ՎԱՂՆ ԱՐԵՔ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՍԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻՆ Այսինքն՝ զբաղվեք նախօրոք ծրագրված գործերով։ Ժամանակին մի խուճապային իրավիճակում այսպիսի խորհուրդ են տվել Ելիզավետա Երկրորդին եւ չեն սխալվել։ Հայաստանի տնտեսության վրա ԱՄՆ-ում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչության հնարավոր հետեւանքների մասին «Առավոտի» անհանգստությանն ի պատասխան նույն խորհուրդը փոխանցեց «Հայներարտբանկի» ղեկավար Բագրատ Ասատրյանը։ Պրն Ասատրյանին խնդրեցինք առաջիկա օրերի համար կանխատեսումներ անել։ Նրա վերլուծությամբ, տեղի ունեցածը մեր տնտեսության մեջ երկու դրսեւորում կունենա։ Նախ կնկատվի ապադոլարիզացիա եւ եվրո վալյուտայի աշխուժացում, առավել եւս, որ դրա տնտեսական նախադրյալներն արդեն իսկ կային։ Պարզ է, որ Եվրոպայի տնտեսական շուկային անհամեմատ շատ ենք ինտեգրված։ Մյուս դրսեւորումն, ըստ Բ. Ասատրյանի, կլինի բացասական, բայց կարճատեւ։ Բանկերից կնկատվի դեպոզիտների արտահոսք, փոխարժեքների տատանում։ Երեկ առավոտյան, ինչպես եւ կանխատեսել էր պրն Ասատրյանը, դոլարը սկսեց արժեւորվել նույնիսկ մինչեւ ահաբեկչությունն ունեցած իր արժեքի համեմատությամբ։ Քանի որ նրա կանխատեսումը ճշտությամբ կատարվեց արդեն երեկ երեկոյան, ուստի նշենք, որ առաջիկա օրերի համար էլ է նույնը կանխատեսվել։ Այնուամենայնիվ, Բ. Ասատրյանի վերլուծությամբ, ամերիկյան ֆինանսական շուկան կթուլանա, ինչի հիմքերը կային արդեն օգոստոսին, բացի այդ, ահաբեկչության պատճառով, տնտեսագետի կարծիքով, ԱՄՆ-ը կորցրեց իր ներդրումային արժեքը։ ՀՀ Կենտրոնական բանկն իր տարածած հաղորդագրությամբ կանխատեսում է, որ դոլարի փոխարժեքի էական տատանումներ չեն լինի, որովհետեւ «ահաբեկչական ակտերը չեն սասանել ԱՄՆ-ի առաջատար դիրքը համաշխարհային տնտեսությունում»։ Ինչպես նաեւ չի կանխատեսվում միջազգային տնտեսության ազդեցության փոփոխություն մեր տնտեսությունում եւ ֆինանսական շուկայում։ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը ձեռնպահ մնաց կանխատեսումներ անելուց, նշելով, որ նախարարության մասնագետները վերլուծություն են անում։ «Առավոտի» հարցին, թե ինչ ճակատագիր կունենան Հայաստանում իրականացվող ամերիկյան ծրագրերը, նախարարությունից վստահություն հայտնեցին, որ դրանց վրա այս դեպքերն ազդեցություն չեն ունենա, որովհետեւ Հայաստանին տրվող օգնությունը շատ չնչին տոկոս է կազմում ԱՄՆ-ի «ֆինանսական հաշվեկշռում»։ Բարձրակարգ մի տնտեսագետ (որը չցանկացավ, որ իր անունը նշվի) համոզված է, որ եթե ԱՄՆ-ը շատ արագ չկարողանա իր ֆինանսական խնդիրները կարգավորել, ապա չի բացառվում, որ մեր տնտեսության մեջ դրամն ավելի մեծ նշանակություն ունենա, քան դոլարը։ Կվտանգվեն նաեւ Հայաստանում իրականացվող ԱՄՆ ծրագրերը։ Այնուամենայնիվ, Հայաստանի տնտեսությունն «ապահովագրված» է այս դեպքում այնքանով, որքանով ինտեգրված չէ ԱՄՆ տնտեսության մեջ։ Ինչ վերաբերում է եվրոյի արժեւորմանը, ապա դա տեղի է ունենում զուտ դոլարի փոխարժեքի անկման շնորհիվ։ Նույն տնտեսագետի կարծիքով, բանկային համակարգի վրա ազդեցությունը պայմանավորված է դոլարային վարկերի եւ ավանդների առատությամբ։ Ըստ նրա, իրավիճակի կարգավորման հարցում շատ կարեւոր է այն, թե որքան օպերատիվ կարձագանքեն ԱՄՆ իշխանությունները։ Հայաստանի արժեթղթերի հանձնաժողովի փոխնախագահ Տիգրան Կարապետյանի մեկնաբանությամբ, դոլարի գնման գնի իջնելն ու վաճառքի գնի բարձրանալը պայմանավորված է քաոսային իրավիճակով, ինչի ժամանակ միշտ շահում են սպեկուլյանտները։ Այդ պատճառով էլ դոլարային խնայողություններ եւ ավանդներ ունեցող քաղաքացիներին խորհուրդ է տալիս սպասել։ Բոլոր բանիմացները տվեցին այս խորհուրդը։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ