Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը վերահսկողության ծառայության ղեկավարի, իր ընկերոջ՝ Գագիկ Պողոսյանի սպանո

Սեպտեմբեր 13,2001 00:00

ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԱՖԻԱՅԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը վերահսկողության ծառայության ղեկավարի, իր ընկերոջ՝ Գագիկ Պողոսյանի սպանությունն անմիջականորեն կապված համարեց վերջինիս ներկա ծառայողական գործունեության հետ։ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը որեւէ մեկնաբանություն չարեց, բավարարվելով այն հայտարարությամբ, որ փաստի կապակցությամբ հարուցված է քրեական գործ (քր. օրենսգրքի 39 հոդվածով՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն), ստեղծված է օպերատիվ քննչական խումբ՝ դատախազության, ՆԳ եւ ԱԱ նախարարությունների մասնակցությամբ։ ՆԳ նախարարը հուսադրող ոչինչ չասաց, քանի որ, իր ասելով՝ կոնկրետ արդյունքներ չունեն։ Կիսաբերան էլ նշեց, թե հուսով է, որ կբացահայտվի։ Արշակ Սադոյանի գնահատականը միանշանակ էր. «Նա այնպիսի պաշտոն էր զբաղեցնում եւ այնպիսի ինֆորմացիա ուներ, որ կատարվածը առնվազն ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական սպանություն էր»։ ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանի կարծիքով, այն ժամանակաշրջանը, որում մենք ձեզ հետ ապրում ենք, հարմար չէ այդպիսի գործերի բացահայտման համար։ Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը միակն էր հարցվողներից, որը չէր մտածում, թե Գագիկ Պողոսյանի սպանությունը կարող էր կապված լինել վերջինիս ծառայողական գործունեության հետ։ Պրն Աբրահամյանն ընդհանրապես ուզում էր ձեռնպահ մնալ կարծիք հայտնելուց, բայցեւայնպես, ասաց. «Ընդհանրապես իրավապահ մարմինների խնդիրն է։ Չէի ուզի ինչ-որ կարծիք հայտնել, բայց ես քանի գիտեմ, պրն Պողոսյանը բարեհամբույր մարդ է եղել, վտանգավոր չի եղել յուրաքանչյուր պոստում, ուր ինքը աշխատել է։ Ես չեմ կարող կողմնորոշվել, թե ինչ դեր տանք։ Չեմ կարծում, որ կապված է աշխատանքի հետ»։ ԱԺ պատգամավոր Գագիկ Կոստանդյանը բոլորովին հակառակ կարծիքին է։ Նա վստահ է, որ. «Գագիկ Պողոսյանը բավականին լավ եւ լուրջ ինֆորմացիայի էր տիրապետում եւ իրավապահ մարմինները պետք է լուրջ ուշադրություն դարձնեն այս ուղղությամբ»։ Պրն Կոստանդյանը սպանությունը համարեց քաղաքական. «այսինքն՝ մարդիկ իրենց կեղտերը ծածկելու համար մարդուն վերացրին»։ Պատգամավոր Համլետ Հարությունյանը եւս սպանությունը կապեց աշխատանքային գործունեության հետ. «Գտնում եմ, որ դա կապված էր միայն պետական գործունեության հետ, որովհետեւ, ինչքան գիտեմ, Գագիկը (մենք ընկերներ էինք) անձնական կյանքում թշնամիներ չուներ։ Կուզեի, որ սա չդառնա շղթայական ռեակցիայի նման մի բան, երբ մարդկանց քաղաքական գործունեությունը արժենում է նրանց կյանքը։ Չեմ կասկածում, որ նա տիրապետում էր որոշակի ինֆորմացիայի, որը ձեռնտու չէր շատերին»։ Պատգամավոր, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը գտնում է, որ բարձրաստիճան մարդկանց եւ պաշտոնյաների սպանությունների շղթան Հայաստանում չի ընդհատվել. «եւ դա ինչ-որ չափով (ցավալի է այդ բառն օգտագործել, բայց օրինաչափ է), անվերահսկելի իշխանություն, ստվերային հարաբերություններ, այդ բոլորը բերում է նրան, որ այդ ամբողջ իրավիճակի զոհ կարող է դառնալ նաեւ պաշտոնատար անձը։ Այսինքն՝ այս համակարգն անպաշտպան է դարձնում ոչ միայն սովորական մահկանացուին, սովորական քաղաքացուն, այլ նաեւ՝ ցանկացած պաշտոնյայի»։ Պրն Քոչարյանը եւս վստահ է, որ բացահայտում չի լինի։ Սա եւս բխում է համակարգի ներկա իրողությունից. «Պետք է երկրի հիմքը փոխել, դրա համար պետք է նոր Սահմանադրություն»։ Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը չուզեց պատասխանել մեր հարցին, թե արդյո՞ք Գագիկ Պողոսյանի սպանությունը կարող էր կապված լինել այն բացահայտումների հետ, որոնք, հնարավոր է, նա կատարել էր ի պաշտոնե։ Պրն Վարդանյանը չուզեց մեկնաբանել նաեւ այն տեսակետը, թե նման քայլով մաֆիան հարվածեց պետությանը. «Քանի դեռ չենք պարզել ինչ է, ինչ չի, ո՞նց կարող եմ կարծիք հայտնել։ Իհարկե, հիմա շատ գեղեցիկ կլինի, որ ես բարձրագոչ խոսքեր ասեմ, եւ կարող է շատ անսպասելի լուծում պարզվի։ Ի՞նչ գիտեք։ Հավանական բաներ կան, բայց մեկ էլ կյանքը ցույց է տալիս, որ էդ հավանականը չի, ուրիշ բան է։ Համենայն դեպս, ես ինձ թույլ չեմ տա այդ թեմայով իմ երեւակայությունն աշխատեցնել»։ Պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Էջմիածնի ընտրատարածք) չխուսափեց կարծիք հայտնել։ Նա կարծում է, որ «շատ վատ բան է տեղի ունեցել, չեմ կարող ասել՝ պատճառներն անձնական են, թե պետական, բայց եթե կատարվել է նման ոճրագործություն, դա համարում եմ շատ սխալ»։ Արդյո՞ք մաֆիայի մատը խառն է, եւ այն ավելի ուժեղ է, քան պետությունը։ Իսկ գուցե այդ երկուսն այնքան են սերտաճել, որ դժվա՞ր է տարբերակել, թե ով ով է։ «Առավոտի» այս հարցերին արդեն Հակոբյանի պատասխանը խիստ պրոֆեսիոնալ էր եւ միանշանակ. «Ոչ մի դեպքում համաձայն չեմ, որ մաֆիան ավելի ուժեղ է, քան պետությունը։ Բոլոր երկրներում էլ պետությունը միշտ ուժեղ է լինում»։ Հակոբ Հակոբյանը խիստ լավատես է եւ կարծում է, որ սպանությունը կբացահայտվի։ Վերջում էլ մխիթարեց, որ բոլոր երկրներում էլ մաֆիա կա, իսկ Ամերիկայի պես հզոր երկրում տեսա՞ք, թե ինչ կատարվեց։ Հետեւությունը գիտե՞ք որն է. «Ամենախաղաղ վայրերից մեկը ՀՀ-ն է, երբ մաֆիան չի գործում։ Մնացած երկրներում մաֆիան ավելի ուժեղ է գործում, իսկ մնացած բոլոր կայացած երկրներում ավելի ուժեղ է գործում մաֆիան, քան թե Հայաստանում»։ Այնուամենայնիվ, գործո՞ւմ է… ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել