Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է ենթադրել՝ կառավարության անդամները երեկ նիստի ընթացքում հարցեր քննարկելուց զատ, նաեւ գրազ էին

Սեպտեմբեր 14,2001 00:00

ԵՎՐՈՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ Պետք է ենթադրել՝ կառավարության անդամները երեկ նիստի ընթացքում հարցեր քննարկելուց զատ, նաեւ գրազ էին եկել, որ լրագրողներին հարցազրույց չեն տա։ Ու այդպես շառից-փորձանքից հեռու միահամուռ գրազը շահեցին՝ բացառությամբ Դավիթ Զադոյանի եւ Ռազմիկ Մարտիրոսյանի, որոնցից առաջինն այդպես էլ ոչինչ չասաց, որ ինֆորմացիա պարունակեր։ Իսկ ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյանի քայլքը վազքի վերածվեց, հենց նկատեց իր վրա «հարձակման» նախապատրաստվող լրագրողներին։ Ու մի երկար պահ եղավ, երբ կառավարության նիստի ընդմիջումը լուսաբանելու թույլտվության արժանացած լրագրողներս մնացինք մենք՝ մերոնցով։ Հռոմի պապի այցելության ընթացքում Պապի անվտանգությունն ապահովելու նպատակով կառավարական հանձնաժողով է ստեղծվել։ Եթե անվտանգություն, ապա առավել արդիական է ինքնաթիռների հարցը։ Բայց խնդիր չէ. քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Հովհաննես Երիցյանի պնդմամբ, նոր եւ հին ինքնաթիռի տարբերություն այնքան էլ չկա։ «Ինքնաթիռն ունի այնպիսի տեխնիկական սպասարկում, որ կարեւոր չէ՝ այսօ՞ր ես օդ հանել, թե՞ 5 տարի առաջ։ Մեր տեխնիկայի միջին տարիքը մի քիչ շատ է, բայց կարեւոր չէ»։ Իսկ ահաբեկչությունից, ըստ Հ. Երիցյանի, մեր ինքնաթիռները պաշտպանված են այնքանով, որքանով ողջ աշխարհի։ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը արդեն վերադարձին (երկրորդ նիստին) չկարողացավ ճեղքել լրագրողների շուրջկալը։ Պրն Սարգսյանը, մեկնաբանելով այս օրերի տնտեսական երեւույթները, նշեց. «Բնական է ազգաբնակչության առաջին ռեակցիան։ Երբ աշխարհում նման լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, բացասական սպասումներ են ձեւավորվում, որի արձագանքը 1-2 ժամում իր ազդեցությունն է թողնում ֆինանսական շուկաների վրա»։ Ըստ նրա, մակրոտնտեսական իրավիճակը չի փոխվել, քանի որ համաշխարհային շուկաներում այս դեպքերի հետեւանքով լուրջ, էական փոփոխություններ տեղի չունեցան։ Սրա շնորհիվ էլ հաջողվել է կայունություն ապահովել ե՛ւ ֆինանսական, ե՛ւ փողի շուկաներում։ Տեսակետ կա, թե շուտով եվրոն ավելի բարձր արժեք կունենա, քան դոլարը։ ԿԲ նախագահը իր, նախօրոք արված, վերլուծությունների հիման վրա է դատողություններ անում. «Տարվա սկզբից Եվրոպայում բավականին լուրջ իրադարձություններ էին տեղի ունենում։ Բոլոր կանխատեսումներն ասում էին այն մասին, որ եվրոն պետք է շարունակի արժեզրկվել, ինչը կասեցվեց եւ վերջին ամիսներին եվրոյի ուժեղացում էր նկատվում։ Մակրոտնտեսական առումով էական փոփոխություններ տեղի կունենան, որոնք կազդեն եվրոյի եւ դոլարի փոխարժեքների վրա»։ Նա ուշադրություն է հրավիրում նաեւ այն օրինաչափությունների վրա, «որոնք դրսեւորվում էին այս տարվա ընթացքում։ Արդեն հունվարից եվրոյի կանխիկ շրջանառությունը պետք է իրականացվի եվրոպական բոլոր պետություններում»։ Դա, ըստ Տ. Սարգսյանի, նշանակում է, որ Հայաստանում նույնպես եվրոն կդառնա նախընտրելի արտարժույթ. «Մեր առեւտրային բանկերը նույնպես պատրաստվում են այդպիսի ծառայություններ մատուցել ազգաբնակչությանը»։ Սա կարեւոր է հատկապես նրանց համար, ովքեր իրենց տնտեսական գործունեությունը ծավալում են Եվրոպայի հետ, քանի որ ավելի ձեռնտու կլինի աշխատել եվրոյով։ Այս դրսեւորումները, ԿԲ նախագահի համոզմամբ, պետք է տեղի ունենային՝ անկախ ահաբեկչական ակտերի ազդեցությունից։ «Առավոտի» հարցին, թե արդյոք մեր բանկային համակարգին վտանգ չի՞ սպառնում, քանի որ մեր բանկերը բազմաթիվ թղթակցային հաշիվներ ունեն ամերիկյան բանկերում, Տ. Սարգսյանը բացասական պատասխան տվեց, նշելով, որ ամերիկյան բանկային համակարգն այսօր աշխատում է բնականոն, վճարումների հետ կապված որեւէ բարդություն առայժմ չկա։ Իսկ տարբեր բանկերի (կամ այլ ֆինանսատնտեսական կառույցների) որեւէ մասնաշենքի, մասնաճյուղի (որը Առեւտրի միջազգային կենտրոնի շենքում է գտնվել) գործունեության խափանումը չի կարող քանդել, ընդհատել ողջ համակարգը։ Նրա համոզմամբ, ամենաարդիական թեման դարձել է հակաահաբեկչական միջոցառումների դեմ պայքարի ուժեղացումը։ Հայաստանի համար էլ է դա արդիական, ուստի պետք է լինեն պահուստային բանկեր, ռեզերվային ֆինանսական միջոցներ, որ, անկախ ահաբեկչական ակտերից, համակարգը չխափանվի։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել