Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանա լիճը գեղեցկության հրաշալիք լինելուց բացի, դարձավ նաեւ Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ լույ

Սեպտեմբեր 14,2001 00:00

Սեւանի ջրերը մարդիկ են աղտոտում Սեւանա լիճը գեղեցկության հրաշալիք լինելուց բացի, դարձավ նաեւ Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ լույսի, էներգիայի եւ այլ բարիքների ստացման աղբյուր։ Սեւանից սկիզբ առնող Հրազդան գետի ջրերով ոռոգվում են ավելի քան 75 հազար հեկտար մշակովի հողեր։ Վերջին տասնամյակում հողի եւ արդյունաբերական տարբեր ձեռնարկությունների սեփականաշնորհումից հետո շարքից դուրս են եկել բնապահպանական այն կառույցները, որոնք պահպանում էին Սեւանի էկոլոգիական հավասարակշռված վիճակը։ Հանրապետական եւ տեղական համապատասխան մարմինների թույլ վերահսկողության եւ անտարբերության հետեւանքով ներկա դրությամբ տարածաշրջանում նախկինում տեղակայված ու գործող ոչ մի մաքրման կայան չի աշխատում։ Դեռ ավելին, դրանց մեծ մասը թալանվել ու ավերվել է։ Վարդենիսի, Մարտունու, Գավառի, Ճամբարակի, ինչպես նաեւ Սեւանի ազգային պարկի տարածքում գործող շուրջ 200 իրավաբանական ու ֆիզիկական օբյեկտների արդյունաբերական եւ կենցաղային հոսքաջրերը, որոնք պարունակում են զանազան վնասակար նյութեր ու մեծ քանակությամբ կենսածին տարրեր, առանց մաքրվելու լցվում են Սեւանա լիճ եւ առաջ բերում ջրի կենսունակության կորուստ, ջրային բույսերի հարաբերակցության էական փոփոխություն, որը հանգեցնում է ջրավազանի էկոլոգիական հավասարակշռության խախտման։ Կենսունակությունը կորցրած ջրավազանի ջրային բույսերի մահացած բջիջները քայքայվելով առաջացնում են տոքսիկ նյութեր, որը բացասական է ներգործում ջրային ֆաունայի եւ, առաջին հերթին, ձկների վրա։ Գավառագետը, Մասրիկը, Մարտունին եւ այլ գետերը, որոնք մի ժամանակ ծառայում էին որպես կողակ, իշխան եւ այլ ձկնատեսակների բազմացման ու սերնդափոխանակման բնակատեղեր, այսօր, անթրոպոգեն աղտոտվածության պատճառով, գրեթե կորցրել են իրենց էկոլոգիական արժեքը։ Հայաստանի կառավարությունը պետք է ֆինանսական միջոցներ հայթայթի, իսկ բնապահպանության նախարարությունը՝ գործնական քայլեր ձեռնարկի վերականգնելու եւ գործարկելու Գավառի մսի կոմբինատի, Մարտունու, Վարդենիսի, Շորժայի եւ Փամբակի նախնական եւ կենսաբանական մաքրման կայանները։ Սեւանի էկոլոգիական վիճակին լուրջ վտանգող գործոն է անասնապահական ֆերմաների, այդ թվում եւ լեռնային արոտների լեռնալանջերին տեղակայված ֆերմաների շրջակա տարածքներում կուտակված գոմաղբն ու գոմաղբահեղուկը, որոնք պարունակում են մեծ քանակով կենսածին տարրեր, հատկապես՝ ազոտ։ Մակերեսային հոսքերով Սեւանա լիճ տեղափոխվող այդ կեղտաջրերը դարձել են ջրերի ընդհանուր եւ միկրոբային աղտոտման կարեւոր գործոններից մեկը։ Անասնապահական ֆերմաների շրջակայքում կուտակված գոմաղբի ու գոմաղբահեղուկի խրամատավորումը եւ քայքայումը (նման աշխատանքները մեծ ծախսերի ու դժվարությունների հետ չեն կապված) մեծապես կնպաստեն Սեւանի ջրերի էկոլոգիական վիճակի բարելավմանը։ Վերջին տարիներին մշակվել է անասնապահական թափոնների վերամշակման կենսատեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս ստանալ մեթան գազ։ Այդ բնապահպանական կարեւոր միջոցառումը կարելի է կիրառել անասնապահական նույնիսկ ոչ մեծ ֆերմաների համար։ Կուտակված գոմաղբի վնասազերծման եւ ուտիլիզացիայի, կենսագազի ստացումը անասնապահությունում պետք է դառնա շրջակա բնական միջավայրի պահպանման միջոցառումների կարեւոր օղակներից մեկը։ Անասնապահության բնագավառի աշխատողները պետք է գիտակցեն իրենց դերը Սեւանի էկոլոգիական վիճակի բարելավման գործում եւ գոմաղբի վնասազերծումը դարձնեն իրենց արտադրական գործունեության կարեւոր բաղկացուցիչ մասը։ Հ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Գեղարքունիքի մարզի տարածքային բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել