Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ

Սեպտեմբեր 13,2001 00:00

«ՆՈՐՔԻ» ՀԱՐՑԸ ԿԱԽԱԿԱՅՎԱԾ Է Իսկ միգուցե՝ անդամահատվա՞ծ 1997 թ. նոյեմբերին՝ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Նորք հեռուստատեսություն» պետական բաժնետիրական ընկերությունը եկավ փոխարինելու հայկական հեռուստատեսության 2-րդ ծրագրին։ Ստեղծագործական կազմն էլ մնաց գրեթե անփոփոխ։ Սակայն «Նորքը» երկար կյանք չունեցավ. չնայած հեռուստադիտողների ջերմ արձագանքներին, հիմնադրումից ընդամենը 1 տարի հետո՝ 1999թ. հունվարի 1-ին, հեռուստատեսությունը փակվեց։ Եվս 2 ամիս անց՝ փետրվարի 25-ին, կառավարությունը որոշում ընդունեց «Նորք» ՊԲԸ-ի լուծարման մասին։ Լուծարային հանձնաժողովի 7 հոգիանոց կազմը գլխավորում էր ՀՀ նախագահի Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հասմիկ Պետրոսյանը։ Հանձնաժողովի առաքելությունը կայանում էր ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Նորքի» լուծարումն իրականացնելու, ինչպես նաեւ՝ ընկերության պետական գույքը «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՊԲԸ-ին հանձնելու մեջ։ Լուծարման գործընթացը պիտի տեւեր 2 ամիս՝ 1999թ. մարտի 8-ից մինչեւ մայիսի 8-ը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով (հոդված 69 եւ 70) նախատեսված է իրավաբանական անձի լուծարման դեպքում վճարել աշխատակիցների արձակման նպաստների, աշխատավարձի եւ հեղինակային պայմանագրերով նախատեսված վարձատրությունը։ Այնինչ, շուտով կլրանա «Նորքի» լուծարման երեք տարին, բայց աշխատակիցները մինչեւ հիմա ոչ մի լումա չեն ստացել։ «Նորք» հեռուստատեսության մինչ այսօր աշխատանք չգտած պրոֆեսիոնալները այդ ամբողջ ընթացքում իրենց խնդիրներին լուծման ընթացք տալու խնդրանք-պահանջներով դիմել են հնարավոր բոլոր ատյաններին։ Սակայն, ինչպես պարզվում է այսօր՝ լուծարումից 2 տարի եւ 7 ամիս հետո, ապարդյուն։ «Ստեղծված հանձնաժողովը՝ Հասմիկ Պետրոսյանի գլխավորությամբ, պետք է հուլիսի 8-ին ավարտեր լուծարային գործընթացը։ Սակայն այդ հանձնաժողովը դեռ չի կատարել իր պարտականությունը։ Չկա աշխատանքից ազատելու հրամանը, որի պատճառով մենք հնարավորություն չունենք գրանցվելու գործազրկության կենտրոնում՝ հետագայում աշխատանք ստանալու համար։ Չի կատարվել նաեւ վերջնահաշվարկը. հարկադիր պարապուրդի եւ լուծարման նպաստի գումարը մենք դեռ չենք ստացել։ Չկատարվեց նաեւ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի խոստումը, որ «Նորքի» ոչ մի պրոֆեսիոնալ չի հայտնվի խաղից դուրս եւ բոլորը կտեղափոխվեն «Մշակույթ» (այժմ արդեն «Պրոմեթեւս») հեռուստաընկերություն։ Մեր օրինական պահանջը՝ ստանալ հասանելիք գումարը եւ տեղավորվել աշխատանքի, կատարելու համար դիմել ենք լուծարային հանձնաժողովի նախագահ Հասմիկ Պետրոսյանին, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, վարչապետներ Վազգեն Սարգսյանին, Արամ Սարգսյանին, Անդրանիկ Մարգարյանին, ինչպես նաեւ՝ Պարույր Հայրիկյանին»,- գրում է «Նորքի» կոլեկտիվի աշխատանք չգտած հատվածը։ Ըստ որում, նրանց բողոքները հիմնականում հասցեագրվել են Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչություն, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ բողոքներից մեկն էլ, չգիտես ինչու, հայտնվել էր Ազգային հեռուստատեսությունում։ Տեղեկատվության վարչությունը պատասխանել էր, որ «լուծարման նպաստների վճարման խնդրի լուծումը վարչության լիազորությունների շրջանակից դուրս է» եւ, այնուամենայնիվ՝ «վարչությունը, նշված խնդրին լուծում տալու նպատակով, ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել «Նորքի» լուծարային հանձնաժողովին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից անհրաժեշտ դրամական միջոցներ տրամադրելու մասին որոշման նախագիծ, որը, ցավոք, մինչ այժմ ՀՀ կառավարության կողմից քննարկման չի դրվել»։ Ի դեպ, այս պատասխանը Տեղեկատվության վարչությունից եկել է 2000թ. հունվարին՝ 1 տարի 9 ամիս առաջ։ Դրանից հետո գրեթե ոչինչ չի փոխվել։ Ստացվել է եւս մեկ արձագանք, այս անգամ՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից՝ 2000թ. հուլիսին՝ այն ժամանակվա փոխնախարար Արա Ասլիկյանի ստորագրությամբ։ Այս պատասխանում երկար-բարակ բացատրվում եւ մեկնաբանվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ եւ 68-րդ հոդվածները, որից հետո մեջբերվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ կետը, որով սահմանվում է, թե «Այն դեպքերում, երբ լուծարային հանձնաժողովը հրաժարվում է բավարարել պարտատիրոջ պահանջները կամ խուսափում է դրանց քննարկումից, պարտատերն իրավունք ունի մինչեւ ընկերության լուծարային հաշվեկշռի հաստատումը լուծարային հանձնաժողովի դեմ հայցով դիմել դատարան»։ Մի խոսքով, փոխանակ հստակ պատասխանելու՝ ե՞րբ եւ արդյո՞ք կստանան իրենց հասանելիք գումարները լուծարված «Նորքի» աշխատակիցները, ֆիննախը փաստաբանական, ավելի ճիշտ, իրավախորհրդատվական ծառայություններ է մատուցել նախկին «Նորքի» նախկին աշխատակիցներին։ Արդյունքում՝ որեւէ ատյան այդպես էլ իր վրա պատասխանատվություն չի վերցրել լուծարված պետական բաժնետիրական ընկերության աշխատակիցների պարտքերը մարելու։ Պատճառաբանություններից մեկն էլ այն է, թե հիմնարկը գույք չի ունեցել, որ վաճառեն եւ գումարը տան աշխատակիցներին. «Ընկերության ստեղծման ժամանակ նրան, վերը նշված որոշումներով, սեփականության իրավունքով, հիմնական միջոցներ եւ արտադրական տարածք չի տրամադրվել»։ Այդ դեպքում գուցե ճիշտ կլիներ ընդունել Տեղեկատվության վարչության առաջարկը եւ գործազուրկ դարձած աշխատակիցներին վճարել կառավարության պահուստային ֆոնդերից։ Եվ, ի վերջո, եթե նրանց բոլորին, խոստումների համաձայն, տեղավորեին աշխատանքի (ինչից նրանք զրկվել էին՝ ոչ իրենց մեղքով), դժվար թե նրանց այլեւս հուզեր լուծարման նպաստների հարցը նույն սրությամբ, ինչ հիմա։ Թեեւ այդ գումարները ստանալու իրավունքը նրանք վաստակել են՝ անկախ բոլոր հանգամանքներից։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ Հ. Գ. Հետաքրքիր է, մինչեւ երբ դեռ կձգվի այս անիմաստ քաշքշուկն ու ստորացուցիչ անորոշությունը։ Եվ մինչեւ երբ հարկադիր պարապուրդի մատնված «նորքեցիները» ստիպված կլինեն թակել այս ու այն չինովնիկի դուռը եւ խնդրել, որ լուծեն իրենց հասանելիք 9 մլն դրամի հարցը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել