Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՄԵԿՆ Է՝ ԳԵՐԱԶԱՆՑ

Սեպտեմբեր 13,2001 00:00

ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՄԵԿՆ Է՝ ԳԵՐԱԶԱՆՑ Երեկ Եվրոպայի չեմպիոն ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Շվեդիայից վերադարձավ Երեւան։ «Զվարթնոց» օդանավակայանում, չնայած գիշերային ուշ ժամին, հայ ծանրորդներին դիմավորեցին հանրապետության մարզական ղեկավարները, մարզաձեւի մասնագետներն ու պատասխանատուները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մարզիկների հարազատները։ Երկաթախաղի երիտասարդ վարպետների մրցելույթների մասին մանրամասն տեղեկացրել ենք ընթերցողներին, ուստի հենց օդանավակայանում ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանին առաջարկեցինք հակիրճ իր տպավորությունները պատմել հայ ծանրորդների մրցելույթներից։ – Անշուշտ, Եվրոպայի չեմպիոն դառնալն, այն էլ անչափ ուժեղ մրցակիցների հետ պայքարում, դժվար էր։ Բայց մեր տղաները պատվով կատարեցին իրենց առաջադրանքը։ Մեր հավաքականը Կալմարում մի կուռ կոլեկտիվ էր, որի առջեւ անձնատուր եղան բոլոր մասնակից երկրները։ Ինչ վերաբերում է առանձին-առանձին մարզիկներին, յուրաքանչյուրը ցույց տվեց այն, ինչի ընդունակ էր։ Բոլորի արդյունքներն էլ բարձր էին։ Ավելին, տղաներից ոմանք Շվեդիայում 10-12 կգ-ով գերազանցեցին իրենց անձնական ցուցանիշները։ Այս առաջնությունը մեր երիտասարդ ծանրորդների համար անչափ կարեւոր էր փորձ ձեռք բերելու առումով։ Եվ ուրախալի է, որ նրանք իրենց վստահ էին զգում, մի բան, որ շատ մեծ դեր է խաղում մեր մարզաձեւում։ Հիմա նրանք պատրաստ են արդեն ավելի բարձր կարգի մրցումների մասնակցելու։ Գրեթե բոլոր քաշային կարգերում կային մի քանի մասնակիցներ, ովքեր միմյանց ոչնչով չէին զիջում։ Այս պարագայում վճռորոշ են դառնում կամային որակները, հոգեբանական պատրաստվածությունը։ Ու նաեւ այս հատկանիշներով մեր տղաները գերազանցեցին մրցակիցներին։ Խոսելու, կատարվածը վերլուծելու առիթներ, կարծում եմ, դեռ կլինեն, ուստի, ամփոփելով խոսքս, ասեմ, որ բոլոր հայ ծանրորդների մրցելույթները գնահատում եմ գերազանց։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել