Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խորհրդարանական

Սեպտեմբեր 14,2001 00:00

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՆԱՐԱՆ ԱՌԱՅԺՄ ՉՈՒՆԻ Խորհրդարանական ուժերին մեր հարցումները վկայեցին, որ նրանցից եւ ոչ մեկն այսօր պատրաստ չէ կամ չի ցանկանում պաշտպանել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում։ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությամբ, թե ինքը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը եւս 5 տարի Հայաստանը կառավարելու համար՝ ընտրարշավային մրցավազքը կարելի է համարել սկսված։ «Առավոտը» երեկ խորհրդարանական խումբ-խմբակցությունների ներկայացուցիչներին նույն հարցն էր ուղղում՝ մտադի՞ր են պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին, որեւէ ա՞յլ թեկնածուի են նախընտրում, թե՞ հանդես են բերելու չեզոք դիրքորոշում, այսինքն՝ որեւէ մեկին նախապատվություն չեն տալու։ Առավել կարեւորում էինք այն ուժերի դիրքորոշումը, որոնք կարող էին հանդես գալ իբրեւ Քոչարյանի հենարան։ ԱԺՄ ներկայացուցիչ Սեյրան Ավագյանը խուսափեց այդ հարցին պատասխանել, քանի դեռ չի գումարվել ԱԺՄ արտահերթ համագումարը. «Կարծում եմ, ԱԺՄ կուսակցության մեջ ընթացող գործընթացները հիմնականում կապված են այն երեւույթի հետ, որ լրագրողների եւ հասարակության մոտ կան այսպիսի հարցեր, այսինքն՝ հստակեցված չէ կուսակցության քաղաքական վեկտորը։ (…) Առաջիկա համագումարում կհստակեցնենք կուսակցության քաղաքական վեկտորը։ Առաջ չեմ ուզում ընկնել գործընթացներից»։ Նախագահի պաշտոնանկման գործընթացը դեռ չի նախաձեռնվել, իսկ «Օրինաց երկիրը» շտապեց հայտարարել, թե այն անհիմն է։ Երեկ ճեպազրույցում այդ խմբակցության քարտուղար Գեղամ Գասպարյանն անգամ կանխատեսեց, թե հնարավոր չէ, որ Քոչարյանը պաշտոնանկ արվի մինչեւ ընտրությունները։ Բայց երբ հետաքրքրվեցինք, թե պաշտպանելո՞ւ են Քոչարյանի թեկնածությունը, հետեւեց այս պատասխանը. «Մեր կարծիքով, դեռեւս վաղ է դրա մասին խոսելը»։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ թեեւ նախագահը հայտարարել է դարձյալ առաջադրվելու պատրաստակամության մասին՝ «Դաշնակցությունն այս խնդիրը դեռեւս չի քննարկել։ Մենք կարծում ենք, որ բավական մեծ ժամանակ կա եւ վերջնական դիրքորոշումը հստակեցնելու համար մենք ժամանակ ունենք։ Այս մնացյալ 1,5 տարին կարող է ամենատարբեր դրսեւորումներ եւ զարգացումներ ունենալ եւ մեր վերջնական դիրքորոշումը կհստականա»։ «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանին թերեւս ավելորդ էլ էր այս հարցն ուղղել՝ հաշվի առնելով, որ նա Քոչարյանին համարում է «արդիականության խոշորագույն քաղաքական գործիչ» եւ «ղարաբաղյան ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշ»։ Երեկ էլ նա իր ուրախությունն արտահայտեց այն առիթով, որ Քոչարյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը, դրանից հետեւություն անելով, որ նա, ուրեմն, «իսկապես մտադիր է լուրջ դրական տեղաշարժեր առաջացնել առաջիկա երկու տարիների ընթացքում։ Մի՛շտ այդպես է՝ եթե մարդը մտադիր է վերընտրվել, ուրեմն տեսնում է իր անելիքը առջեւում։ Եվ գտնում է, որ այդ անելիքը պատշաճ ձեւով կգնահատվի. համենայնդեպս, ինքն անձնապես համոզված է դրանում։ Ինձ դա ուրախացնում է»։ Սակայն պրն Հովհաննիսյանը եւս հետաձգեց այն հարցի պատասխանը, թե արդյոք ինքը կամ իր խումբը պաշտպանելո՞ւ են Քոչարյանին։ «Ժողովրդական պատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը ակամա նուրբ ակնարկ արեց կոշտ հանգամանքներին՝ հիշեցնելով. «Սահմանադրության մեջ ամրագրված է՝ ովքեր կարող են առաջադրվել»։ Լրագրողներն արագ հիշեցրին՝ «վերջին 10 տարում Հայաստանի քաղաքացի եւ հանրապետությունում մշտապես բնակվողները»։ Պրն Կարապետյանն արագ շրջանցեց այդ սայթաքուն ճանապարհը եւ ասաց. «Ցանկացած առաջադրվող ինքն է որոշում՝ առաջադրվի՞, թե՞ ոչ։ Տվյալ դեպքում, եթե ինքը որոշել է առաջադրվել՝ ես նորմալ եմ համարում»։ Այս խմբում նույնպես դեռ չէին քննարկել՝ պաշտպանելո՞ւ են Քոչարյանին։ Խորհրդարանական մեծամասնությունն էլ դեռեւս այս հարցում կողմնորոշված չէ։ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց. «Միանշանակ որեւէ բան այսօր հնարավոր չի ասել։ Երբ նախագահը կներկայացնի իր նոր ծրագիրը՝ այդ ժամանակ էլ հանրապետականները կքննարկեն այդ հարցը»։ Մեր հարցին, թե Քոչարյանն իր նախորդ նախընտրական ծրագիրը կատարե՞լ է, որ սպասում եք, թե էլ ինչ նոր խոստումներ կտա, որ ըստ այդմ կողմնորոշվեք, պրն Սահակյանը պատասխանեց. «Պիտի համբերել նաեւ այդ վերլուծությունները կատարելու համար։ Ինչ-որ աշխատանքներ արդեն կատարվում են նախընտրական խոստումները եւ այլ գործընթացները վերլուծելու համար։ Ուրեմն, պիտի սպասել»։ Ամփոփենք։ Այդ միայն ՀՀ նախագահի ինտերնետային պաշտոնական էջում է, որ Թուրքիայից Մաթիլդ Մանուկյանը Քոչարյանին գրել է. «Ձեր ծննդյան օրը պիտի ազգային տոն լինի Հայաստանում… եւ Դուք միշտ պիտի լինեք Հայաստանի նախագահը», իսկ Երեւանից Առնո Ծատուրյանն անգլերեն գրել է. «Ես երջանիկ կլինեմ, եթե Դուք առաջադրվեք հաջորդ նախագահական ընտրություններում… Ձեր նախագահության շրջանում մեր դիվանագիտական կապերը զարգացան… Դուք աշխարհի լավագույն նախագահն եք»։ Խորհրդարանի քաղաքական ուժերի մեջ չկա մեկը, որ այսօր առանց ձգձգելու եւ երկմտելու հայտարարի, թե այնքա՜ն հիացած է Քոչարյանի վարած հմուտ ներքին եւ արտաքին քաղաքականությամբ, որ ցանկանում է, որ նա շարունակի երկիրը ղեկավարել եւս 5 տարի։ Նշենք. երեկ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը պաշտոնական վիճակագրության տվյալներ էր մեջբերում, որոնք վկայում են տնտեսության ներկա կաթվածահար վիճակի մասին, եւ հետաքրքրվում. «Տեսնենք, այս թվերն իմանալով, ո՞ր կուսակցությունը կպաշտպանի Քոչարյանի թեկնածությունը»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել