Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանում

Սեպտեմբեր 13,2001 00:00

Երկկողմանի մեղադրանքներ. իսկ ճշմարտությունը մեկն է Պատասխանում է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը -Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը մի քանի մեղադրանք է ներկայացրել նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք նրա այն խոսքերը, թե հոկտեմբերի 27-ի գիշերը Ռոբերտ Քոչարյանը ռուսներից խնդրել է օգնություն, սակայն ինքը կապվել է ՌԴ իշխանությունների հետ եւ խնդրել, որ «Ալֆա» ջոկատը ենթարկվի ոչ թե ՀՀ նախագահին, այլ պաշտպանության նախարարին, եւ դրա շնորհիվ կարողացել է կանխել 5 հանցագործների վերացման ծրագիրը։ – Բարեբախտաբար, պատմության շարադրման համար կան ավելի վստահելի աղբյուրներ, քան Վաղարշակ Հարությունյանը։ Կարծում եմ՝ լրագրողների համար դժվար չի լինի մտաբերել այն մարդկանց, ովքեր հոկտեմբերի 27-ի գիշերը մշտապես եղել են Ազգային ժողովում, եղել են երկրի նախագահի կողքին եւ նրանցից ճշտել հարցազրույցի հերոսի խոսքերի իսկությունը։ Խորհուրդ կտայի խոսել նրանց հետ։ Վստահ եմ, այդ մարդիկ կվկայեն, թե օգնության նախաձեռնությունն ումն է եղել, սակայն, կարծում էի, թե արդեն պետք է սպառված լինի այն թեման, թե ո՛վ իր գործողություններով չի թողել, որ լրացուցիչ զոհեր լինեն ԱԺ-ում, ո՛վ է ամեն ինչ արել, որ ահաբեկիչները կենդանի հանձնվեն, եւ ո՛վ է ղեկավարել ու համակարգել պատանդներին ողջ եւ անվնաս ազատելու գործողությունը։ Վաղարշակ Հարությունյանի ինքնահերոսապատումից եւ տված որակումներից ակնհայտ է, որ նա խնդիրներ ունի կա՛մ հիշողության, կա՛մ բարոյականության հետ։ – Նա մեղադրում է նաեւ, որ նախաքննությունը ճիշտ հունով էր ընթանում, սակայն իշխանությունները խանգարեցին, որ ամեն ինչ բացահայտվի։ – Եթե պարոն Հարությունյանը լարի հիշողությունը, կհիշի, թե ովքեր էին նախաքննությամբ ամեն օր զբաղվող իշխանությունները։ – Պաշտպանության նախկին նախարարը պնդում է նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը համոզում էին ընդունել Մեղրիի տարբերակը, սակայն իրենք կանխեցին դա։ – Ցանկացած սթափ մարդու համար անհեթեթ է պատկերացնել, թե երկրի նախագահը պետք է ջանքեր գործադրի համոզելու նախարարին, երբ նրան հանգիստ կարող է պաշտոնանկ անել։ Ես չգիտեմ, թե գիտական ինչ անվանում ունի սեփական անձի կարեւորության հիվանդագին կերպով չափազանցված ընկալումը, սակայն այդ հարցազրույցի նաեւ այլ դրվագներից դատելով պետք է ասեմ, որ կարծում եմ, որ եթե այդ մարդը բարեկամներ ունի, նրան օգնած կլինեին, եթե հիշեցնեին, թե իրականում ինչ կշիռ ուներ պարոն Հարությունյանը մեր երկրի քաղաքական կյանքում։ Հարցերը՝ Մ. ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել