Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՇԱԿԻ ՀԱՑԸ ԿՏՐԻՆ

Սեպտեմբեր 13,2001 00:00

ԱՐՇԱԿԻ ՀԱՑԸ ԿՏՐԻՆ Կապի ոլորտում ՀՀ կառավարության գործունեությունն ուսումնասիրող հանձնաժողովի երեկվա միջանկյալ հաղորդումը որեւէ նորություն չէր պարունակում։ Փոխարենն այս հաղորդումն առիթ դարձավ, որ աշխույժ խոսք ու զրույց ծավալվի «ԱրմենՏելի» թեմաներով։ Այսպես, Խորեն Սարգսյանն իր ելույթում, դիմելով պատգամավորներին, ասաց. «Երեւի ձեզանից շատերը գյուղացի են։ Գնացել են իրենց սարերը, յայլաները։ Այնտեղ ժամանակին հեռախոս կար, որ մի բան լինի՝ ասեն։ Լավ, բա էս ԱԺ-ն մի անասնագոմի չափ չկա՞, որ բռնում՝ հեռախոսն անջատում են»։ Ետ չմնաց նաեւ նրա կուսակցական ընկերը՝ Գագիկ Թադեւոսյանը. «Երկրի հեղինակությունն էն չէ, որ ասեն՝ մտել ես մի աֆրիկյան պետություն՝ ինչ ուզես կանես։ Ներողություն աֆրիկյան պետություններից»։ Միակ խմբակցությունը, որն այս հաղորդման վերաբերյալ դիրքորոշում հայտնեց, «Օրինաց երկիրն» էր, որի ներկայացուցիչ Սերգո Երիցյանը կոչ արեց. «Մի անգամ եկեք Արշակի հացը կտրենք»։ Նման «չարակամության» առիթն այս էր. «Թե չէ էլի Արշակը գալու է, ասի՝ մի քանի միլիոն թալանել են»։ Այս տրամադրությունը փոխանցվեց նաեւ հաջորդ քննարկումներին։ Ասենք, տարբեր երկրների հետ օդային հաղորդակցության վերաբերյալ 9 համաձայնագրերն էին իրար հետեւից ներկայացնում։ Ոչ ոք հարց չէր տալիս, ելույթ չէր ունենում՝ մեկ էլ հանկարծ Նորիկ Պետրոսյանն ազդարարեց իր կասկածը. «Այսքան ավելացնելով չվերթները՝ չե՞նք ավելացնում արտագաղթը»։ Զեկուցողն Աշոտ Գալոյանն էր, որի պատասխանը վայել էր Ուրախների եւ հնարամիտների ակումբին. «Ինչպես ասել է դասականը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ չբանս հանճարոյ»։ Ինչքան շատ երկրներ գնաս՝ այնքան շատ բան կիմանաս»։ Ինչպես միշտ՝ ուրախ եւ հնարամիտ էր նաեւ ԱԺ նախագահը։ Նա մեկ Խորեն Սարգսյանին նկատողություն արեց. «Ինչի՞ եք ուրիշների կոճակը սեղմում։ Չի կարելի, չէ՞, լավ բան չէ», եւ երբ կոմունիստն արդարացավ, թե ոչ մեկի փոխարեն չի քվեարկել, ասաց. «Այ տենց, մի քիչ արդարացեք, որ սիրտս հովանա»։ Հետո էլ, երբ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը հարցեր ուղղեց գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանին, Արմեն Խաչատրյանը վերջինիս ասաց. «Ես կարծում եմ, Ձեզ հաճելիորեն զարմացրին պրն Հովհաննիսյանի գյուղատնտեսական գիտելիքները»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել