Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՐՎԻ

Սեպտեմբեր 13,2001 00:00

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՐՄԱՏԱԽԻԼ ԱՐՎԻ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին խոսելիս հայտարարեց, որ «ահաբեկչական գործողություններն ինչ տեսակի էլ լինեն եւ ինչ նպատակ էլ հետապնդեն, հարվածի տակ են դնում եւ արժեզրկում հենց այն նպատակը, ինչին ձգտում են»։ Պատասխանելով լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է ԱՄՆ-ում տեղի ունեցածի պատճառով հետաձգվի ՌԴ նախագահ Վլ. Պուտինի պետական այցը Հայաստան, պրն նախարարը պատասխանեց. «Չեմ կարծում, այցելությունն ուժի մեջ է, մենք սպասում ենք նախագահ Պուտինին, որը ամսի 14-ին պետք է արդեն լինի Հայաստանում»։ Հնարավոր զարգացումների պատճառով Հայաստանը Թուրքիայի կողմից պատրաստվում է ուժեղացնել իր սահմանները։ ԱԳ նախարարի կարծիքով՝ «որեւէ մտահոգության տեղիք չի տալիս այն, ինչ կապված է Հայաստանի հետ եւ մեր անվտանգության հետ, ե՛ւ քաղաքական ե՛ւ տնտեսական առումով։ Մեր սահմանները բավական ապահով վիճակում են գտնվում, նաեւ՝ մեր տնտեսությունը»։ Նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց. «Նախագահը դատապարտել է ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական ակտը։ Համարում եմ, որ դա ստոր եւ վախկոտ մարդկանց քստմնելի արարք է»։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի գնահատականը. «Դատապարտում ենք ահաբեկչական գործողություններն ընդհանրապես։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին։ Այն, ինչ կատարվեց ԱՄՆ-ում, ցույց է տալիս, որ ահաբեկչության դեմ պետք է ավելի վճռական պայքարել, միասնական եւ գործուն քայլեր ձեռնարկել։ Պակաս դատապարտելի չեն նաեւ նրանք, ովքեր խրախուսում են ահաբեկիչներին։ Հատկապես մեզ մոտ, երբ տեսնում ենք սուտ փարիսեցիական մարդասիրություն ահաբեկիչների նկատմամբ»։ ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը գտնում է, որ պետք է դասեր քաղել այս ամենից. «Առաջին՝ ոչ մի երկիր, որքան էլ գերհզոր լինի, պաշտպանված չէ։ Երկրորդ՝ մենակ դժվար է պայքարել այս կարգի ահաբեկչության դեմ։ Պետք է հենց տեղում արմատախիլ անել ահաբեկչությունը՝ անկախ նրանից, թե որ երկրում է բուն դնում այդ չարիքը»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել