ՋԱԶԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ Նորությունները վերաբերում են միայն Հայաստանի պետական ջազային նվագախմբին։ Սեպտեմբերի 21-ին կայանալիք Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված 50 րոպեանոց համերգի 20 րոպեն ներկայացնելու է ջազբենդը։ Այս տարի ջազ-նվագախումբը հյուրախաղերի կմեկնի ԱՄՆ։ Ըստ նվագախմբի պրոդյուսեր Արթուր Ասատրյանի, համերգը նախորդ տարվա պես տեղի կունենա Լոս Անջելեսի «Alex Theater»-ում, նաեւ Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում։ Մեկնողների կազմում են նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, երաժշտական ղեկավար Արմեն Հյուսնունցը, նվագախմբի երաժիշտները։ Համերգին կմասնակցեն նաեւ մենակատարներ Շուշան Պետրոսյանը, Գոհար Գեւորգյանը, Միքայել Պողոսյանը, Ալլա Լեւոնյանը, Հայկոն, Էմմա Ասատրյանը, որը համերգի ամենակրտսեր մասնակիցն է լինելու։ 13-ամյա Էմման վերջերս «հսՈՉ255վրՍՌռ ոՈջՈՐփՌՍ» մանկական միջազգային մրցույթ- փառատոնում գրավել է առաջին տեղը։ Հայաստանի պետական ջազային նվագախումբը շուտով կունենա իր առաջին ձայնասկավառակը, որտեղ տեղ կգտնեն միայն հայկական ստեղծագործություններ։ CD-ն պատրաստ կլինի համերգից առաջ։ Հայաստանում ձայնասկավառակը հնարավոր կլինի ունկնդրել տարեվերջին։ Հետաքրքիր էր իմանալ, թե ինչպիսի ճակատագրի արժանացավ 2 տարի առաջ մեծ աղմուկ առաջացրած Արմեն Մարտիրոսյանի մյուզիքլը։ Պարզվեց, որ մյուզիքլի երաժշտական մասը վաղուց արդեն պատրաստ է։ Անհրաժեշտ է ձեւավորման, թատերական մասի մասին հոգալ, որոնց ապահովման համար, բնականաբար, մեծ ծախսեր են պահանջվում։ Հայաստանում ջազ երաժշտությունը բավականին լավ վիճակում է։ Այդ են վկայում նախորդ տարիներին կայացած միջազգային մակարդակի ջազային միջոցառումները։ Հայաստանում շատերն են սիրում ջազային երաժշտություն՝ անգամ ՀՀ նախագահը։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի պետական ջազային նվագախմբի մտահղացումները իրականություն կդառնան։ ԱՆԱՀԻՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ