Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության

Սեպտեմբեր 13,2001 00:00

ՊՍՏԻԿ ՖՅՈՒՐԵՐԻԿՆԵՐ Կառավարության գրեթե յուրաքանչյուր անդամ իր կարեցածի չափ «սպանում» է ժողովրդավարությունը՝ մշակույթի նախարարի հրամանով քաղաքական կազմակերպություններին դահլիճ չեն տրամադրում, էներգետիկայի նախարարի գիտությամբ հոսանքն են անջատում ընդդիմադիրների հավաքների ժամանակ, ՆԳ նախարարն արդարացնում է բռնությունները։ Երեկ կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձ եղավ այս խնդիրներին։ Պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանը հետաքրքրվեց. «Օրենսդրության ո՞ր պահանջի համաձայն է մշակույթի նախարարը ստորագրել հրաման, որով արգելում է մշակութային օջախների դահլիճների տրամադրումը հասարակական-քաղաքական կազմակերպություններին»։ Ռոլանդ Շառոյանն ի պատասխան մասնավորապես ասաց. «Ես օգտվել եմ իմ իրավասություններից եւ պաշտպանել եմ այդ օջախների էությանը։ Դրանք պիտի ծառայեն միմիայն մշակույթի զարգացմանը»։ Այսինքն, կուսակցություններին դահլիճ տրամադրելը խաթարո՞ւմ է մշակութային օջախների էությունը կամ խոչընդոտո՞ւմ է մշակույթի զարգացմանը։ Սակայն պրն Ուլիխանյանը Շառոյանի պատասխանին իր արձագանքում այլ շեշտադրումներ կատարեց եւ նշեց, որ այդ հրամանը ոչ միայն իրավական հիմք չունի, այլ հակասում է Սահմանադրության 5, 6 եւ 26 հոդվածներին։ Մշակույթի նախարարը համաձայն չէր այս մեկնաբանությանը եւ առաջարկեց կուսակցական ժողովները ոչ մշակութային դահլիճներում անցկացնել։ Իսկ թե ինչ մեթոդներ են կիրառվում այդ պարագայում, վկայում է Արշակ Սադոյանի եւ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանի երկխոսությունը, որն առավել բուռն անցավ։ Պատգամավորը եւս մեկ անգամ կրկնեց իր պահանջը՝ ՆԳՆ-ն պետք է ծառայողական քննություն անցկացնի պարզելու՝ «անմեղ մարդու տունը գիշերով ներխուժելու, ծեծելու, տան կահույքը, դուռը ջարդելու» եւ հայտնի այլ իրողությունների, նաեւ՝ հանրահավաքը խափանելու սադրանքի պատասխանատուներին։ Հայկ Հարությունյանն իր պատասխանը մարտահրավերային շեշտադրումներով սկսեց. «Ստեղ են ասել, որ սելը ճռռալու փոխարեն՝ սելվորն է ճռռում։ Նախ ասեմ՝ որ պրն Սադոյա՛ն, ամբողջ սադրանքը ձեր կողմից էր կազմակերպված»։ Հետագա ամբողջ խոսքը լեցուն էր պատգամավորի հասցեին վիրավորանքներով, սակայն ԱԺ ղեկավարությունը ծպտուն անգամ չհանեց եւ փորձ չարեց ո՛չ իր ներկայացուցչի պատիվը պաշտպանել, ո՛չ էլ գոնե կոչ անել, որ պատգամավորն ու նախարարը փոխադարձաբար հարգալից լինեն միմյանց հանդեպ։ «Դուք կարող էիք «Հրազդան» մարզադաշտն օգտագործել կամ «Հանրապետական» մարզադաշտը, որտեղ ավելի շատ մարդ կարող էիք հավաքել, քան թե Թատերական հրապարակում,- ծաղրում էր Հայկ Հարությունյանը։- Կարող եմ ասել, այո՛, զոռբայությամբ Ձեր, որն առաջին անգամ չէ, նախկինում էլ եք Դուք նման քայլերի գնացել, եւ անտեսելով ամբողջ կարգը, ինչ-որ կա սահմանված՝ կազմակերպել էիք ցույցը»։ Մեղմ ասած, տարօրինակ են մեր իշխանավորները՝ արհեստական հանդիսությունների մարաթոն են կազմակերպում հրապարակը հանրահավաքավորներին չտրամադրելու համար եւ դա հռչակում որպես կարգ, որը խախտելն անթույլատրելի է։ «Ցույցի ընթացքում հրահրում էիք այնտեղ գտնվող ժողովրդին, որի մի մասին երեւի թե դժվար է կոչել ժողովուրդ, քանի որ նրանց հետ շփվել ենք, եւ կան նրանցից հաշվառումների կանգնած մեզ մոտ»,- շարունակում էր Հայկ Հարությունյանը, ու թեեւ նրա ժամանակը վաղուց սպառվել էր, ԱԺ ղեկավարներից եւ ոչ մեկը ռիսկ չարեց ընդհատել նրան։ Այդ Սադոյանի պատասխան խոսքի ընթացքում էր, որ մի երեք անգամ նախազգուշական զանգ տվեցին, հետո էլ անջատեցին բարձրախոսը։ Գուցե վատ էլ չէր, որ ՆԳ նախարարին հնարավորություն տվեցին արտահայտվելու, այլապես չէինք տեղեկանա, թե իրականում այդ հանրահավաքից հետո 12 հոգի են վարչական պատասխանատվության ենթարկվել եւ դեռ դատախազությունն էլ քրեական գործ է հարուցել։ Նաեւ չէինք իմանա, թե մեր քաջարի ոստիկաններն ինչպես են վախենալով Պետրոս Մակեյանի շնից՝ օգնական ուժեր պահանջել։ «Ընդամենը մի փոքր խումբ ոստիկաններ էին այցելել նրան,- պատմում էր Հայկ Հարությունյանը,- նրան հրավիրել են բացատրություններ տալու եւ պարզաբանումների, որի ընթացքում նա իր շունը բաց է թողել ոստիկանների վրա։ Բացի դա՝ հարեւաններին հրահրել է ոստիկանների հետ ընդհարում ստեղծելու, որից հետո ռադիոկապով կապվել են եւ մոտակա շրջանում ծառայություն կատարող ոստիկանության մեքենաները, այո, օգնելու համար, մոտեցել են։ Իսկ ինչ վերաբերում է, որ դուռ են կոտրել եւ այլն՝ դա ամբողջությամբ զրպարտանք է»։ Սադոյանը հիշեցրեց Մակեյանի տանը կատարված լուսանկարները, ասաց, որ ինքն անձամբ է զրուցել նրա հարազատների հետ, տեսել ծեծված մարդկանց ու կոտրված դռները, բայց նախարարն անհողդողդ էր. «Ես չգիտեմ՝ դուք ինչ դուռ եք տեսել կամ օգնե՞լ եք այդ դռնակը տեղահան անելուն, պառկացնելուն, նկարահանելուն։ Դա քննությունը թող պարզի»։ … Այս ամբողջի մեջ մի հուսադրող բան կար, որ ԱԺ-ն երեկ չընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու» նոր կարգը։ Ինչպես ավելի վաղ բնորոշել էր Շավարշ Քոչարյանը՝ ինչքան էլ աշխատեցին այդ կարգի վրա՝ չփոխվեց դրա էությունը եւ մնաց ոստիկանական պետությանը բնորոշ օրենք։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել