Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթը հասավ Յունոշևին

Սեպտեմբեր 13,2001 00:04

Արդեն մի քանի ամիս է, ինչ «Հոկտեմբերի 27» դատավարությունն ենք լուսաբանում եւ շեշտադրումը դնում հատկապես պետության դեմ կատարված ահաբեկչական գործողության հետեւանքների վրա։ Ամերիկայի դեմ կատարված ահաբեկչությունը մի քանի հարցերով գրեթե նույնացվում է Հայաստանում կատարվածի հետ. արդյո՞ք այն ուղղված չէր պետություն-համակարգի դեմ, արդյո՞ք պետական անվտանգությունը լիակատար էր եւ ապահով, արդյո՞ք հնարավոր էր կանխել այդ ահաբեկչությունը եւ արդյո՞ք, ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ ամերիկացիների հետագա կյանքում այն հոգեկան ավերածության հետքեր չի թողնի։

Հայաստանում հոկտեմբերի 27-ին կատարված ահաբեկչության հեղինակներից մեկը՝ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը, երեկ պատասխանում էր արդեն Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, ՌԴ-ից հրավիրված փաստաբան Օլեգ Յունոշեւի հարցերին։ Պիտի նկատենք, որ փաստաբանի հարցադրումները գլխավորապես վերաբերում էին հոկտեմբերի 27-ի նախապատրաստությանը, ծրագրերին, հասարակական վտանգավորության հետեւանքներին եւ կանխատեսվելիք քայլերին։

«Իմ գործողությունները հասարակության դեմ չէին ուղղված»,- երեկ արդարանում էր Ն. Հունանյանը։ Նա նույնիսկ հասարակական վտանգավորության դեմ ուղղված քայլ չհամարեց զանգվածային ոչնչացման զենքերի, մասնավորապես նռնակների եւ ծխային պայթուցիկների իրենց հետ ԱԺ տանելը։ «Կարող եմ ասել, որ դրանք գործադրման ծրագիր չեմ ունեցել»,- պատասխանելով փաստաբանի հարցին, ասաց ամբաստանյալը, ապա արդարացավ, թե «դրանք եղել են եւ դրա համար ենք վերցրել հետներս»։

Զարմանալու հերթը Օ. Յունոշեւինն էր, որը հարցրեց. «Դուք կարող եք հստակ ասել, որ չէի՞ք օգտագործելու նռնակ»։ Ամբաստանյալը մեկ անգամ եւս շեշտեց, որ ԱԺ-ում չկար մի տեղ, ուր անհրաժեշտ լիներ օգտագործել նռնակը։ Նա բացառեց, թե որեւէ ցուցում է տվել խմբի անդամներին՝ նռնակն օգտագործելու համար։ Մեկ անգամ եւս հաստատեց նախորդ դատաքննությունների ժամանակ հնչածը, թե դահլիճի դռները փակելուց հետո իր կարգադրությամբ են կառավարվել բոլոր տիպի գործողությունները։

Ինչ վերաբերում է ամբաստանյալ Դերենիկ Բեջանովի կողմից նռնակ նետելուն, ամբաստանյալը մեկնաբանեց, թե դեպքերի զարգացումն է թույլ տվել, որ նռնակը նետեր զինված թիկնապահի վրա, երբ իրենց վրա կրակում էին։ Ամբաստանյալը նպատակ ուներ հենց այս արդարացմամբ նռնակի նետելը պաշտպանական գործողություն որակել։ Ըստ ռուս փաստաբանի, ամբաստանյալի գործողությունները բաժանվել են երկու փուլի՝ դիտավորյալ եւ հուզական վիճակում կատարվածի։

Ամբաստանյալն ասաց, որ հուզական պահը եղել է տանից դուրս գալուց, երբ այն հասել էր բարձրագույն ահագնացումի եւ, որը կապված էր իրենց «փորձի պակասի հետ»։ «Եթե իմ ինքնաձիգը դրված լիներ ավտոմատ կրակահերթի վրա,- շարունակեց նա,- ապա համոզված եմ, որ փամփուշտը կգնար, որովհետեւ ես չէի կարող հսկել ինձ»։ Ամբաստանյալն առաջին անգամ օգտագործեց անզգուշություն բառը։

Տեսաժապավենը վկայակոչելով՝ դատարանին հայտնեց. «Կարող եմ ասել, որ իմ բոլոր գործողություններն անզգույշ էին»։ Անզգույշ համարվեց անգամ դահլիճում կառավարության անդամների, պատգամավորների հետ խոսելը, երբ չէր ստուգել, թե նրանք իրենց մոտ զենք ունեն, թե ոչ։ Նույնիսկ իրեն թիրախ համարեց։ (Եթե հիշում եք, առաջին մի քանի րոպեներին խումբը հավաքել էր պատգամավորների զենքերն ու կապի միջոցները- Ռ. Մ.)։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ով էր այս հանցագործության կազմակերպիչը եւ ինչ կազմակերպչական գործողություններ են կատարվել, ամբաստանյալը բացառեց իր համակատարող լինելը, իրեն համարեց կազմակերպիչ, իսկ դրդիչն էլ, ինչպես նախորդ դատական նիստերի ժամանակ էր կրկնել՝ համարեց հանգուցյալ վարչապետին։

Փաստաբան Յունոշեւին հետաքրքրում էր, թե խմբի մյուս անդամները ընդունե՞լ են Հունանյանին իբրեւ կազմակերպիչ, վերջինս արհամարհական տոնով նկատեց, թե նրանք ժամանակ չունեին եւ իրեն ընդունել են այնպես, ինչպես ինքը կա։

Հետեւեց կարեւորագույն հարցերից մեկը եւս. «Կարո՞ղ էր ձեր խմբի անդամ հանդիսանալ այն անձը, որը չէր կիսում ձեր քաղաքական հայացքները»։ Այս կապակցությամբ ամբաստանյալը նշեց, թե իրենք որեւէ կանոնադրություն չեն ունեցել։ «Կարո՞ղ էր ձեր խմբի անդամ հանդիսանալ այն անձը, որը չէր կիսում ձեր գործողությունները, որոնցով դուք պահանջում էիք վարչապետի հրաժարականը» հարցին էլ պատասխանեց. «Եթե չկիսեր, ինչպես կլիներ»։

Իրենց բոլոր գործողությունները ահաբեկիչը որակեց ապստամբություն, ավելին, հանդիմանեց Հայոց Սահմանադրությունը, թե այնտեղ պետք է գրված լիներ, որ ժողովուրդն իրավունք ունի ապստամբելու։ Ամբաստանյալը բացառեց խմբի կողմից ԱԺ-ում պատանդներ վերցնելը, իբրեւ իշխանությունների դեմ ճնշման միջոց, ասելով, որ նրանք ազատորեն ելումուտ են արել դահլիճում, շատերը փորձել են մնալ դահլիճում՝ հետաքրքրասիրությունից դրդված եւ հիշեց Գագիկ Թադեւոսյանին, որը երբեմն վատ էր զգում, երբեմն լավ, իսկ իրեն մոտեցած Ռոլանդ Շառոյանն էլ, երբ ասել է, թե սիրտը վատ է, «մարդասիրաբար» ուղարկել է հանգստի սենյակ։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ծրագիրն ավարտին հասցվե՞լ էր, ամբաստանյալը պատասխանեց, որ եթե մարդիկ չսպանվեին, ինքը կգնար մինչեւ վերջ։

Ի դեպ, հարցուպատասխանի ժամանակ պաշտպան Աղասի Աթաբեկյանը հանդիմանեց տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Էդիկ Աղաջանյանին Յունոշեւին թարգմանական օգնություն ցույց տալու համար։ Փաստաբան Մարինա Հալաբյանը շեշտեց, որ իրենք մեկ թիմ են եւ իրենց գործողությունները ընդհանուր մարտավարության հետ են կապված։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930