Յունոշեւի հարցերը լավագույն բնորոշումն են ռուսական փաստաբանական դպրոցի, եւ պետք է նկատել, որ դրանք համակարգված են, տրամաբանական, հնարավոր պատասխանները եւ դրանից բխած հարցերը նախապատրաստած։ Հարցադրումները գլխավորապես վերաբերում էին հոկտեմբերի 27-ին կատարվածից հետո ընկած ժամանակին, ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հետ ահաբեկչի բանակցություններին, ինչպես նաեւ Հունանյանի նկատմամբ կատարված ՊԱԿ -ի եւ ԱԱՆ-ի կողմից օպերատիվ աշխատանքներին։

Հետաքրքիր է, որ ամբաստանյալը չհիշեց, թե մահապատժի վերացման կամ համաներման մասին նախագահի հետ հանդիպման ժամանակ խոսակցության նախաձեռնողն ով է եղել։ Հիշեց ընդամենը, թե հարցը «ինքն իրեն ծագել է»։ Ամբաստանյալ Ն. Հունանյանը հայտնեց, թե իր խոսակցությունը 1-2 րոպե է տեւել եւ նախագահ Քոչարյանը ուղղակի երաշխիքներ չի տվել, սակայն ասաց. «Հանդիպման ժամանակ մենք խոսել ենք հանձնվելու, քննության, դատապաշտպանների, դատավարության մասին»։ Այսինքն՝ մի ամբողջական գործընթացի։ Ավելին, նախագահը հանդիպման ժամանակ հայտնել էր, թե մահապատիժը վերացված է։ Իմիջիայլոց, լարումը մեղմելու համար ամբաստանյալ Հունանյանը անհոգ ձեւանալով ասաց նաեւ. «Մահապատիժը չորրորդական հարց է ինձ համար, համաներումը՝ վեցերորդական»։

Պատասխանելով փաստաբան Յունոշեւի հարցերին, անվտանգության մարմինների հետ ամբաստանյալի «կոնտակտների» կապակցությամբ, ամբաստանյալն ասաց, որ ինքը ուշադրության կենտրոնում է եղել 84-85-ին, «որովհետեւ որոշակի ազգայնական գաղափարախոսության կրողն եմ եղել» եւ ՊԱԿ-ի հետ իր անդրանիկ շփումները կապված էին Պարույր Հայրիկյանի հետ, որի համար ստորագրություններ են հավաքել։

Ինչպես դատաքննական իր ցուցմունքների ժամանակ, այնպես էլ հարցաքննության ժամանակ նա կրկնեց կապիտան Սարո Մկրտչյանի եւ ավագ լեյտենանտ Էդիկ Ոսկերչյանի անունները։ Նա հայտնեց, թե համագործակցության որեւէ ձեւի առաջարկ չի եղել եւ կոնկրետ առաջարկներ են եղել 1998-ին, երբ իրեն տարել են ԿԳԲ-ի շենքը, առաջարկելով «պայմանական» համագործակցության։ Ի դեպ, այն կապված էր ուսանողական թերթի հրատարակման հետ։

Հետաքրքիր մի հարց տվեց Օլեգ Յունոշեւը, որին հետեւեց նույնքան անսպասելի պատասխանը.

– Ի՞նչ հագուստ եք կրել հանցագործության օրը։

– Հաստ բրդյա վերնաշապիկ էր՝ կանաչ, բաց, մոխրագույն վանդակներով, ինչը տեսել եք դատաքննության ժամանակ, սեւ կաշվե բաճկոն։

– Առգրավվե՞լ էր այդ վերնաշապիկը։

– Ոչ, միայն բաճկոնը։

Ամբաստանյալը դարձյալ պնդեց, թե խմբի անդամներից որեւէ մեկը ԱԺ տարած երեք ինքնաձիգերը եւ ատրճանակը չի փորձարկել, փորձարկվել է միայն ծալովի ինքնաձիգը։ Ի դեպ, նա այդպես էլ չհիշեց, թե ինչու էր խափանվել Կարեն Հունանյանի ինքնաձիգը եւ հետագայում ինչ էր արվել այդ ինքնաձիգի հետ. «Նայել է Դերենիկ Բեջանյանը, եւ ինքը կկարողանա ասել՝ ինչն էր փչացած»։

Նկատենք, որ խմբի անդամների անունից նա ընդհանրապես որեւէ տեղեկություն չի տալիս՝ մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի, անգամ թաքնված, մտքերի մասին (ինչ էր մտադրվել, ինչու այդպես ասաց) երկար պատասխաններ է տալիս։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930