Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԱՂՏՆԻ՝ Ի ԼՈՒՐ ԱՇԽԱՐՀԻ

Սեպտեմբեր 14,2001 00:00

ԳԱՂՏՆԻ՝ Ի ԼՈՒՐ ԱՇԽԱՐՀԻ ԵԽ ԽՎ նախագահ Ռասել Ջոնսթոնի հետ ԱԺ խումբ-խմբակցությունների ղեկավարների հանդիպման օրը պաշտոնական քարոզչության ծանր հրետանին իր թողարկման մի զգալի հատված հատկացրեց Գեղամյանի դատափետմանը։ Հերթով ելույթ էին ունենում Արթուր Բաղդասարյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Աղվան Վարդանյանը եւ այլք ու դժգոհում, թե ինչպես կարելի էր մեր ներքին խնդիրները օտարի համար հաղթաթուղթ դարձնել, «աղբը տնից հանել» եւ այլն։ Առավել տարօրինակ էր, որ նման ելույթ էին ունենում այդ գործիչներից երկուսը, որոնք իրենց ընդդիմադիր շրջանում նույնպես միջազգային կառույցներին հաճույքով բողոքում էին Հայաստանի գործող իշխանություններից։ «Գուցե Ձեր նախկին գործելակերպը սխա՞լ եք համարում եւ ցանկանում եք, որ ներկա ընդդիմությունը չկրկնի՞ այն»,- հետաքրքրվեցինք երեկ ՀՅԴ խմբակցության ղեկավարից։ Աղվան Վարդանյանի ծավալուն պատասխանի հակիրճ շարադրանքն այս էր. ինքը բնավ «աղբը տնից դուրս չհանելու» կողմնակիցներից չէ. «Այդ մեթոդը նշանակում է չբուժել հիվանդությունները»։ Սակայն Ռասել Ջոնսթոնի հետ հանդիպման ժամանակ շատ ավելի կարեւոր էր հակափաստարկներ ներկայացնել մահապատժի, տարածքների փոխանակման ծրագրի եւ նրա արծարծած այլ հարցերին։ Ի դեպ, Աղվան Վարդանյանը նաեւ նշեց, թե նախկինում էլ միջազգային կառույցների հետ իրենց հանդիպումներում միայն փորձել են հակազդել 1994-ի դեկտեմբերի 28-ից հետո ԱԳՆ-ի դիմումին, որով օտարերկրյա պետություններին «կեղծ զրպարտանքներ» էին ներկայացվել ՀՅԴ վերաբերյալ։ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանն իր գործընկերների «ասուժդամսի» առնչությամբ ասաց. «Ինձ զարմացնում է այն «ջայլամային» քաղաքականությունը, որին հետեւում են ոմանք։ Մասնավորապես այն, ինչ հայտնի է ամբողջ աշխարհին՝ իրենց թվում է, որ դա հայտնի է միայն եւ միայն իրենց»։ Գեղամյանը վստահ էր, թե ինքը Ռասել Ջոնսթոնի համար որեւէ նոր բան չի ասել եւ շատ մեղմորեն միայն նրա ուշադրությունն է հրավիրել, որ Հայաստանում ընդդիմությունը զրկված է հանրային եւ իշխանամետ հեռուստաընկերություններով հանդես գալու հնարավորությունից եւ, ընդհանրապես՝ Եվրախորհրդին անդամակցությունից հետո նահանջ է նկատվում ժողովրդավարությունից։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել