ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ «Մարդու սեփական հողն աճուրդի են հանել առանց իրեն տեղյակ պահելու»,- բողոքում էին Հյուսիսային պողոտայի մի խումբ բնակիչներ։ Նրանք իրենց բողոքներն արտահայտելու առիթն ունեցան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։ Մարդիկ իրենց անհանգստությունն, ինչպես նաեւ անվստահությունն էին հայտնում Հյուսիսային պողոտայի կառուցման նախագծի վերաբերյալ։ Նրանք հատկապես անհանգստացած էին կառավարության որոշումից, որում ասվում էր, որ պետք է վերցվի հողը եւ հատուցվի դրա վրա գտնվող գույքի արժեքը։ Բնակիչներից մեկն ասաց. «Օրենքով պետք է փոխհատուցեն տան, հողամասի եւ գույքի համար։ Անհրաժեշտ էր նաեւ աճուրդից առաջ յուրաքանչյուրին այդ մասին ծանուցել գրավոր»։ Բնակիչների ներկայացմամբ, իրենք մտահոգված են, որովհետեւ բնակարանների գնի աճ է կանխատեսվում. «400 ընտանիք զրկվում է բնակարանից, դրանց գները կբարձրանան, իսկ եթե գումարները փոխհատուցվեն բանկերի միջոցով, հարկային պահումներ արվեն, մենք չենք կարողանա քաղաքի կենտրոնում բնակարան գնել»։ Նրանք տեղյակ չէին անգամ, թե իրենց ինչքան գումար է տրվելու. «Առայժմ մեզ ամեն ինչ վախեցնում է, չենք հավատում կառավարությանը»։ Բնակիչների մտահոգությունները փորձեցին ցրել Կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանն ու քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ