Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը այս շաբաթ ուղղակի ստիպում է «Իրավունքից» վերցնել զարմանալու էստաֆետը:

Սեպտեմբեր 14,2001 00:00

Քոչարյանի պայծառակերպումները Ռոբերտ Քոչարյանը այս շաբաթ ուղղակի ստիպում է «Իրավունքից» վերցնել զարմանալու էստաֆետը: Նախ, սեպտեմբերի 11-ին մի այնպիսի ահաբեկչությունը դատապարտող գրություն էր հեռագրել ԱՄՆ, որ կարելի էր ենթադրել՝ սեփական կյանքում այդ չարիքը չհանդուրժելու օրինակներ է տվել: «Ահաբեկչության չարիք… այլանդակ դեմք… միասնական վճռականություն… սրտագին ցավակցություն»: Պարզապես՝ քաղաքավարություն: Ի՞նչ բարեբախտություն, այնուամե նայնիվ, որ աշխարհում քաղաքավարություն խաղարկողներից բացի կան իրապես բռնության հակազդողներ: Այլապես՝ պատկերացրեք միայն, եթե մյուս երկրների առաջնորդներն էլ Քոչարյանի անափ հումանիզմը ընդօրինակեին եւ հայտարարեին, թե իրենց պաշտոնավարության օրոք մահապատիժ չի իրականացվի: ԱՄՆ-ը դեռ որեւէ մեկին մեղադրանք ներկայացնելու ապացույցների չի տիրապետում, սակայն, իբրեւ սկիզբ, իրեն վրեժխնդրության քարտ-բլանշ է վերապահել: Ընդսմին, չի էլ հասկացվում՝ այդ վրեժխնդրությանը զոհը չե՞ն դառնա արդյոք անմեղ մարդիկ: Իսկ ահա Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանի դահլիճում իշխանություն գլխատած տականքներին անկարող է մահապատժի ենթարկված տեսնել: Մի ոճիրի հեղինակների, որոնց կատարածը քանիցս քստմնելի էր Նյու Յորքի ու Վաշինգթոնի ահաբեկչություններից, որովհետեւ այդտեղ մահապարտի՝ թեկուզ վիճելի վեհություն ու հզորություն չի եղել, այլ ստորություն, դիակ անարգելու պղծություն: ժողովրդական ասույթը զուր չի բնութագրում. «Դուրսը քահանա, ներսը՝ սատանա»: Քաղաքավարությունը ստիպում էր «միանալ աշխարհին» եւ ահաբեկչությունը դատապարտել, իսկ Հայաստանում ոչինչ չի կաշկանդում նույնը հովանավորել: Դրա՞ համար պաշտոնանկում Եթե Քոչարյանի հակաահաբեկչական պայծառակերպումը ինչ-որ թելադրանք էր եւ այդքանով էլ բացատրելի, ապա նախագահի՝ այս շաբաթվա երկրորդ բացահայտումը ուղղակի ապշեցնող է: Իր մամլո քարտուղարի շուրթերով նա բառացիորեն ի՞նչ է հայտարարել: «Առավոտ» թերթին տրված հարցազրույցում, պատասխանելով Վաղարշակ Հարությունյանի պնդումներին, թե «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը համոզում էին ընդունել Մեղրիի տարբերակը, սակայն իրենք կանխեցին», բնավ չի հերքվել նման ծրագրի գոյությունը: Այլ տեղեկացվել է. «Ցանկացած սթափ մարդու համար անհեթեթ է պատկերացնել, թե երկրի նախագահը պետք է ջանքեր գործադրի համոզելու նախարարին, երբ նրան հանգիստ կարող է պաշտոնանկ անել»: Այ քեզ ինքնախոստովանությու՜ն: Դեռ Աստվածաշնչում է ասված. «Չկա ծածուկ ոչինչ, որ չհայտնվի»: Բայց դա դեռ ամբողջը չէ: Հերթական անգամ ի ցույց դնելով կիսագրագիտություն՝ մամլո քարտուղարի շուրթերով խոսող նախագահը չի կարողացել անվանել, բայց մի կերպ նկարագրել է «վեհության մոլուցք» հոգեվիճակը եւ այն վերագրել նախկին ՊՆ նախարարին: Հոկտեմբերի 27-ին ՊՆ նախարարի դերակատարությունը մամուլում դեռ 99-ին է լուսաբանվել: Իսկ ահա Ռոբերտ Քոչարյանից հետմա…8230(կներեք, լեզվական սայթաքում էր, պարզապես ջանքերն են դրան պատշաճում), հետահայաց ինչ-որ Ռեմբոյի կերպար կերտելը, երեւի թե ոչ միայն amnesia-ի հետեւանք է, այլեւ, թերեւս, frustration-ից դուրս գալու ջանք: (Գիտական տերմինների դիմելիս էլ, ճիշտը դրանք անվանելն է, ոչ թե ծեքծեքուն նկարագիր մեջբերելը): ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել