ՊԱՏՈՒՀԱՆԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ Երեւանի բոլոր փողոցներն ու հրապարակները վաճառված են։ Նախկինում այս ամենի տերն ու տնօրենը «Երեւան-սերվիսն» էր՝ իր համանուն բաճկոնակիր «աշխատակիցներով», որոնք բոլորի աչքի առաջ օրական հազարավոր մեքենաներից գումարներ էին կորզում իրենց «մեքենապահպան» առաքելության դիմաց։ Իսկ այժմ, թեեւ չկա «Երեւան-սերվիսը», սակայն չսափրված եւ հաճախ նաեւ անլվա կարմիր թեւկապավորների շարքերը դրանից ոչ թե նոսրացել, այլ ստվարացել են։ Հարցով մտահոգ Հայաստանի սպառողների միությունը եւ երկու հասարակական կազմակերպություններ Երեւանի մի քանի փողոցներում (Աբովյան, Խանջյան, Թումանյան) կազմակերպել էին համատեղ ստուգայցեր, որոնց արդյունքներն ավելի քան ապշեցնող էին։ Ընդամենը 1 ժամանոց ստուգայցի ընթացքում մեկ փողոցում արձանագրվել էր շուրջ 67 թեւկապավոր։ Միակ կազմակերպությունը, ում ի պաշտոնե վաղուց պետք է հետաքրքրեր ժամանակակից «հարկահավաքության» այս ձեւը, հարկային տեսչությունն է, որը ոչինչ «չէր նկատել», քանի որ ներկայումս երեւի ջանասիրաբար լծված է կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ պայքարի գործին։ Բայց եթե, օրինակ, Սպանդարյանի տարածքային հարկային տեսչության պետ Արտաշես Բեյբությանը հանկարծ արթնանար ծառայողական քնից եւ պատահաբար դուրս նայեր իր աշխատասենյակի պատուհանից, հաստատ առանց մեծացնող-մոտեցնող սարքավորումների կտեսներ, թե ինչ ժրաջանությամբ են աշխատում կարմիր թեւկապավորները ողջ տարածքում՝ ընդհուպ իր ղեկավարած հիմնարկի մուտքից սկսած։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ